Տաքսու վարորդն ավել գումար է պահանջել ուղևորից, և չստանալով ուզածը` դանակահարել վերջինիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուղեւորի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել տաքսու վարորդին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2014 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա. Մուրադյանը Հին Երևանցի փողոցից նստել է Ա. Աբելյանի վարած տաքսի մեքենան և ուղևորվել Էրեբունի փողոց: Տեղ հասնելով՝ Ա. Մուրադյանը վճարել է 1.000 դրամ: Տաքսու վարորդն ուղեւորից 1500 դրամ պարտքով գումար է խնդրել։ Վերջինս մերժել է՝ ասելով, որ իրենք ծանոթ չեն, ինչից հետո Ա. Աբելյանը պահանջել է, որ փոխադրման համար Ա. Մուրադյանը վճարի 1500 դրամ:

Նշելով, որ նույն ճանապարհահատվածի համար միշտ 1.000 դրամ է վճարել, որից 200 դրամը եղել է թեյավճար՝ Ա. Մուրադյանը հրաժարվել է 1500 դրամ վճարել եւ փորձել է հեռանալ: Սակայն վարորդը թույլ չի տվել, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա. Աբելյանը մեքենայից վերցրած դանակով հարվածել է Ա. Մուրադյանին՝ որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, 12-րդ կողի, լյարդի, հետորովայնամզային տարածության վնասման ձևով պատճառելով մարմնական վնասվածք, եւ դիմել է փախուստի:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Աբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2015 թվականի մարտի 10-ին ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։




Լրահոս