Բելառուսական կողմը պատրաստ է իր մոտ ընդունել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը. գրում է belta.by-ը:
«Ես կցանկանայի հաստատել մեր պատրաստակամությունը` ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններն այն ժամանակահատվածում, որը նախատեսված է ԵԱՀԿ համապատասխան որոշմամբ: Եթե անհրաժեշտություն լինի, մենք նաև կարող էինք ապահովել սպառիչ խաղաղ համաձայնագրի մշակման շուրջ բանակցային գործընթացի անցկացման վերջնական վայրը»,- հայտարարել է Վլադիմիր Մակեյը:
Բացի այդ` արտգործնախարարը նաև նշել է, որ ուրախ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նրանց այցը Մինսկ անվանելով պատմական:
Բելառուսական կողմը լիակատար կերպով համաձայն է, որ բանակցությունների այս փուլում առաջնային խնդիր է շփման գծում լարվածության նվազեցումը՝ մարդկային զոհերից խուսափելու համար:
Բացի այդ` Մակեյը հայտարարել է, որ Բելառուսը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև շփման ինտենսիվացումը: