ՀԱՐՑ. Վերջերս եմ վերադարձել Մոսկվայից եւ ունեմ ՌԴ քաղաքացիություն: Ուզում եմ ուսումս շարունակել Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Խնդրում եմ մանրամասն ասել, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ՝ տվյալ բուհում սովորելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են ընդհանուր հիմունքներով սովորել Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
ա) հարցաթերթիկ,
բ) դիմում՝ հասցեագրված ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
գ) ինքնակենսագրություն,
դ) նոտարի կողմից հաստատված կրթության վկայականի պատճենը՝ նշելով ուսումնասիրված առարկաները եւ հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը),
ե) բժշկական եզրակացություն, որը վկայում է այն մասին, որ անձը չունի բժշկական հակացուցումներ ՀՀ կլիմայական պայմաններում բնակվելու եւ համապատասխան ուսումնական հաստատությունում սովորելու համար, ինչպես նաեւ ընդհանուր առողջական վիճակի, պաթոլոգիաների եւ ՁԻԱՀ-ի մասին,
զ) նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
է) լուսանկար (3×4 չափի` 6 հատ):
4-րդ եւ 6-րդ կետերում նշված փաստաթղթերը վավերացվում են տվյալ երկրում ՀՀ դեսպանության կողմից եւ լեգալացվում տվյալ պետության արտաքին գործերի նախարարությունում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ Սառա Հովակիմյանի եւ ՀՀ բուհերում սովորել ցանկացող այլ երկրների քաղաքացիների անելիքը, կարծում ենք, լիովին պարզ է: