Թուրքիայի ղեկավարությունը պետք է մասնակցի ապրիլի 24-ին Հայաստանում կայանալիք արարողություններին. թուրք մտավորական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության հարցում իր ժխտողական քաղաքականությունը, ավելին` մշակում է նոր հայեցակարգեր, այսպես ասած` նեոժխտողական կոնցեպտ` «ընդհանուր ցավ» ձեւակերպմամբ, այդուամենայնիվ, թուրք հասարակության ներսում փոփոխությունները գնալով ավելի ու ավելի նկատելի են դառնում: Հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցադրումներն ավելի ու ավելի բարձր են հնչում: «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է թուրք մտավորականության ներկայացուցիչ, Անկարայում «Ոչ ռասիզմին ու ազգայնականությանը» ՀԿ-ի ղեկավար, ինչպես նաեւ բազմաթիվ գրքերի թարգմանիչ Աթիլա Դիրիմը, որը ներկայացնում է թուրք մտավորականության հենց այն շերտը, որը գիտակցում է պատմության հետ առերեսվելու անհրաժեշտությունը հենց Թուրքիայի ապագայի համար:

-Որպես թուրք մտավորականության ներկայացուցիչ՝ ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անեն Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

-Կարծում եմ, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի՝ ի ցույց դնելով, որ ընդունում է այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: 1915 թվականից այդ հողերում շատ ցավ ու ողբերգություն է եղել: Այդ արնահոսող վերքը Թուրքիայում մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման համար պատնեշ է հանդիսանում:

Մի կողմից մարդկանց համընդհանուր գիտակցության մեջ մեղքի առկայությունն ու մյուս կողմից այն փաստը, որ Թուրքիայի Հանրապետությունը կառուցվել է Հայոց ցեղասպանության արյան վրա, խոչընդոտ են հանդիսանում բռնաճնշումների դեմ պայքարում, քանի որ այս իրականությունն ուժեղացնում է ռասիզմն ու ազգայնամոլությունը: Այդ պատճառով էլ այս բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար Թուրքիա պետությունը նախ եւ առաջ պետք է մասնակցի 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանում կայանալիք հիշատակի արարողություններին: Երկար ժամանակ է՝ մենք պահանջում ենք Թուրքիայի իշխանություններից ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրան հաջորդող բոլոր հետեւանքներով:

-Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է Թուրքիան որոշել տոնել Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը հենց ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ Գալիպոլիի ճակատամարտը սկսվել է 1915թ. մարտի 18-ին ու շարունակվել է մինչ 1916թ. հունվարի վերջը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան: Կարծիք կա, որ այդ կերպ Թուրքիան փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյակից:

-Դուք միանգամայն ճիշտ եք: Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի համար գորդյան հանգույց է: Կամ կարող ենք ասել, որ այն Թուրքիայի Հանրապետության հիմնաքարն է: Եթե այդ քարերից մեկը դուրս գա, մնացած ողջ քարերը եւս վայր կգլորվեն: Այնպես որ, Թուրքիան ամեն ինչ անում է՝ թաքցնելու համար Հայոց ցեղասպանության իրականությունը:

Ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումների անցկացումը ոչ այլ ինչ է, քան այդ քողարկող քաղաքականության վառ ապացույցը: Եթե մենք այլ տեսանկյունից նայենք, հեշտությամբ կարող ենք ասել, որ դիմելով այս քայլին՝ Թուրքիան փաստացիորեն ընդունում է իր մեղքը: Ինչպես Դուք նշեցիք՝ այս ամսաթիվը ոչ մի կապ չունի Գալիպոլիի ճակատամարտի հետ, այդ պատճառով էլ այն երբեք նախկինում չի նշվել ապրիլի 24-ին: Այնպես որ, անգամ նա, ով ոչինչ չգիտի Հայոց ցեղասպանության մասին, կասկածներ կունենա նման շեղող համընկնման վերաբերյալ, որը, ինչպես արդեն փորձեցի բացատրել՝ այնքան էլ համընկնում չէ:

-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-ամյակից հետո:

-Դա կախված կլինի ինչպես Թուրքիա պետության, այնպես էլ այստեղ ապրող այն մարդկանց մոտեցումից, ովքեր ընդունում են Ցեղասպանությունը: Եթե Թուրքիան դրական դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում, սա կնպաստի ինչպես մեր աշխատանքին, այնպես էլ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը: Իհարկե, մենք կգերադասեինք կարգավորել այդ հարաբերությունները հնարավորինս շուտ: Սակայն, հավանաբար, սա երկար ժամանակ կպահանջի, քանի որ մենք դեռ այդ գործընթացի ամենասկզբում ենք գտնվում:

-Որպես թուրք մտավորական՝ ի՞նչ կցանկանայիք ասել Ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին:

-Մենք շատ ենք զգում մեր ուսերին ծանրացած Ցեղասպանության բեռը: Այդ բեռից ազատվելու համար մենք ամեն ինչ անում ենք: Անկասկած նման զանգվածային ոճրագործության հետքերը վերացնելու համար մեզանից որոշ ժամանակ կպահանջվի: Այնուամենայնիվ, ողջ աշխարհի հայերը պետք է իմանան, որ նրանք Թուրքիայում բարեկամներ ունեն ու պետք է վստահեն նրանց: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք:

Տաթեւ Ֆռանգյան




Լրահոս