Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:
Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: Համագործակցության հետագա զարգացման համար Հովիկ Աբրահամյանը կարեւորեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որը կարող է նոր հորիզոններ բացել փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-իրաքյան կապերի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ձեւավորել հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ, ինչն իր նպաստը կբերի երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:
Փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իրաքի նախագահի, խորհրդարանի ղեկավարի ու վարչապետի ողջույնները փոխանցեց Հովիկ Աբրահամյանին: Նրա խոսքով` հայ-իրաքյան կապերը պատմական ավանդույթներ ունեն, եւ երկկողմ հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ բարեկամությանը: Ըստ փոխվարչապետի` այս այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, փորձել լրացնել այն բացը, որ եղել է վերջին տարիներին: Ռաուշ Նուր Շաուեյսի խոսքով` փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան բոլոր ոլորնետում: Նա հատկապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի հետագա խորացումը: Փոխվարչապետը կարեւորելով դիվանագիտական հարաբերությունների հետագա աշխուժացումը տեղեկացրեց, որ նախատեսում են Երեւանում բացել Իրաքի դեսպանատուն: Նա ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ ունի իրաքահայ համայնքն իրեց երկրի կյանքի բոլոր բնագավառներում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում: Ռաուշ Նուր Շաուեյսը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթղթի վրա, որի ստորագրումը, նրա խոսքով, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն