«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ մարտի 13-ին Աստանայում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հանդիպումը: Աստանայում հավաքվելու են Եվրասիական տնտեսական միության չորս երկրներից երեքի ղեկավարները, իսկ Հայաստանը, որը նույնպես այդ կառույցի անդամ է, նշված հանդիպմանը ներկայացված չի լինելու: «Սպասվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն երեք երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը խորացնելու եւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է Ղազախստանի նախագահի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Երեկ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավաշ Քոչարյանն արձագանքել է այդ հանդիպմանը Հայաստանի նախագահի բացակայության հարցին:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի ղեկավարների սպասվող հանդիպումը կապ չունի Հայաստանի հետ: Ըստ փոխնախարարի՝ դա է պատճառը, որ հայկական պատվիրակության մասնակցությունն այդ հանդիպմանը նախատեսված չէ. «Եթե մեզ հրավիրեն, մենք կքննարկենք մասնակցության հնարավորությունը»,- ասել է Քոչարյանը: Չնայած ԱԳ փոխնախարարի անհասկանալի հայտարարությանը, երեկ «Ժողովորդ»-ը փերձել է պարզել՝ արդյո՞ք նման արհամարհական վերաբերմունքը չի նշանակում, որ ԵՏՄ անդամներն անտեսում են ՀՀ-ի տեսակետը:
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Պարո՛ն Սաֆարյան, մարտի 13-ին Աստանայում տեղի է ունենալու ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որին Սերժ Սարգսյանը չի հրավիրվել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է արհամարհվել Հայաստանն ու չի հրավիրվել հանդիպմանը:
-Ես նայել եմ Կրեմլի պաշտոնական կայքէջում հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ երեք նախագահների հանդիպում է լինելու, քննարկվելու են երեք երկրների միջեւ առեւտրի հարցերը, ինչպես նաեւ՝ գլոբալ միտումների ազդեցությունը իրենց տնտեսությունների վրա: Նկատի ունենանք, որ մարտից մինչեւ հունիս վերաթարմացվելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ու կարդալով հաղորդագրությունը, տեսնելով Նազարբաեւի մտադրությունը՝ կարծես թե ցանկություն կա քննարկելու, թե ինչպես է դա ազդելու իրենց տնտեսությունների վրա: Ի վերջո, ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները զգալիորեն ազդում են նաեւ նրա մյուս երկու գործընկերների վրա, որոնք մեծ առեւտրաշրջանառություն ունեն ՌԴ-ի հետ: Ես, իհարկե, համաձայն եմ, որ եթե խոսվելու է ԵՏՄ-ի նախագծի մասին՝ ԵՏՄ շրջանակներում իրենց առեւտրային համագործակցության մասին, իհարկե, ՀՀ-ին անտեսելու իրավունքը չունեին: Բայց կարծես թե իրենք ավելի շատ ուզում են քննարկել ՌԴ-ի պատժամիջոցների հարցը ու հասկանալ, թե դա ինչպես է իրենց վրա ազդելու, այդ կտրվածքով Ղազախստանն ու Բելառուսը ուզում են դա լսել: Ուզում են ՌԴ-ից ստանալ հերթական արտոնությունները կամ առավելությունները:
-Այսինքն՝ եթե Հայաստանն էլ մասնակցեր այդ հանդիպմանը, ապա Բելառուսի եւ Ղազախստանի նման ՀՀ-ն էլ ինչ-որ բաներ կպահանջե՞ր ՌԴ-ից: Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը կկարողանար ինչ-որ պահանջներ ներկայացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
-Եթե Հայաստանը լուրջ պետություն լիներ, կհիշեին, որ Հայաստան էլ կար ԵՏՄ կազմում, բայց իրենք այնպես են կազմակերպել հանդիպումը, որ դա կարծես թե չի վերաբերում ԵՏՄ-ին: Ես չգիտեմ, գուցե ՌԴ-ն էլ մտածում է, որ… խնդիրը նա է, որ Բելառուսն ու Ղազախստանը միշտ չեն ուզել, որպեսզի ավելանա 3-րդ սուբյեկտը, իրենք միշտ խանդով են վերաբերվել դրան: Բայց, դե, ՌԴ-ն էլ գիտի, որ եթե Հայաստանն էլ ավելանա այդ քննարկումներին, հնարավոր է պահանջատեր երկրների ցուցակը մեծանա, դրա համար էլ Հայաստանին պահում են այդ կարգավիճակում: Սա միայն Նազարբաեւի սրտի ցանկությունը մի համարեք, սա նաեւ շահեկան է ՌԴ-ի համար, որովհետեւ ՀՀ-ի բացակայության դեպքում մի պահանջատեր երկիր պակաս կլինի:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-Պարո՛ն Պողոսյան, Հայաստանը լինելով ԵՏՄ կազմում՝ չի մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, թե ՀՀ-ին չվերաբերող հարցեր են քննարկվելու: Ի՞նչ եք կարծում՝ սա արհամարհանք չէ՞ ՀՀ-ի հանդեպ:
-Մի կողմից շատ ավելի ուրախ եմ, դա ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է ազատ, իր շահերով առաջնորդվելով` եվրոպական եւ այլ գործընկերների հետ զարգացնի իր տնտեսական համագործակցությունը: Ես ինքս դեմ եմ քվեարկել ԵՏՄ-ին անդամակցությանը ու չեմ հավատում ԵՏՄ-ի կայացմանը: Ուստի նման ինչ դեպքեր եղել են, դրանց պետք է միայն ուրախությամբ ու դրականով նայել: Ես չգիտեմ՝ դա ով ինչ է համարելու, բայց ես ասում եմ իմ պատկերացումները, քանի որ ես ինքս չեմ հավատում ԵՏՄ-ին: Ինչքան ՀՀ-ն ԵՏՄ ծրագրերից հեռանա ու կարողանա վերադառնալ Եվրոպական ինտեգրմանը, այնքան ես ուրախ կլինեմ:
ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՉԻ ՍԱԶՈՒՄ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ շարքերը «լքողներին», հայտարարեց, որ իր համար դա անընդունելի ու անհասկանալի է: Վարդան Բոստանջյանը նշեց, որ ինքը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնելու:
-Պարո՛ն Բոստանջյան, այս օրերին երբեմնի կարկառուն ԲՀԿ-ականները մեկը մյուսի հետեւից դիմումներ են գրում եւ լքում կուսակցության շարքերը: Դուք եւս կուսակցության անդամ եք, ի՞նչ եք որոշել՝ դուրս գալո՞ւ եք ԲՀԿ-ից:
-2012 թվականից ի վեր, երբ ես ԲՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվեցի, հանգամանքների բերումով ստացվեց, որ այս ընթացքում գրեթե առնչություն չեմ ունեցել կուսակցության հետ: Հանդիպումները եղել են վերջին միջոցառումների ժամանակ, այսինքն՝ մենք այս ընթացքում առանձնապես կապ էլ չենք ունեցել միմյանց հետ: Ու հիմա էլ ակնհայտ է, որ ավտոմատ այդ պրոցեսը շարունակվում է ու ավելի ցցուն ձեւով:
-Բայց անգամ այն մարդիկ, որոնք այս տարիներին որեւէ կապ չեն ունեցել կուսակցության հետ, ակտիվ գործունեությամբ չեն զբաղվել, այս օրերին դիմումներ են գրում ու հայտարարում, որ իրենք լքում են կուսակցությունը: Չե՞ք պատրաստվում Դուք էլ նման դիմում ներկայացնել կուսակցության նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:
-Ես չեմ հասկանում, էժանագին, չգիտեմ, գրել դուրս գալ, դա ինձ չի սազում, եթե նման թուղթ կա, թող, ասենք, դրա թիվն ավելանա, ի՞նչ է տալու դա, դրանից ոչ մի բան չի փոխվելու: Ես հիմա քաղաքական անձ էլ չեմ, ժամանակին եղել եմ պատգամավոր, բայց այժմ ես որեւէ առնչություն չունեմ քաղաքականության հետ: Բոլոր դեպքերում ինձ տարել են ու այդ կուսակցության մեջ մտցրել, թե չէ ես իմ էությամբ քաղաքական կերպար չեմ, որ ինձ խփեմ էս պատից էն պատը` մի տեղ հանգրվանելու համար: Ինձ թվում է՝ ես կայացած մարդ եմ, իմ փեշակը, իմ մասնագիտությունը ունեմ: Ես այդ կայացման խնդիրը չունեմ:
-Քանի որ այս օրերին ԲՀԿ-ականները լքում են կուսակցությունը, գուցե Դուք ակտիվանաք ու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հե՞տ Ձեր աշխատանքը շարունակեք:
-Ես որեւէ բան չունեմ ասելու, ես ողջունում եմ Նաիրա Զոհրաբյանին, որ այս ծանր իրավիճակում նման պատասխանատվություն է ստանձնել: Պարզապես ուզում եմ ասել՝ ես քաղաքական նկրտումների կամ վայրիվերումների դաշտում չեմ ցանկացել գտնվել:
-Իսկ ճիշտ ե՞ք համարում, որ այս իրավիճակում ԲՀԿ-ականները հեռանում են կուսակցությունից:
-Ես ընդհանրապես դա չեմ համարում ճիշտ, բայց դժվարությամբ ուզում եմ հասկանալ՝ գուցե ունեն իրենց շարժառի՞թը, դրդապատճառները, դրա համար ինձ իրավունք չեմ վերապահում որեւէ մեկին մեղադրել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԳՐՈՂԻ ԾՈՑԸ ՄԱՍՆԱԿՑԵՔ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության անդամ չորս երկրներից երեքի` Ռուսաստանի, Բելոռուսի եւ Ղազախստանի ղեկավարների` առանց Հայաստանի հանդիպում կազմակերպելու փաստը: «Ժողովուրդ»-ը երեկ անդրադարձել էր Աստանայում մարտի 13-ին կայանալիք այդ հանդիպմանը: Ըստ ԱԳՆ-ի պաշտոնյաների՝ Հայաստանն այդ հանդիպմանը չի մասնակցում, քանի որ ԵՏՄ անդամ երկրների հետ խնդիրներ չունի, իսկ մյուս երեքը իրար հետ խնդիրներ ունեն: Նկատենք, որ, օրինակ, Բելառուսը խնդիր ունի Ռուսաստանի հետ, քանի որ վերջինս թույլ չի տալիս, որ բելառուսական ապրանքները արտահանվեն ՌԴ: Նույն կերպ Ռուսաստանը հայկական ապրանքներն է արգելում արտահանել ՌԴ: Այս տարվա հունվարին Հայաստանից դեպի ՌԴ արտահանումը նվազել է հարյուր անգամ՝ 17 միլիոն դոլարից իջնելով 170 հազար դոլարի: Բայց, դե, հո մենք բելառուսների պես աղմուկ չե՞նք բարձրացնի, մենք պարզապես կասենք՝ թույլ չեք տալիս ձեր երկիր ապրանք արտահանենք, գրողի ծոցը թույլ տաք: Հայաստանի մի քանի ձեռնարկություններ են դրա արդյունքում սննկանալու, գրողի ծոցը, թե չեն սննկանա: Կարեւորը Հայաստանը ոչ մեկի հետ խնդիր չունենա, որ իշխանական աթոռներն անսասան մնան:
ԲՀԿ ԱՆԴԱՄ Է
Օրերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը եւս հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասի: Սակայն պարզվում է՝ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ-ում նման դիմում Մանուկյանից չեն ստացել ու մինչ այս նա պաշտոնապես նման հայտարարությամբ հանդես չի եկել: Ավելին՝ Մանուկյանն ընդամենը վերջերս է անդամագրվել ԲՀԿ-ին, իսկ մինչ այդ նա նշված կուսակցության խմբակցության անդամ էր միայն: Նա ԲՀԿ-ին է անդամագրվել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվելու ժամանակ:
ՃԱԳԱՐՆ ՈՒ ԳԱԶԱՐԸ
Դեռեւս փետրվարի 27-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ռուսաստանաբնակ հայ գործարար, արծվաբերդցի Սուրիկ Երիցյանը ցանկանում է Տավուշի մարզում ձեռնոցի արտադրություն հիմնել: Գործարարը այդ նպատակով Տավուշի մարզում մի տարածք էր միայն հավանել` Բերդի ռելեների նախկին գործարանը, որը պատկանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին (բայց այն գրանցված չէ նրա անունով): Ու քանի որ սեփականատերը տարածքը գնահատել էր 700 հազար դոլար, արդյունքում գործարարը հրաժարվել էր այն գնելու մտքից ու որոշել հող ձեռք բերել եւ գործարանը զրոյից կառուցել: Սամվել Մարդանյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը վերը բերված պատմության հետ որեւէ առնչություն չունի: «Իսկ նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածում, ճագար են, ճագարի գործը գազար ուտելն է»,- հայտարարեց դատավորը: