Փակվել է Աբովյանի «Քինգ դելյուքս» ֆուտբոլային դպրոցը: Սրա հիմնադիր տնօրենն ու հովանավորողը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանն է՝ Պալաչը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Հարությունյանը կատարվածի մեջ մեղադրեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին: «Դպրոցը փակվել է ֆինանսական նեղ պայմանների պատճառով, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տված ֆինանսական վնասների պատճառով: Դպրոցը ես այս տարի էի հիմնել, նոր առաջին լիգա էր, բայց ինքը շատ լավ թիմ էր, որը վերեւներ էր բարձրանալու: Մարզահագուստով, գնդակներով ապահովել էի, մարզադաշտը շատ մեծ խնդրով, մի կերպ պայմանագիրը կապել էինք, օգտագործում էինք: Բայց այդ բարեգործության շնորհիվ փակվեց, կար 150 երեխա, որոնք անվճար պարապում էին ֆուտբոլ, բոլորին անվճար ֆուտբոլի հագուստով ապահովել էինք,-ասաց նա՝ հավելելով,-ես ընդհանրապես բարեգործություն բառը չեմ սիրում, որովհետեւ բարեգործությունն անում են չքավորների հանդեպ, եթե մեր ազգը սիրում է իրեն դնի չքավորի տեղ, թող դնի, ես դրանում ոչ մի բան չեմ կարա փոխեմ, մի բան անում են ու անունը դնում բարեգործություն: Դե հիմա ի՞նչ ասեմ, ուրիշ բան չունեմ ասելու»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ այսօր դժվար է ֆուտբոլի դպրոց ունենալ, այն էլ այն դեպքում, երբ ամեն ինչ արվում է անվճար: «Նորմալ ներդրումներ են պետք տվյալ դեպքում, որը ես անում էի, տրանսպորտով, հյուրանոցով ապահովել էի, ամեն ինչով, մարդիկ նորմալ պարապում, խաղում էին, բոլոր թիմերի հետ էլ համագործակցում էինք, բայց էս ֆինանսական նեղ պայմաններից ելնելով՝ ես ի վիճակի չեմ այլեւս պահեմ այդ դպրոցը: Ես հայտ եմ ներկայացրել նաեւ ՀՖՖ ու տեղեկացրել, որ այսինչ օրը ֆուտբոլի դպրոցը փակվելու է,-ասաց Գ. Ծառուկյանի սանիկը եւ ընդգծեց,-բարեգործությունը նա էր, որ 150 երեխա անվճար պարապում էր, Աբովյան քաղաքում ավանդույթներ էին ստեղծվել, թե բարեգործությունն այս անվճար ավտոբուսներն են: Արթուր Հարությունյանը եթե ՀՀԿ-ի համար չպայքարեր Աբովյան քաղաքում, ուրեմն էս նույն անվճար ավտոբուսները ժողովուրդն էլի չէին տեսնի, ուրեմն ժողովուրդը, որ էսօր անվճար գնում գալիս ա, թող հա՛մ շնորհակալ լինի Գ. Ծառուկյանին, հա՛մ էլ Ա. Հարությունյանին»:
ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, մեկնաբանելով այս հայտարարությունները, վստահեցրեց, որ Գ. Ծառուկյանի բարեգործական հիմնադրամն այդ ամենի հետ ոչ մի կապ չունի: «Բազմիցս արդեն շեշտվել է, որ «Գ. Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է բացառապես ի շահ ժողովրդի, եւ որեւէ առնչություն փորձել փնտրել Գ. Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի գործունեության եւ ուրիշ անհատ բիզնես ծրագրերի միջեւ՝ պարզապես անմտություն է»,-ասաց Տոնոյանը:
ԷԼԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ