Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել օրերս 16-րդ թաղամասում տեղի ունեցած վիճաբանություն վերաբերյալ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 2-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի Գեւորգ Չաուշի նկարի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված 1 պարկուճ:
Ժամը 23.50-ին, 21-ամյա Մկրտիչ Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 16-րդ թաղամասի Գեւորգ Չաուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը ձեռքով հարվածել է իր դեմքին, ապա չպարզված տեսակի ատրճանակից օդ է կրակել, հետո զենքը պահել իր դեմքին, ապա դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողներին կարճ ժամանակում հաջողվել է պարզել, որ անհայտ անձը 31-ամյա Վահան Հ.-ն է:
Նշանակվել են փորձաքննություններ: Սեպտեմբերի 4-ին Վահան Հ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ խոստովանել, որ ինքն է հարվածել Մկրտիչ Բ.-ին եւ իր գազային ատրճանակով կրակոց արձակել: Նախաքննությունը շարունակվում է: