ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ՝ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու պետական ու մասնավոր բուհերը կանգնած են մասնագետ-կադրեր կորցնելու վտանգի առաջ, քանի որ ուսանողների պակասի պատճառով բուհերի ներսում ֆինանսական խնդիրներ են առաջացել: Ամենամեծ թվով դասախոսներ կրճատվում են Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտից: Եթե այս հաստատությունից անցած տարի տասը  դասախոս կրճատվեց, այս տարի աշխատանքից դուրս մնացող մանկավարժների թիվն անհամեմատ մեծ կլինի՝ շուրջ 80 դասախոս: Մյուսների զբաղվածությունը եւս լիարժեք չէ:
Անցած տարի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար բուհի ղեկավարությունը հեռակա ուսուցման նոր մասնագիտություններով բաժիններ բացեց, սակայն դա էլ չօգնեց, եւ  կադրերի կրճատումն անխուսափելի էր: Բուհը հարկադրված գնալու է այդ քայլին նաեւ այս տարի: Խնդիրը շրջանցելու համար է նաեւ, որ  Մանկավարժականի ներսում այս տարի ավագ դպրոց է բացվել: Կրճատված դասախոսները գուցե տեղափոխվեն այստեղ աշխատելու: Սակայն խոսքն ընդամենը 5-6 մասնագետի մասին է: Պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը շեշտեց. «Մենք միանշանակ մեկ սկզբունքով ենք առաջնորդվելու. դուրս են մնալու այն մասնագետները, որոնք իրենց վրա չեն աշխատել եւ սովորականի նման լսարան մտել դուրս են եկել: Գիտական կոչում ունեցող լուրջ մարդկանց, անգամ եթե թոշակային տարիքի են, մենք կպահենք, որպեսզի նաեւ բուհի հեղինակությունը չտուժի»:
Անցած տարի Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2 ուսանող էր ընդունել, այս տարվա ընդունելության արդյունքները գոհացնող են, բայց դարձյալ բուհում ֆինանսական խնդիրներ կան, եւ հարկադրված նոր կրճատումներ կլինեն: «Մեկ տասնյակի հասնող կադրեր դուրս կմնան, մի այդքանի հետ էլ կկնքվեն ժամանակավոր պայմանագրեր»,-նշեց ռեկտոր Աշոտ Պապոյանը:
Խնդրի լուծումը բուհի ռեկտորը տեսնում է ավանդական դարձած մասնագիտությունները նորերով փոխարինելով: Հաջորդ տարի բուհը 5 նոր մասնագիտություններով  ընդունելություն կկազմակերպի:
Պետության կողմից հավաստագրեր ստացած մասնավոր բուհերում էլ նույն խնդիրն առկա է: Գյումրու «Պրոգրես» համալսարանն անցած տարի էլ, այս տարի էլ կադրերի կրճատման խնդիրն այլ կերպ է լուծում՝ մասնագետներին գործուղելով հանրապետության այլ մարզեր եւ անգամ հանրապետությունից դուրս, մասնավորապես Ջավախք՝ Ախալքալաք, Բոգդանովկա եւ այլն: Կան բաժիններ, որտեղ ընդունելություն չի եղել արդեն երկրորդ տարին:  Խնդրի լուծումը ռեկտորը տեսնում է Գյումրիում պետական համալսարանի հիմնադրման մեջ «Պրոգրես»-ի բազայի վրա: Այս կերպ հնարավոր է մի քանի ոչ պետական բուհեր փրկել փակվելու վտանգից, քանի որ Շիրակի մարզի գյուղերի շատ բնակիչներ ու գյումրեցիներ պետական համալսարանում սովորելու համար ստիպված չեն լինի գնալ Երեւան:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս