
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել էր Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Վիգեն Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց երեկվա հանդիպումից:
Վ. Խաչատրյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցելու առաջարկը ստացել է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանից, մեծ սիրով ընդունել է և գնացել հանդիպման:
«Հանդիպումը տևել է 40 րոպե, Սերժ Սարգսյանը հիմնավորեց, թե ինչու է ցանկանում, որ բարեփոխումները տեղի ունենան», – նշեց նա, հավելելով, թե նախագահի հիմնավորումներին «ոչ» ասել չի կարող:
«Նա առաջարկեց մասնակցել քննարկումներին` կողմ կլինեք, դեմ կլինեք, ձեր գործն է: Պարոն Արսենյանը ասեց, որ մենք միշտ էլ կողմ ենք եղել քննարկումներին», – հավելեց Վիգեն Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իր սեփական տեսակետն է նաև արտահայտել և հայտարարել, որ երկրում սահմանադրական բարեփոխումներ կարող են լինել միայն վստահության մթնոլորտի առկայության դեպքում: