ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
ՌԴ Կորոլյով քաղաքում տղան դանակահարել է հորը, որը գտնվել է ոչ սթափ վիճակում: Նախնական տվյալներով` սպանության օրը հարբած տղամարդը մտել է տուն եւ տղայից պահանջել կարգավորել համակարգիչը: Տղան, տեսնելով հարբած հորը, հրաժարվել է կատարել նրա պահանջը: Երբ տղան չի արձագանքել նրա ասածներին, դանակով կտրել է համակարգչի հոսանքալարերը: Դրան ի պատասխան` տղան վերցրել է նույն դանակն ու հարվածներ հասցրել հոր կրծքավանդակի շրջանում, ինչի արդյունքում նա տեղում մահացել է: Կատարվում է հետաքննություն:
ՀԱՆՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
«Գերմանիայի Հումբոլդտի անվան համալսարանի ուսանողները մերկացել են էրոտիկ օրացույցում լուսանկարվելու համար` հանուն ուսման պայմանների բարելավման»,-գրում է Bild-ը: Ակցիան կազմակերպել են ֆիզկուլտուրայի ֆակուլտետի ուսանողները, որտեղ սովորում է ավելի քան 1000 ուսանող: Նրանցից 24-ը մասնակցել է նկարահանմանը՝ յուրաքանչյուրը ցուցադրելով իր մարզաձեւը: Վաճառքից ստացված գումարը հատկացվելու է դասախոսներին, քանի որ համալսարանը այժմ չի կարող վճարել նրանց: Մեկ օրացույցի արժեքը 39,90 եվրո է: Օրացույցի վաճառքից ստացված գումարով ուսանողները ցանկանում են վճարել նաեւ այն մարզաձեւերի դասախոսներին, որոնք այլեւս չեն դասավանդվում ֆինանսի բացակայության պատճառով:
100-ԱՄՅԱ ՎԱՐՈՐԴԸ
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 100-ամյա վարորդը, որը սեպտեմբերի 5-ին դառնում է 101 տարեկան, վրաերթի է ենթարկել 11 հետիոտնի: Տուժածներից 9-ը երեխաներ են: Նրանցից 4-ի վիճակը ծանր է եղել, սակայն ավելի ուշ կայունացել է: Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը մեքենան վարել է կրթական հաստատություններից մեկի տարածքում: Ոստիկանությունը վարորդի գործողությունները կապել է նրա տարիքի հետ: Թե ինչ պատիժ է սպասվում նրան, չի հաղորդվում:
ԱՄԵՆԱՄԵԾ ՔԱՆԴԱԿԸ
«Անգլիայի հյուսիսում հայտնվել է պառկած կնոջ հսկայական լանդշաֆտային քանդակը, որի հեղինակն է Չարլզ Ջենքսը»,-գրում է The Press Association-ը: Այս արվեստի գործը, որի երկարությունը մոտ 400 մ է, աշխարհում մարդու ամենամեծ քանդակն է: «Նորտումբերլանդիա» անունը կրող քանդակը ստեղծվել է Շոտտոն գյուղից ոչ հեռու՝ քարերից, հողից եւ լեռնային ապարներից: Ստեղծման համար օգտագործվել է մոտ կես մլն տոննա խարամ: Քանդակին տեղի բնակիչները ոչ միանշանակ են արձագանքել: Նրանք այն «գեր անզգամ» են անվանել, նախագծի հեղինակներին մեղադրել կանանց նկատմամբ խտրականության մեջ: