Հարևան երկրները վերցրել են մեր երգն ու ակտիվ քարոզչություն են տանում. Սևակ Ամրոյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի հաղթող Սևակ Ամրոյանն այն կարծիքին է, որ որքան էլ ժողովրդական երգարվեստն արժանանա սիրո եւ գնահատանքի, այն մշտական հովանավորչության կարիք ունի:

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաեւ նկատել է, որ մեր հարեւան երկրները վերցրել են մեր ազգային երգերը, դարձրել իրենցն ու ակտիվ քարոզչություն են տանում այդ ուղղությամբ, իսկ ահա մենք մեր երգարվեստը նույն ակտիվությամբ չենք քարոզում:

-Սևա՛կ, այս տարվա հետ կապված ի՞նչ գործնական ծրագրեր ունեք:

-Երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ «Սարերի հովին մեռնեմ» երգի հիման վրա դուետ ենք ձայնագրել եւ նկարահանվել տեսահոլովակում. այն շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին: Առաջիկայում պլանավորում եմ համերգներով հանդես գալ Հայաստանի մարզերում, ինչպես նաեւ` ներկայանալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հունաստանի հայ հանդիսատեսին: Աշխատում եմ նաեւ առաջին ձայնասկավառակիս վրա:

-Ի՞նչ եք կարծում` ժողովրդական երգարվեստը Հայաստանում հովանավորչության կարիք ունի՞:

-Իհարկե, ունի: Որքան էլ ժողովրդական երգն արժանանա սիրո եւ գնահատանքի, պետք է միշտ լինեն մարդիկ, ովքեր կօգնեն այդ արվեստը ներկայացնողերին. չէ՞ որ ժողովրդական երգը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում եւ ավելի քիչ եկամտաբեր է, քան մյուս ժանրի երգերը: Ես գիտեմ շատ երիտասարդ ժողովրդական երգիչների, ովքեր կիսատ են թողել իրենց գործը հենց հովանավորչության պակասի պատճառով: Կարծում եմ` ոլորտն ունի նաեւ պետական հովանավորչության կարիք:

-Բացի այդ` ժողովրդական երգը նույն հետեւողականությամբ չի հրամցվում հանրությանը, ինչպես, օրինակ, փոփն ու ռաբիսը:

-Այդ առումով ես նախանձում եմ մեր հարեւան երկրներին: Մեր ազգային, ժողովրդական երգերը վերցրել են, դարձրել իրենցն ու ակտիվ քարոզչություն են տանում այդ ուղղությամբ, իսկ, ահա, մենք, որ հարուստ մշակութային ժառանգության կրողն ենք, նույն ակտիվությամբ չենք քարոզում մեր արվեստը: Ու թեեւ համեմատած նախորդ տարիների հետ` վերջին շրջանում ժողովրդական երգարվեստը Հայաստանում զարթոնք է ապրել, ցանկալի կլիներ, որ այն ավելի շատ քարոզվեր հայ հանրության շրջանում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս