Այս տարվա առաջին երկու ամիսների տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արտագաղթի տեմպերը ոչ միայն չեն նվազել մեր երկրում, այլեւ ընդհակառակը՝ շարունակելու են աճել: Ինչպես հայտնի է՝ մինչեւ 2012 թվականը Սերժ Սարգսյանը եւ ընդհանրապես ՀՀ իշխանությունները հերքում էին, թե Հայաստանից արտագաղթ կա, եւ պնդում էին, որ մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ գարնանը մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ աշնանը նորից վերադառնում:
Հետագայում, երբ բանը բանից անցավ, եւ այլեւս անհնար էր հերքել արտագաղթի փաստը, սկսեցին հայտարարել, թե, հա՛, կա, բայց այդքան էլ սարսափելի չէ, որքան որ մամուլն ու ընդդիմադիր գործիչներն են այն ներկայացնում: ՀՀ իշխանությունները նույնիսկ հաջողացրին մեկ միլիոն դրամաշնորհ «կպցնել»՝ արտագաղթը կանխելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու համար: Ի դեպ, նշված գումարը հատկացրել էր եվրոմիությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:
Հետագայում այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ գումարը ինչ նպատակներով ծախսվեց, եւ արդյո՞ք դրա շնորհիվ գոնե մեկ պոտենցիալ արտագաղթող հրաժարվեց իր մտադրությունից: «Ժողովուրդ»-ը այս խնդրին բազմիցս անդրադարձել է, բայց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունն այդպես էլ հսկակ չի պարզաբանել, թե մեկ միլիոն եվրոն ինչ են արել: Իսկ 2013-ի ամռանը ՀՀ Կառավարությունը 14 միլիոն դրամ հատկացրեց, որպեսզի ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը մասնագիտական հետազոտություն անցկացնի` արտագաղթի պատճառները պարզելու համար: Այդ հետազոտությունը դեռեւս անցած` 2014 թվականի սկզբից պատրաստ է, սակայն այն այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց:
Ակնհայտ է, որ հետազոտության արդյունքները, մեղմ ասած, ոչ մի լավ բան չէին խոստանում, եւ ՀՀ իշխանությունները որոշել էին «ծածկադմփոց» անել, որպեսզի թեման լայն տարածում չստանար:
Սակայն պարզվում է՝ այդ «գաղտնի» փաստաթուղթը դեռեւս 2014-ին անաղմուկ հրապարակվել է հետազոտությանը մասնակցած միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից: Ըստ այդմ տեղեկանում ենք, որ ուսումնասիրության ընթացքում հարցման նպատակով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցներն այցելել են Հայաստանի 14 հազար 882 տնտեսություններ, որոնցից համաձայնել են ամբողջությամբ հարցմանը մասնակցել 7 հազար 890 տնային տնտեսությունների ներկայացուցիչներ: Սակայն ամենասահմռկեցուցիչը փակ դռների ցուցանիշերն են, ընտանիքի անդամների՝ Հայաստանում չգտնվելու պատճառով փակ դռների թիվը եղել է 1.584: Իսկ 3 հազար 166-ը եղել են այն տնային տնտեսությունները, որոնց դռները փակ են եղել, բայց նշված է, որ ընտանիքը Հայաստանում է:
Հայաստանից հեռացած, փակ դռների ամենամեծ ցուիցանիշը արձանագրվել է Գեղարքունիքի մարզում` 298 տնային տնտեսություն, Լոռու մարզում այդ ցուցանիշը եղել է 231, Կոտայքի մարզում՝ 207, իսկ Երեւանում՝ 163: Հարկ է արձանագրել մեկ փաստ եւս` 8 հազար տնային տնտեսության հարցման ենթարկելու համար ԱՎԾ-ի աշխատակիցները փաստորեն ստիպված են եղել 15 հազար տնային տնտեսություն այցելել:
Հարցման ենթարկված ընտանիքների բնակչության ընդհանուր թիվը կազմել է 31 հազար 118 մարդ, որոնցից աշխատանք ունեցող կամ ինքնազբաղվածները եղել են 38 տոկոսը, աշակերտները կամ ուսանողները կազմել են 15,5, թոշակառուները` 14,9, գործազուրկները` 13, 9, տնային տնտեսուհիները` 8,6, խնամքի տակ գտնվողները` 8,5 տոկոս: Այս հարցման արդյունքները կարելի է տարածել ընդհանուր հանրապետության վրա, եւ ըստ այդմ ստացվում է, որ Հայաստանում աշխատում է, ասել է թե՝ արդյունք է ստեղծում բնակչության 38 տոկոսը: Ստացվում է՝ բնակչության մոտ մեկ երրորդը «պահում» է մնացած երկու երրորդին: Սակայն, եթե հաշվի առնենք այն փաստը, որ աշխատանք ունեցողների 26 տոկոսը պետական հատվածում աշխատողներն են, ապա պատկերն ավելի մռայլ է դառնում: Եթե ասում են զբաղվածների 26 տոկոսը, դա նույն է թե՝ վերը նշված 38-ի 10 տոկոսը: Այսինքն՝ իրականում ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունում արդյունք է ստեղծում բնակչության 28 տոկոսը, իսկ մնացածը սպառում են վերջիններիս ստեղծածը:
Առաջիկայում առանձին հրապարակմամբ կանդրադառնանք նաեւ այս հետազոտության այն հատվածին, որը վերաբերում է արտագաղթի միտումներին եւ պատճառներին:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ