Գագիկ Ծառուկյանի խոստացած 100 հազար դոլարը դեռ ուժի մե՞ջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին Երևանի Տոլստոյի փողոցից՝ «Ծղոտների» մոտից, անհայտ անձինք առևանգել էին «Կասեցում» շարժման ակտիվիստ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին: Նրա մտերիմներից մեկն ավելի վաղ հայտնել էր, թե ակտիվիստին առևանգողները եղել են երեք հոգի` դիմակավորված, ավտոմատներով, իսկ Արտակը եղել է ընկերոջ հետ, որին հրել-գցել են:

Դեպքից 5 օր անց ԲՀԿ` արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելեց Ոստիկանություն, հանդիպեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` հետաքրքրվելու իր կուսակից Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքի մասին: Ավելին, Գ. Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար խոստացավ այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտային և կօգնեին բացահայտել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:

Իմանալու համար` ուժի մեջ է արդյոք Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` հաշվի առնելով վերջին շրջանում տիրող ներքաղաքական խմորումները, Armlur.am-ը կապ հաստատեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս, մեր հարցին ի պատասխան, հայտնեց, որ Գ. Ծառուկյանի խոստումը շարունակում է մնալ ուժի մեջ՝ անկախ ամեն ինչից: «Այն անձը, որն իրավապահ մարմիններին արժեքավոր տեղեկատվություն կարող է տրամադրել Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու վերաբերյալ գործի բացահայտմանը նպաստելու համար, կարժանանա խոստացված 100 հազար դոլար պարգևատրմանը»,- հաստատեց Ի. Տոնոյանը:

Հիշեցնենք, որ այս գործով դեռևս քննություն է ընթանում. կասկածյալներ, ըստ տեղեկությունների, դեռևս չկան: Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Արտակ Խաչատրյանի ծեծը կազմակերպել է ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը` նախանձից ելնելով: Լուրեր են տարածվել, թե Արտակ Խաչատրյանը զբաղեցրել է Աբրահամ Մանուկյանի` կազմակերպչական գործերով զբաղվելու տեղը:




Լրահոս