Մինչ հայ հասարակությունը քննարկման «հույժ կարևոր» և բովանդակալից թեմա է գտել, և յուրաքանչյուրն իր տեսանկյունից է մեկնաբանում մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած` դեռևս առեղծվածային սպանությունների դեպքը, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ վարույթն իրականացնող մարմնի` Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ հետախուզական-օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկում մեղադրվողներին հայտնաբերելու ուղղությամբ: Հետախուզվողներն էլ, պարզվեց, 28-ամյա Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 30-ամյա Սարգիս Հախանումյանն (մականունը՝ Տլե) ու 30-ամյա Վահան Հակոբյանն (մականունը՝ Գաստիկ) են:
Այս վճռական և երկար սպասված հայտարարությունից անմիջապես հետո հօդս ցնդեցին վարկածները, թե հայտնի քրեական հեղինակության և նրա ընկերների սպանությունն «օրենքով գող» Օշականցի Գևորիկի` Գևորգ Մելիքյանի վրեժն է, կամ թե սպանողները ցանկություն ունեին ինչ-որ բան հասկացնել Երրորդմասցի Լյովիկի ազգականին` «օրենքով գող» Պզոյին` Արմեն Ղազարյանին: Այլևս չի քննարկվում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) շրջապատի մարդկանց մասնակցությունը: Մասնավորապես, օրեր առաջ միակ կասկածյալը նրա մտերիմ, անվտանգության աշխատակից Մարտուն Կարապետյանն էր՝ «Կյաժ Մարտուն» մականունով:
Պատմության նախաբանը
Նախքան ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության տարածումը, մի շարք լրատվամիջոցներ արդեն իսկ, իրենց հավաստի աղբյուրներին հղում կատարելով, հայտնել են, որ Լևոն Ղազարյանի, Մեսրոպ Նազարյանցի և Դերենիկ Թադևոսյանի սպանության մեջ կասկածվող, դեպքի օրը դիմակավորված անձինք Գաստիկը, Ծգլը և Տլեն են: Բայց քանի որ ԱԱԾ-ն կտրականապես հրաժարվում էր տեղեկություն տրամադրել` մշտապես պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիությունից ելնելով` որևէ բան հաստատել կամ հերքել չի կարող, հետևաբար, այս փաստն էլ մնաց օդում կախված: Եվ չի բացառվում, որ այն ընթացքում, քանի դեռ հանրությունը չէր տեսել սույն անձանց լուսանկարները, նրանք շրջել են մեր մեջ, քայլել մեզ հետ հավասար, կամ, որ ավելի վատ է, հասցրել են դուրս գալ երկրի սահմաններից:
Ինչևէ, տարածված լուրերը, թե Գաստիկը վրեժ է լուծել Երրորդմասցի Լյովիկից որոշ ժամանակ առաջ իրեն շան բունը գցելու և դաժան ծեծի ենթարկելու համար, այնքան էլ մոտ չեն իրականությանը: Այսպես, Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Երրորդ մաս կոչվող թաղամասի «բազարցի» Վահան Հակոբյանը, նույն ինքը` Գաստիկը, երբևէ չի ընդունել, որ Շենգավիթում հեղինակությունը կամ ինչ-որ բան փոխողն ու որոշողը Երրորդմասցի Լյովիկն է: Այս երկուսի միջև մշտապես «աթոռակռիվ» է եղել, սակայն հաղթանակն ավելի շատ եղել է Լյովիկի կողմը:
Եվ այսպես, մի օր Գաստիկը որոշում է զայրացնել Լյովիկին: Առևանգում է նրա մերձավորներից մեկին, դաժան ծեծի ենթարկում, գցում շան բունն ու ասում. «Է՞ս չեն ընկերներդ: Չեն էլ գալիս հետևիցդ»: Ապա Գաստիկը դաժան ծեծի ենթարկված երիտասարդին ուղարկում է հակառակորդ կողմի մոտ: Չանցած մի քանի օր` Գաստիկը ստանում է իրեն արժանի հակահարվածը իր իսկ տան բակում: Լյովիկի «տղաները» ավտոմեքենայով գալիս են Գաստիկի մոտ, անողոք ու դաժան ծեծի ենթարկում նրան, մեքենայով անցնում նրա վրայով: Ի դեպ, լուրեր են տարածվել, թե այս ամենը տեղի է ունեցել Գաստիկի կնոջ և երեխայի աչքի առջև:
Ու տղայական «ռազբորկան» իր հանգուցալուծումը գտավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առջև:
Ովքեր են Գաստիկը, Ծգլը և Տլեն
Քրեական խողովակներից տեղեկություն ստացանք, որ Տլեն և Ծգլը, որպես այդպիսին, որևէ բանով հայտնի չեն: Նրանք, կարելի է ասել, Գաստիկի «սպասավորներն» են, մշտապես կատարում են նրա հրահանգներն ու ցուցումները: Ասում են, թե նրանք անգամ զենք գտնել չէին կարող իրենց սև գործն անելու համար: Թեպետ Տլեն տարիներ առաջ սպանված, քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող «երրորդմասի բազարի Կյաժի» եղբորորդու` Գագուլի համախոհն է եղել: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Տլեն և Գագուլը նախկինում գողություն կատարելու մեջ են մեղադրվել: Սակայն այս պահին անազատության մեջ պատիժ է կրում միայն Գագուլը. Տլեն ազատ է արձակվել:
Փաստորեն, կարող ենք ենթադրել, որ այս կատարվածի հեղինակը Գաստիկն է, Տլեն և Ծգլը զուտ կամակատարներ են, ովքեր ընկերոջ պատվի համար պատրաստ եղան մարտի դաշտ դուրս գալու: Ստացվում է` անփորձ երիտասարդներն արդեն հետախուզման մեջ են` սպանության և ապօրինի զենք պահելու մեղադրանքով:
Այստեղ հարց է առաջանում` նրանք իմացե՞լ են արդյոք, որ իրենց թիրախը ևս մինչև ատամները զինված է եղել: Այս և մյուս բոլոր հարցերի պատասխանները կստանանք քննության ավարտից հետո: