ՈՒՄ ՀԱՄԱՐ՝ ՏՈՆ, ՈՒՄ ՀԱՄԱՐ՝ ՀՈԳՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ի՜նչ արած, ո՞վ չի ուզենա իր երեխային ամենալավը հագցնել: Ի՞նչ անեմ, բանվոր տղա եմ, վարձով եմ ապրում ու առաջին երեխայիս եմ ճանապարհում, ճարս ի՞նչ, կաշվից էլ դուրս գամ` պետք է անեմ»,-սեպտեմբերի մեկին ընդառաջ՝ «Ժողովուրդ»-ին սրտնեղելով ասաց 30-ամյա Վոլոդյա Սիմոնյանը:
Սիմոնյանների ընտանիքն ապրում է Աջափնյակ համայնքի թիվ 44 շենքում: Հայրն ընտանիքի միակ աշխատողն է, որը փորձում է օրվա հացը վաստակել` բանվորություն անելով խանութներից մեկում: 7-ամյա Դավիթն ընտանիքի միակ դպրոցականն է, որին ծնողները, ինչպես իրենք նշեցին, մի կերպ ճանապարհելու են դպրոց:
Թե ինչ արժե սեպտեմբերի մեկը նրանց ընտանիքի համար, Վոլոդյա Մանուկյանը հստակ հաշվարկել է. «60 հազարից ոչ պակաս: Պետք են շորեր, պայուսակ, գրենական պիտույքներ, բայց նախատեսվածին էլի գումար պետք է ավելացնենք, քանի որ այս գումարին միայն գնել ենք անհրաժեշտ իրերի կեսը: Աշխատում ենք մեր երեխաների համար, բայց հավատացե՛ք, հեշտ չէ ապրել վարձով ու դրա հետ մեկտեղ լավ ուտելու եւ հագցնելու մասին մտածել»,-ասաց նա:
Նույն իրարանցումը Մանուկյանների ընտանիքում է: «Բավական թանկ է նստում սեպտեմբերը մեզ վրա: Պայուսակները, գրենական պիտույքները յուրաքանչյուրի համար արժենում են 15 հազար, եթե ոչ ավելի: Միջինն ենք գնել, ոչ ամենաթանկարժեքները: Իսկ եթե հագուստներն էլ գնենք, ապա յուրաքանչյուրի համար մոտ 40-45 հազար դրամ կծախսենք»,-պատմեց մայրը, իսկ Գուրգեն Մանուկյանը, որը նույնպես դժգոհ է գներից, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ դեռ ամեն ինչ նոր է սկսվել: «Է՜հ, գիտեք՝ ուղարկեցինք դպրոց ու սենց պրծանք, հա՞: Դուք դեռ չեք պատկերացնում՝ հետո ինչ է կատարվում, ամեն օր փող, փող ու էլի փող է, որ հավաքում են  դպրոցում»,-նշեց նա:
Ծնողներից շատերը չցանկացած խոսել` պատճառաբանելով, որ ոչինչ էլ չի փոխվելու, ամեն տարի էլ պատկերն այդպիսին է լինում: «Դժվարությունների գնով ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները հետ չմնան, բայց մեկ է` աչքդ մնում է շատ բաներին կարոտ»,-ասաց 35-ամյա  Անուշը, որը մանկապարտեզում դայակ է աշխատում:
Ինչեւէ, սեպտեմբերի մեկին քիչ ժամանակ է մնացել: Ով ինչպես կարողանում՝ պատրաստվում է: Ցավոք, կան նաեւ երեխաներ, որոնց համար այդ օրը ոչ թե տոն է եւ ընկերներին արձակուրդային ընդմիջումից հետո տեսնելու առիթ, այլ պատշաճ հագուկապ չունենալու պատճառով սրտնեղելու եւ իրենց վիրավորված զգալու օր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս