Այսօր Երևանում կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստ, որին մասնակցել են մարզիչներ, մարզիկներ, մարզաձևի պատասխանատուներ: Նիստի աշխատանքները ղեկավարել է ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը
Քննարկվել են Հայաստանի ծանրորդների ելույթները Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում: Ելույթներով հանդես են եկել ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը : Վերջինը հանդես է եկել հրաժարականով: Տեղի է ունեցել նոր ընտրություն, որի ընթացքում միաձայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվեց ՀԱՕԿ –ի փոխնախագահ Արմեն Շահազիզյանը: Օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը բոլոր ծանրորդների անունից շնորհակալություն է հայտնել Սամվել Խաչատրյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական նորընտիր խորհուրդը առաջիկայում կքննարկի ու կներկայացնի 2012 – 2016 թթ . օլիմպիական փուլի աշխատանքային ծրագիրը: Նիստին ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: