Վաղը Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մասնավորապես` դրանք տեղի կունենան Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի համայնքներում:
Գրեթե բոլոր առաջադրված թեկնածուները հանրապետականներ են, սակայն կան նաև ներկայացուցիչներ ՀՅԴ-ից և ԲՀԿ-ից: Մասնավորապես, Արագածոտն մարզի Օհանավան գյուղում առաջադրված թեկնածու գործող գյուղապետը ԲՀԿ անդամ է, մեկ այլ վայրում կա նաև գործող գյուղապետ ՀՅԴ ներկայացուցիչ:
Նշենք, որ ի սկզբանե սպասվում էր, թե ընտրությունները թեժ են լինելու Արմավիրում, որտեղ վաղը կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Թեկնածուների գրանցման ժամանակ գրանցվել էր վեց մարդ, որոնց թվում էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին, սակայն 5 թեկնածուներն ինքնաբացարկ հայտնեցին: Վաղը Ռուբեն Հայրապետյանի խնամին՝ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ընտրություններում մնաց մենակ և վաղը կմրցի ինքն իր դեմ: