ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՆ ԵՆ ՓՈՐՁԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ զինված հարձակման է ենթարկվել Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետ ՀՀԿ-ական Հայկազն Խաչիկյանը՝ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրը: Հարձակվողները եղել են մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության աշխատակիցները:
Մի խումբ անձինք ներխուժել են Խաչիկյանների հայրական տուն, վնասել կահույքն ու  Ախթալայի ներկայիս քաղաքապետ Հայկազն Խաչիկյանի ավտոմեքենան: Դրան հաջորդել են կրակոցները, որից հետո նրանք դիմել են փախուստի: Ախթալայի բնակիչների խոսքերով՝ կրակոցների պատճառը Խաչիկյանների ունեցած տեսաերիզն է մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի «քաջագործությունների» մասին: Տեսակետ կա նաեւ, որ կրակոցներն ունեն քաղաքական ենթատեքստ:
Ախթալայի բնակիչներից մեկը երեկ՝ մեզ հետ զրույցում, ասաց, որ սա Խաչիկյանների տան վրա հարձակվելու երկրորդ դեպքն է: Ըստ մեր զրուցակցի, որը չցանկացավ ներկայանալ, կրակոցների հեղինակը Ս. Տեր-Պողոսյանին պատկանող կոմբինատի  անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանն է՝ Բոդոլ մականունով: Նա Սերոբի թոռն է: Տեղեկություններ կան, որ հարձակմանը մասնակցել են նաեւ այդ կոմբինատի  անվտանգության աշխատակիցներից մի քանիսը՝ մոտ 4-5 հոգի:
Ս. Տեր-Պողոսյանի «մարդիկ» Խաչիկյանների տանը փնտրել են մանկապիղծի արարքներն ապացուցող տեսաերիզները: Ենթադրվում է՝ դրանցում պատկերված են եղել նաեւ հարձակում կատարածները: Կա նաեւ տեսակետ, որ Արսեն Չիթչյանը սատարում է Խաչիկյանի մրցակցին՝ քաղաքապետի թեկնածու Սուրեն Թամազյանին: Ըստ մեր զրուցակցի՝ կրակոցների ձայնը լսելուց հետո բնակիչներից տարեց մի մարդ դուրս է եկել փողոց, սակայն Չիթչյանն ու իր ընկերը հարձակվել են նաեւ նրա վրա, ծեծի ենթարկել: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում:
«Ոչ ոք տանը չի եղել: Ես ինքս Երեւանում  եմ եղել ու ոչնչից տեղյակ չեմ: Բայց գիտեմ, որ վնասել են տան կահույքն ու ավտոմեքենան: Հետո կրակել են: Կրակողն էլ Ս. Տեր-Պողոսյանի թիկնազորի պետ Արսեն Չիթչյանն է: Իսկ տեսաերիզի մասով կարող եմ միայն ասել, որ նման բան չկա»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքապետի եղբայրը՝ Վազգեն Խաչիկյանը: Դիմեցինք նաեւ անձամբ քաղաքապետին՝ Հայկազն Խաչիկյանին ու Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանին: Սակայն նրանք երկուսն էլ, պատճառաբանելով դեպքի վայրում գտնվելն ու զբաղված լինելը, հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին:
Հ.Գ. Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկությունների՝ Ս. Տեր-Պողոսյանի՝ մանկապղծությամբ զբաղվելու փաստը բացահայտել են հենց Խաչիկյան եղբայրները, որոնք նպաստել են իրենց ձեռքի տակ հայտնված տեսաերիզների հրապարակմանը: Ասում են՝ դրանից հետո վարչապետի նախկին խորհրդական Ս. Տեր-Պողոսյանի մերձավորներն առիթը բաց չեն թողնում նրանցից վրեժ լուծելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս