ԼՂՀ ոստիկանապետը հրամաններ է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ընթացիկ տարվա մարտի 12-ին հրամաններ է ստորագրել կադրային փոփոխություններ կատարելու մասին: ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանության պետի հրամանով` ոստիկանության փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով` ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին: Ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը ազատվել է ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնին: Ճանապարհային ոստիկանության անձնակազմին անձամբ ներկայացնելով նորանշանակ վարչության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանին` ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանին անձնվեր և բարեխիղճ ծառայության համար ու հույս հայտնել, որ ճանապարհային ոստիկանության անձնակազմը այսուհետ էլ ավելի եռանդով և սկբունքայնորեն կիրականացնի իր առջև դրված խնդիրները:

Եվս մեկ անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողներին խստագույնս պատվիրելով անզիջում և անկողմնակալ գտնվել անսթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի, ինչպես նաև սահմանված արագության գերազանցմամբ տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ` ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պահանջել է պահպանել օրենքի տառը ու անկեղծ հոգատարություն ցուցաբերել մեր համերկրացիների, իսկ առավել ևս` տարեցների, զինծառայողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ:

«Հոգատար և սրտացավ եղեք քաղաքացու հանդեպ. նորից եմ հիշեցնում և սթափության կոչ հղում Ձեզ: Պատկերացրեք Ձեզ Ձեր դիմաց կանգնած վարորդի փոխարեն: Դուք կոչված եք ապահովելու երթևեկության անվտանգությունը, ասել է թե հասարակության կյանքն ու առողջությունը: Այս խնդրում նույնիսկ աննշան շեղումն ու թերացումը ճակատագրական է մի ամբողջ ընտանիքի համար, այդ ողբերգության մեջ Դուք ևս ունեք Ձեր մեղքի բաժինը ու եթե կարողանաք ամբողջությամբ ընկալել և գիտակցել այդ ցավը, ապա համոզված եմ, որ կվերանայեք նաև Ձեր մոտեցումները իրավախախտ վարորդի հանդեպ»,-եզրափակել է ԼՂՀ ոստիկանության պետը:

ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության նորանշանակ պետի տեղակալին վարչության անձնակազմին ներկայացրել է ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը: Շնորհավորելով ոստիկանության փոխգնդապետներ Լևոն Գաբրիելյանին և Արա Պողոսյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու առթիվ` ոստիկանության պետի տեղակալը հույս է հայտնել, որ նրանք կարդարացնեն իրենց հանդեպ ոստիկանության ղեկավարության տածած վստահությունը և նոր եռանդով ու ուժերի գերլարումով կլծվեն հանուն իրավակարգի ծառայության:




Լրահոս