Եղիշե Չարենցի երկու նորահայտ վավերագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցագիտության ոլորտում որոնումները եւ նոր բացահայտումները երբեք չեն դադարել, դրանք այսօր էլ շարունակվում են` ի հայտ բերելով նոր շերտեր ինչպես Չարենցի ստեղծագործական հանճարից, այնպես էլ նրա կյանքի եւ գործունեության ոլորտներից: Որպես ասվածի ապացույց` Եղիշե Չարենցի ծննդյան 118-ամյակի առթիվ գրող, չարենցագետ Հովիկ Չարխչյանը «Ժողովուրդ»-ին է տրամադրել մեծ բանաստեղծի ձեռքով գրված երկու բացառիկ նորահայտ վավերագրեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ:

Առաջին փաստաթղթում կարդում ենք.

«N 910

18 փետրվար, 1921թ.
Երեւան

Ամերիկյան Կոմիտեին

Հասկելի նախկին բնակարանի ներքեւի հարկում, ուր հիմա տեղավորված է Ամերիկյան Միսիան, Լուս. Ժող.Կոմիսարիատից տարված են մի շարք նկարներ, այն է`
1.Երկանյանի «Հայ բանաստեղծ»

2…..«Աշխատանք եւ հսկում»

3.Ռուբեն «Փարիզի փողոց»

4.Շարբաբչյանի «Բրիտանացի երեխա»

5…..«Սուրամի բերդը»

6.Թադեւոսյանի «Հովերգական»

Քանի որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հիմնում է ժողովրդական պատկերասրահ, որի համար միանգամայն անհրաժեշտ են հիշյալ նկարները, ուստի խնդրում եմ հայտնեք մեզ, թե երբ եւ որտեղ կարող եք հանձնել հիշյալ նկարները մեր ներկայացուցիչ ընկ. Բաշինջաղյանին` տեղափոխելու համար Լուսավորության ժողովրդական կոմիսարիատ:

Արվեստի բաժնի վարիչ` Չարենց, Քարտուղար»:

Հովիկ Չարխչյանը, անդրադառնալով այս վավերագրին, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այն արժեքավոր է ոչ միայն այն պատճառով, որ գրված է Չարենցի կողմից, այլեւ ապացույցն է այն բանի, որ գրողն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման աշխատանքներին: Նա ընթերցողին առաջարկեց ուշադրությունը բեւեռել նաեւ այն փաստի վրա, որ այս գրությունը կազմվել է 1921 թվականի փետրվարի 18-ին` ճիշտ այն օրը, երբ Հայաստանում բռնկվեց Փետրվարյան խռովությունը:

Փաստաթուղթը ներկայացնելուն զուգահեռ ծանոթագրության կարգով հավելենք, որ նամակում հիշատակված Ուիլյամ Հասկելն ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ, Հայաստանում դաշնակից պետությունների գերագույն կոմիսարն է եղել:

Ինչ վերաբերում է այն արվեստագետներին, որոնց կտավները պահանջում է Չարենցը, ապա տեղեկացնենք, որ Սարգիս Երկանյանը գեղանկարիչ էր, ով 1920-ին բնակության մեկնեց Միացյալ Նահանգներ: Ցանկում հիշատակված նրա կտավներն այժմ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Իսկ բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը 1921թ. Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն էր: 1926-ին հենց Շարբաբչյանը պետք է ձեւավորեր Չարենցի «Կապկազ-թամաշան»:

Գրականագետի ներկայացրած երկրորդ բացառիկ փաստաթուղթը Չարենցի պաշտոնական նամակն է զինվորական ժողովրդական կոմիսարին: Ընդ որում, այն նմանատիպ բովանդակությամբ առաջին նամակը չէ` գրված Չարենցի կողմից: Հովիկ Չարխչյանը նշեց, որ արվեստի կոմիսար աշխատած տարիներին Չարենցը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ երիտասարդ արվեստագետների եւ մշակութային գործիչների: Նրանցից շատերն իրենց հետագա հաջողությունների համար մեծապես պարտական են Չարենցի ուշադրությանն ու մարդկային վերաբերմունքին:

Փաստաթղթում կարդում ենք.

«Զինվորական ժողովրդական կոմիսարին.

Նո. 694 ամսիս 26-ի գրությամբ խնդրել ենք ուղարկել Լուսժողկոմիսարիատի Արվեստի բաժնի տրամադրության տակ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանին, որը երաժիշտ է Երեւանի Գավհեղկոմի թատերա-երաժշտական խմբում, որպես մասնագետ թառանվագ միանգամայն անփոխարինելի է Պետական երաժշտախմբի համար, բայց չնայած դրան՝ սվոդնի զինվորական հիվանդանոցի վարչությունը, որի տրամադրության ներքո գտնվում է այժմ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանը, պատասխանել է մեզ մերժումով` առարկելով, որ հիշյալ Թարիվերդյանը հարկավոր է հիշյալ հիվանդանոցի համար: Խնդրում եմ կարգադրել` ուղարկել բաժնիս տրամադրությանը հիշյալ Թարիվերդյանին, որի փոխարեն բաժինս կարող է ուղարկել հիվանդանոցային ուրիշ թառանվագներ կամ իրեն` Թարիվերդյանին, եթե հիվանդանոցում լինեն համերգներ:

Զրկել Պետական երաժշտական խմբին միակ մասնագետ երաժշտից, նշանակում է անգործության ենթարկել մյուս երաժիշտներին եւ այսպիսով կասեցնել այն փոքրիկ գեղարվեստական գործը, որ կատարվում է խորհրդային Մայրաքաղաքի բանվորական թատրոնում:

Արվեստի բաժնի վարիչ` Չարենց
N802

2./.6. 1921»:

Մարտի 13-ը մեծ գրողի ծննդյան օրն է, եւ սա նրան նորովի բացահայտելու, Չարենց մարդուն, գործչին ճանաչելու եւս մեկ առիթ է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս