Սահմանը խախտելու համար քրեական գործ կհարուցվի՞, վարույթը կփոխանցվի՞ ՀՀ-ին. հանդիպում` Գլխավոր դատախազի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` մարտի 13-ին, Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները հանդիպել են ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Armlur.am-ը փորձեց Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանից տեղեկանալ, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ, և ինչ նոր մանրամասներ կան գործի հետ կապված:

-Պարո´ն Սարգսյան, Գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ գործի հետ կապված ի՞նչ հարցեր են քննարկվել:

– Դատախազի հետ հանդիպման նպատակն այն էր, որ կարողանանք իրավական հարցերի շուրջ մանրամասն քննարկում կատարենք: Հանդիպումը տևել է շուրջ 2,5 ժամ: Քննարկել ենք բազմաթիվ հարցեր, մասնավորապես, թե ինչու Պերմյակովի կողմից սահմանի հատման փորձի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվում:

Որոշակի հարցադրումներ արվեցին, որոնց վերաբերյալ դատախազը խոստացավ նպատակային գործողություններ կատարել: Քննարկել ենք քրեական գործի վարույթի փոխանցման հեռանկարը, թե ՌԴ-ից այդ կապակցությամբ պատասխան ստացել են, թե ոչ: Պատասխան չեն ստացել: Նաև մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ ժամկետներում կարող են ստանալ այդ պատասխանը, չնայած մենք ինքներս էլ գիտենք, որ կոնկրետ ժամկետ որևէ պայմանագրով սահմանված չէ: Բայց, համենայն դեպս, մեզ հետաքրքիր էր, թե, ըստ իրենց` գուցե, փոխադարձ բանավոր համաձայնությունների միջոցով են խնդիրը լուծելու: Իրենք ասացին, որ այս փուլում դեռևս նորություն չկա:

Հաջորդ հարցերից էր գործի քննության արդյունավետ իրականացումը, քանի որ կա երկու քրեական գործ հարուցված` հայկական և ռուսական կողմից, որքանո՞վ փոխհամագործակցությունն արդյունավետ է, Պերմյակովի հետ ի՞նչ գործողություններ կարող են կատարվել և այլն:

Փորձել ենք նաև քննարկել պետական համաձայնագրի դրույթները, որոնցում կան բավականին թերություններ և բացթողումներ: Սա ընդհանուր գծերով ներկայացրեցի: Հանդիպման ժամանակ բավականին մանրամասն, դրվագներով, փաստերով քննարկվել է, պարզապես դրանք արդեն նախաքննության տվյալներին են վերաբերում, և մենք այս փուլում չենք կարող հրապարկել:

– Սահմանը հատելու փորձի համար քրեական գործ հարուցելու վերաբերյալ Ձեր հարցադրամանը Գևորգ Կոստանյանն ի՞նչ պատասխան է տվել, քրեական գործ կհարուցվի՞:

-Այստեղ իրենք քրեական գործի որոշակի տվյալներ ունեն, որոնք մենք չունենք: Բայց այն հանգամանքները, որոնք մեզ ներկայացվեցին, կարծում եմ, այդ պայմաններում անհրաժեշտություն կա ինչ-որ քննչական գործողություններ կատարելու: Չնայած, երբ մենք մեր նկատառումները ներկայացրեցինք, թե ինչ հիմքերով պետք է հարուցվի քրեական գործ, բացասական արձագանքի չարժանացավ, և նշեցին` ևս մեկ անգամ քննարկման առարկա կդարձնեն այդ փաստը և կհայտնեն մեզ: Բայց կոնկրետ հարցի վերաբերյալ իրենց կողմից սպառիչ պատասխան չհնչեց:

– Իսկ վարույթը հայկական կողմին հանձնելու հարցի վերաբերյալ ի՞նչ հայտնեց Կոստանյանը:

– Երբ հղում է կատարվում միջպետական համաձայնագրին, այդ համաձայնագրի 6-րդ հոդվածում շատ հայեցողական ձևակերպում է տրված, որ պարտադիր պայման չկա փոխանցման: Այդ առումով չեմ կարող ասել, թե հավանականությունն ինչքան կլինի: Կարծում եմ` այստեղ կգործեն փոխադարձ համաձայնությունները: Այս պահին հստակ պատասխան չկա: Սակայն, այնպես չէ, որ կոնկրետ սպառիչ պատասխաններ են տրվել դատախզի կողմից: Մենք լավ պատկերացնում ենք, որ համաձայնագրի դրույթների ուժով` այնքան էլ հնարավոր չէ սպառիչ պատասխաններ տալ:

Մեր հարցադրումների պատասախանները մեզ ամբողջությամբ չէին բավարարում: Սակայն փոխադարձ քննարկում էր, որն, ըստ էության, այդ պահին եղած տվյալների պայմաններում մենք որոշակիորեն արդյունավետ ենք համարում:

-Գլխավոր դատախազի հետ կրկին հանդիպում կլինի՞:

-Սա դեռ առաջին քայլն էր: Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ նոր փաստերի, իրողությունների առկայության դեպքում, գուցե, կրկին անհրաժեշտություն լինի հանդիպելու և քննարկելու:

-Իսկ Ավետիսյանների հարազատներն ինչո՞ւ հրաժարվեցին Դատախազի հետ հանդիպումից:

– Նախորդ օրը մենք քննչական վարչությունում էինք, և գործի տվյալների, ապացույցների առումով հարցադրումներ ունեին նրանք: Գլխավոր դատախազի մոտ մենք այս հարցերն, ըստ էության, չէինք կարող քննարկել, քանի որ դա իր լիազորոթյունների շրջանակում չէ: Գլխավոր դատախազի հետ կոնկրետ իրավական քննարկում էինք ունենալու համաձայնագրի հետ կապված, փոխանցման և այլն: Եվ այստեղ Ավետիսյանների իրավահաջորդների հետ քննարկման արդյունքում գտանք, որ իրենց ներկայությունն անհրաժեշտ չէ, և ինչ-որ առումով հնարավոր է նաև, որ թույլ չտա իրավական առումով քննարկում անցկացնելը: Իրենց այլ հարցեր էին հետաքրքրելու, որն այս փուլում Քննչական մարմնի լիազորությունների շրջանակում է:

-Պարո´ն Սարգսյան, իսկ նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննությունների արդյունքները հայտնի՞ են:

-Փորձաքննության եզրակացությունները դեռևս հայտնի չեն: Բայց դրան մասնակցելու ընթացքում մեզ որոշակի մանրամասներ հայտնի է դարձել, որն այս փուլում չենք կարող հրապարակել: Երբ պաշտոնապես եզրակացությունները հրապարակվեն, մենք կփորձենք մեկնաբանել:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս