ԼՂՀ ԱԺ փոխխոսնակը` Սամվել Բաբայանի` ընդդիմության առաջնորդ դառնալու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջնորդելու է ԼՂՀ ընդդիմությանը, իրականությանը չեն համապատասխանում: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը օրերս հեռախոսազրույց է ունեցել Ս. Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է:

-Պարո՛ն Թովմասյան, ԼՂՀ-ում արդեն մեկնարկել են մայիսի 3-ին կայանալիք ԱԺ ընտրությունների առաջադրումները: «Ազատ հայրենիք» կուսակցությունն արդեն իր թեկնածուներին առաջադրե՞լ է մեծամասնական եւ համամասնական ցուցակներով:

-Դեռեւս ցուցակը չունենք պատրաստ, դա պարզ կլինի վերջին օրերին: Մի բան նշեմ, ֆրանսիացի հայտնի քաղաքագետ Մորիս Դյուվերժն ավելի շատ ուշադրություն է դարձրել ժամանակակից կուսակցություններին, այսինքն՝ նա ժամանակակից կուսակցություններ է համարել տվյալ պետությունում ստեղծված այն կուսակցությունները, որոնք բռնել են ժողովրդավարության ուղին: Ըստ քաղաքագետի՝ ամեն մի կուսակցություն ցանկացած համապետական ընտրություններից առաջ, եթե ուզում է, որ հաջողություն ունենա, թարմացումներ է կատարում ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական ընտրակարգով:

-Այսինքն՝ հիմա Ձեր կուսակցության շարքերում «թարմացումնե՞ր» են կատարվում:

-Այո՛, հիմա այդ պրոցեսն է ընթանում, ինչի համար էլ մենք դեռեւս կոնկրետ ցուցակ չենք ներկայացրել: Մեր կուսակցության ներսում նոր մարդիկ են ինտեգրվում: Դա միայն ԼՂՀ-ում չէ, դա երեւում է նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում: Մենք չպետք է առաջադրենք այն մարդկանց, որոնցից ժողովուրդը հոգնել է, պետք է լավ մարդիկ լինեն, լավ աշխատողներ լինեն:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԼՂՀ իշխանությունները մտահոգված են այն բանից, որ խորհրդարանական ընտրություններին որոշել է իր մասնակցությունն ունենալ նաեւ ԼՂՀ ՊՆ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը, որն այժմ բնակվում է Մոսկվայում: Նշվում է, որ Ս. Բաբայանը մտադիր է դառնալ ԼՂՀ ընդդիմության առաջնորդը: Արդյո՞ք այդ ամենն անհանգստացնում է ԼՂՀ իշխանություններին:

-Ես ուրեմն Ձեզ մի բան ասեմ, սա ոչ թե իմ անձնական կարծիքն է կամ համոզմունքն է, այլ հստակ ինֆորմացիա է՝ Սամվել Բաբայանը չի գլխավորելու ԼՂՀ ընդդիմությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

-Իսկ ո՞րն է Ձեր նշած հստակ ինֆորմացիայի աղբյուրը:

-Ես հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Բաբայանի հետ: Ինքը, «Ժողովուրդ»-ին տված իմ վերջին հարցազրույցի հետ կապված, ցանկացել է պարզաբանում ստանալ, որի ժամանակ էլ նշել է, որ ինքը նման հայտարարությամբ երբեք հանդես չի եկել, իր անունից են նման հայտարարություններ արել: Ու ինքը նշեց, որ չի ցանկանում առաջնորդել ընդդիմությունը: Հարցեր կան հարցազրույցում, որտեղ ինքը համամիտ չի ինձ հետ, մենք խոսել ու հասկացել ենք: Իսկ մնացած հարցերը, խնդրում եմ, իրեն ուղղեք: Ի դեպ, նշեմ, որ ես «Դաշինք» կուսակցության անդամ չեմ եղել, այս ընթացքում թյուրիմացաբար տարբեր տեղեկություններ են տարածվում այդ մասին, ու հիմա, խնդրում եմ, նշեք, որ ես այդ կուսակցության անդամ չեմ եղել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս