Այսօր վաղ առավոտից ակտիվ քննարկվում են «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի նշանադրության մասին լուրերը: Ա. Զախարյանն Armlur.am-ի հետ զրույցում պատմեց իր սիրեցյալի հետ հանդիպման, իրենց պլանների և հետագա անելիքների մասին:
-Անի´, շնորհավորում ենք Ձեզ նշանադրության առթիվ:
-Շնորհակալ եմ շատ: Բոլոր աղջիկներին մաղթում եմ գտնել իրենց երկրորդ կեսին և իրական սիրո համը զգալ:
-Կպատմե՞ք` ինչպես ծանոթացաք նրա հետ:
-Արսենի հետ ծանոթացել ենք Facebook-ով: Դա նախորդ տարվա ամռանն էր: Նա շատ ճիշտ մոտեցում էր ընտրել ինձ հետ զրույցի բռնվելու համար: Նրա կողմից նախ մասնագիտական դրսևորումներ եղան:
-Կմանրամասնե՞ք:
-Նա ինձ հետ հանդիպում խնդրեց մշակութային ոլորտի մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով զրուցելու համար: Մենք հանդիպեցինք, զրուցեցինք, երկար քննարկեցինք առկա խնդիրները: Ապա հանդիպումներն ավելի հաճախակի դարձան:
-Ինչո՞վ է զբաղվում Ձեր ընտրյալը:
-Արսենը մասնագիտությամբ արվեստագետ է: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան երգչախմբի անդամ է, ջութակահար, գեղանկարիչ, եթե ցանկություն ունենա, հումորի մեծ վարպետ ևս կդառնա (Տ. Հ. ծիծաղում է):
-Ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է այն միակը:
-Իմ շուրջը եղած բոլոր տղաներից նա առանձնահատուկ է ամեն ինչով: Նա առաջին հերթին գնահատեց իմ անհատականությունը, ինձ ընդունեց այնպիսին, ինչպիսին կամ:
-Իսկ ի՞նչ է մտածում Ձեր քաղաքական գործունեության մասին:
-Նրան հենց դրա համար էլ միանգամից ընդունեցի, որովհետև դեմ չէ իմ կատարած ընտրությանը, քաղաքական մոտեցումներիս: Իհարկե, այնպես չէ, որ խանդավառված է իմ որոշումով: Միանշանակ, յուրաքանչյուր տղամարդ մըահոգված է իր կողակցի կյանքով և աշխատանքով: Սակայն վերջերս այսպիսի մի արտահայտություն արեց. «Ես հասկացա, որ դա է քոնը, քո ճակատագիրը»: Սա ինձ համար շատ կարևոր է, ու ես ավելի մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ կզբաղվեմ իմ գործով:
-Նշանակե՞լ եք արդեն Ձեր ամուսնության օրը:
-Դեռ ոչ: Մեզ մոտ ամեն ինչ փուլերով է տեղի ունենում: Ամեն բանի համար մի փուլ ենք անցնում (ծիծաղում է):
Լուսանկարները` Արսեն Մուռազյանի ֆեյսբուքյան էջից:
Զրուցեց Տաթև Հարությունյանը