Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ թվով անդամներ նորակազմ խորհրդարանում «դեմ» քվեարկեցին կառավարության ծրագրին, նախարարներից մեկը, ծանոթանալով «դեմ» արտահայտվածների ցուցակին եւ հանդիպելով Արայիկ Աղաբաբյանի անվանը, ասաց. «Իյա՜, էս տղեն, երեւում է, առյուծի սիրտ է կերել»: Թե ինչ ուներ վախենալու կամ ինչու հենց նրա քվեարկությունը համարվեց այդքան հանդուգն ու խիզախ, չգիտենք: Հավանաբար պատճառն այն էր, որ դեռ մինչեւ վերջերս Աղաբաբյանն աշխատում էր գործադիրում եւ, ըստ էության, գործադիրի հրահանգներ կատարողն էր:
Իսկ գուցե ուրի՞շ պատճառներ կային… Սակայն ինչքան փորփրում ենք մեր հիշողությունը, չենք կարողանում հիշել քաղաքական ինչ-որ կարեւոր իրադարձություն, որին Ա. Աղաբաբյանն առանցքային մասնակցություն ունենար: Անգամ ԲՀԿ-ի կազմակերպած տարբեր միջոցառումների ժամանակ էլ առաջին շարքերում չի եղել, ուրեմն ի՞նչն էր պատճառը, որ ԲՀԿ-ի «թագավորը» նրան ընդգրկել էր համամասնական ցուցակում, ապահովել անցողիկ տեղ եւ բերել խորհրդարան:
Երբ նայում ենք ԲՀԿ ցուցակը, հասկանում ենք այս «կոնցեպցիան»: Բացառությամբ մեկ-երկուսի, այս քաղաքական ուժի մյուս պատգամավորները գրեթե ճանաչում չունեցող, միշտ մի տեսակ ստվերված մարդիկ են, որոնք խորհրդարանում ապահովում են «անդեմ մեծամասնություն»: Ակադեմիկոս Սախարովն ասում էր` ագրեսիվորեն տրամադրված հնազանդ մեծամասնություն: ԲՀԿ-ն ագրեսիվ չէ, այլ` «կոմպլիմենտար»: Ուրեմն հենց ծառուկյանական «կոմպլիմենտարիզմի» սկզբունքով էլ ընտրվել են պատգամավորները:
Իհարկե, ի տարբերություն գյուղապետի տեղակալ ԲՀԿ-ական պատգամավորի` Ա. Աղաբաբյանը, որը վերջերս նշեց իր ծննդյան 50-ամյակը, որոշակի ճանապարհ է անցել, որոշակի պաշտոններ զբաղեցրել: Նա բնիկ արմավիրցի է, 24 տարեկանում ավարտել է Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: Այս հարցում էլ նա առավելություն ունի բոլոր այն պատգամավորների նկատմամբ, որոնք պատգամավոր դառնալուց հետո են բարձրագույն կրթություն ստացել` ավարտելով տարբեր կոոպերատիվ համալսարաններ: Բուհն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Բամբակաշատ գյուղի դպրոցում որպես ուսուցիչ, իսկ 1988-1990թթ. եղել այդ նույն դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ-փոխտնօրեն: Գյուղից հոգնած` 1991թ. աշխատել է Հոկտեմբերյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում: 1990-ին ընտրվել է քաղաքային խորհրդի պատգամավոր ու մեկ տարի անց զբաղեցրել Հոկտեմբերյանի ժողովրդական պատգամավորների գործկոմի քարտուղարի պաշտոնը: 1995-96-ին էլ` գործկոմները լուծարելու տարում, եղել է նախագահի առաջին տեղակալ:
Երբ ձեւավորվեց մարզային կառավարումը, Ա. Աղաբաբյանին աշխատանքի վերցրին Արմավիրի մարզպետարանում, սակայն տվեցին մի շատ անդեմ պաշտոն` խորհրդական: Երկու տարի աշխատելով որպես խորհրդական` 1998-ից տեղափոխվեց շատ կարեւոր պաշտոնի` մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների մարզային ծառայությունների համակարգման վարչության պետ: Սա համարվում էր մարզպետարանի ողնաշարային վարչությունը, այն իրեն էր «ենթարկեցնում» անգամ ոստիկանությունն ու դատախազությունը… Նշենք, որ 1996-1999թթ. Աղաբաբյանը եղել է Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ: Այսինքն` առավել հետաքրքիր բան անհնար էր մտածել. համայնքներին ղեկավարող վարչության պետը նաեւ ընտրական հանձնաժողովի նախագահն էր: Նշանակում է` Արմավիրում ընտրություններն անցնում էին այնպես, ինչպես կամենում էին իշխանությունները, նկարվում էին այն թվերը, որոնք պետք էին իշխանություններին, քանի որ ամեն ինչ գտնվում էր Ա. Աղաբաբյանի ձեռքերում…
Աղաբաբյանի կենսագրության մեջ երկու հատված պարզապես մեր զարմանքն ու հարցասիրությունը բորբոքեցին. գրված է, որ 1971-1981թթ. Արմավիրի (Հոկտեմբերյան) կենցաղ-սպասարկման կոմբինատում բանվոր է աշխատել: Դե որ պատանին աշխատել է, դրանում վատ բան չկա, սակայն ուշադրությո՛ւն դարձնենք թվերին` 1971-1981: Աղաբաբյանը ծնվել է 1962 թվականին… Ուրեմն 9 տարեկանից բանվոր է աշխատել: Այսինքն` դպրոցի երրորդ դասարանի աշակերտն անցել է աշխատանքի եւ այն թողել 19 տարեկան հասակում: Դրանից հետո էլ բանակում չի ծառայել… Աղաբաբյանն Արմավիրի մարզպետի տեղակալ է աշխատել 2008-2012թթ.: Իսկ որտեղ է եղել ամբողջ 9 տարի` 1999-2008թթ., ինչով է զբաղվել` այս մասին նրա կենսագրության մեջ ոչինչ չկա նշված: Գուցե անձնական բիզնեսո՞վ է զբաղվել… Եթե այդպես է, ստացվում է` մարդը 9 տարի բիզնեսով է զբաղվել, դրանից հետո նրան նշանակել են մարզպետի տեղակալ: Հետաքրքի~ր իրավիճակ է:
2007թ. Ա. Աղաբաբյանը մասնակցել է Արմավիրի քաղաքապետի ընտրություններին եւ պարտվել: Չհաշտվելով պարտության հետ` դիմել է դատարան: «Մարտի 29-ին ԲՀԿ-ի պարտված թեկնածու Արայիկ Աղաբաբյանը դիմել է Արմավիրի առաջին ատյանի դատարան: Թե կոնկրետ ինչից է դժգոհ Ա. Աղաբաբյանը, մեզ երեկ այդպես էլ չհաջողվեց պարզել, որովհետեւ ԲՀԿ լրատվական բաժնի պատասխանատու Բաղդասար Մհերյանն ինքն էլ հստակ չգիտեր: Նա միայն հետեւյալն ասաց. «Այո՛, մեր թեկնածուն բողոքել է, եւ սպասում ենք դատարանի որոշմանը»: Հիշեցնենք, որ ՀՀԿ թեկնածու Ռուբեն Խլղաթյանն ընտրություններում ստացել է 8322 ձայն, իսկ Ա. Աղաբաբյանը` 6844: Ա. Աղաբաբյանը մամուլում հայտարարել էր, թե ինքը դիմել է դատարան, որովհետեւ ընտրությունների ժամանակ «ավանտյուրաներ են տեղի ունեցել», որի արդյունքում ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Խլղաթյանի օգտին գրանցվել է 4000 ապօրինի քվե»,-գրել է այդ օրերի մամուլը: Պարզվում է` Ա. Աղաբաբյանը հաշվարկել էր նախորդ ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը` 12 հազար, այն բաղդատել 2007-ին մասնակցածների թվի` 16 հազարի հետ եւ որոշել, որ 4000 ձայն կեղծվել է, իսկ հետո էլ ավելացրել` իբր մի քանի օրվա ընթացքում 4 հազար թալինցու գրանցել են Արմավիրում… Պարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ անհնար է 4 օրում 4 հազար հոգու գրանցել…
«ԱՌՅՈՒԾԻ ՍԻՐՏ ԷՐ ԿԵՐԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ