Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում հարկ վճարողների կողմից ներկայացված մտահոգությունները՝ կապված ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային համակարգերով հարկ վճարողների աշխատանքի հետ, հայտնում ենք հետևյալը. 2014 թվականից սկսվել և ներկայում էլ շարունակվում են ՀՀ տնտեսական դաշտը կարգավորող օրենսդրության աննախադեպ ծավալի փոփոխությունները, որոնք էլ իրենց հերթին փոփոխություններ են ենթադրում ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգում:
Դրանց կատարման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. Հարկային օրենսդրության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ծրագրավորել որոշ հարկատեսակների հաշվարկների, հայտարարությունների նոր ձևերը, ԵՏՄ անդամակցություն, որի արդյունքում ներդրվում է լրիվ նոր ծրագրային ապահովման համակարգ, Կուտակային վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմի փոփոխություններ, որոնց արդյունքում նախորդ երկու տարիներին կատարված էական ծավալի ծրագրավորման աշխատանքներ վերածրագրավորվել և շարունակվում են վերածրագրավորվել:
Բացի այդ` Ֆինանսների նախարարությունը, Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում է Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր: Այն նախատեսում է էլեկտրոնային կառավարման համակարգում նորագույն տեխնոլոգիաների կիրառություն, կայուն և կանխատեսելի համակարգի ձևավորում, որն ի վիճակի է լինելու առաջիկա տարիներին հարկ վճարողների համար ապահովել անխափան և արդիական սպասարկման ծառայություններ: Վերը նշվածը հաշվի առնելով` ՀՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է հարկ վճարողներին էլեկտրոնային կառավարման համակարգում կատարվող փոփոխություններին վերաբերվել ըմբռնումով` հաշվի առնելով դրանց ժամանակատար լինելը:
Հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցներն այդ փոփոխությունները մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետների լրանալն ավարտելու համար:
ՀՀ ֆինանսների նախարարություն, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին