ՄԱՀԱՑԵԼ Է
Տավուշ գյուղում անասնագոմի տանիքի փլուզման պատճառով մահացել է այդ գյուղի բնակիչ 81-ամյա Աշոտ Սմբատյանը: Ստացված մարմնական վնասվածքներով նրան ու 75-ամյա Աղավնի Պետրոսյանին տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն: Սմբատյանի կյանքը չի հաջողվել փրկել, իսկ Աղավնի Պետրոսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Բերդի բժշկական կենտրոնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Ա. Պետրոսյանը հետագա բուժման համար հավանաբար տեղափոխվի Երեւան: Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանից տեղեկացանք, որ ամուսիններն այդ օրը իրենց որդու տան անասնագոմի տանիքից փորձել են տախտակ հանել նստարան պատրաստելու համար: Բայց՝ տեղի է ունեցել ողբերգությունը:
ՍՏԻՊԵՑԻՆ
Երեկ ինքնաբացարկ է հայտնել Կապանի քաղաքապետի թեկնածուներից գործող քաղաքապետ ՀՅԴ-ական Արթուր Աթայանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քաղաքապետին այս քայլին դրդել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս նպատակադրվել է այդտեղ ամեն գնով «խցկել» ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին: Իր այս նպատակն իրականացնելու համար մարզպետը, որպես օժանդակ ուժ, դիմել է ԲՀԿ-ական գործարար Արայիկ Հարությունյանին եւ պահանջել սատարել ՀՀԿ թեկնածուին: Վերջինս հրաժարվել է, ինչի պատճառով, ըստ մեր տեղեկությունների, մարզպետը նույնիսկ հարվածել է Հարությունյանին: «Մարզպետը ինձ ոչ թե մի, այլ երկու անգամ է կանչել: Զրուցել ենք, ասել եմ՝ չեմ կարող օգնել, քանի որ Աթայանը իմ ընկերն ա»,-մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ ու հավելեց, որ իրենք խաղաղ, «առանց մարտի» բաժանվել են. «Ես հավի ճուտ չեմ, ոչ էլ կորած տղա, որ ինձ խփեն: Դա հերյուրանք է, բացարձակ բամբասանք: Մարզպետի հետ մենք մտերիմներ ենք»: Աթայանի ինքնաբացարկի առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Կապանի կոմիտեն: «Նախագահական ընտրությունից առաջ նմանատիպ ՏԻՄ ընտրությունները մտահոգիչ են: Պահանջում ենք քաղաքական եւ իրավական գնահատական տալ կատարվածին: Եթե «ընտրություն» կոչված այս ներկայացումը, այնուամենայնիվ, կայանա, կապանցիներին կոչ ենք անելու բոյկոտել եւ մասնակից չդառնալ այդ խայտառակությանը»,- ասված է հայտարարությունում:
ԷԹԻԿԱ
ԱԺ-ում այսօր կայանալու է էթիկայի հանձնաժողովի անդրանիկ նիստը: Օրակարգում ընդգրկված է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումը: Հիշեցնենք, որ վեճի ժամանակ Կարապետյանը կրակել, վիրավորել է Զադոյանին, իսկ հետո իր արարքը պատճառաբանել ինքնապաշտպանությամբ, որ իբր Զադոյանն է ցանկացել սպանել իրեն: Էթիկայի հանձնաժողովը լսելու է նաեւ Էդուարդ Շարմազանովի ու ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի դեմ բողոքները եւս. այն ներկայացրել է PINK Armenia հասարակական կազմակերպությունը՝ DIY ակումբի պայթյունին հետեւած պատգամավորների ելույթների կապակցությամբ:
ՆԻՍՏ
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ քննարկվել են ներկուսակցական հարցեր` մասնավորապես առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն կարեւորում է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը: «Այն վայրերում, որտեղ Հանրապետական կուսակցության անդամներից մի քանիսն են առաջադրվել, կուսակցությունը նրանց տալիս է ազատ մրցակցելու հնարավորություն եւ ոչ ոքի չի սատարում»,-ասել է նա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, երբ հեռացել է Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միասին ակտիվորեն ինչ-որ հարց են քննարկել: Նկատելով իրենց լուսանկարող լրագրողներին՝ նրանք ծիծաղել ու հեռացել են:
ՀԱՂԹԱՆԱԿ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է հաղթանակ տանել Ստամբուլում ընթացող օլիմպիադայում: Երեկ նրանք 2,5-1,5 հաշվով հաղթել են Իսպանիայի հավաքականին: Լեւոն Արոնյանը հաղթել է իր մրցակցին, մյուսներն իրենց խաղն ավարտել են ոչ-ոքի: Փոխարենը պարտվել է Հայաստանի կանանց հավաքականը՝ 1,5-2,5 հաշվով: Նրանց մրցակիցն էր Հնդկաստանի թիմը: Հայ շախմատիստուհիներից Լիլիթ Գալոյանը պարտվել է, իսկ մյուսները պարտիան ավարտել են ոչ-ոքի: Այսօր կանայք կմրցեն Ադրբեջանի, տղամարդիկ՝ Ֆիլիպինների հավաքականների հետ: