«Գալիս է մի պահ, որ չես ուզում «գլուխ դնել» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արփին (Արփի Շահնուբարյան), ով վերջերս հանդես եկավ ժողովրդական երգի այլընտրանքային մատուցմամբ, այն կարծիքին է, որ մարդու աչքը հոգնում է միանման մատուցումներից եւ դրանից խուսափելու համար հարկավոր է նորովի ներկայանալ: Ժողովրդական երգի նրա մեկնաբանությունը, ի տարբերություն նախորդ «ձախողված» փորձերի, արժանացավ գովեստների: Արփին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծել է, որ երգարվեստում իր առջեւ դրված գլխավոր նախապայմանը երգի հետ անկեղծ լինելն է:

-Արփի՛, օրերս հանդիսատեսի դատին հանձնեցիք նոր տեսահոլովակ` Գուսան Շահենի «Զեփյուռի նման» երգի հիմա վրա: Այս մատուցումը, համեմատած ժողովրդական երգը նորովի ներկայացնելու նախորդ քննադատված փորձերի հետ, շատ համարձակ չէր. այս անգամ ձգտել էիք մինիմալիստական մոտեցում ցուցաբերել: Կրկին քննադատվելո՞ւց էիք խուսափել:

-Չէի ասի, թե միտումնավոր խուսափել եմ դրանից, պարզապես գալիս է մի պահ, երբ հոգնում ես, չես ուզում քննադատների հետ «գլուխ դնել», միեւնույն է` այդ խոսակցություններն անխուսափելի են: Ամեն դեպքում, փորձեցի արդիական ու տարբերվող մի գործ մատուցել:

arpi

-Որոշ քննադատներ այն կարծիքին են, որ ժողովրդական երգը պետք է պարտադիր մատուցվի առանց իմպրովիզների, իսկ ինչ վերաբերում է արտաքին տեսքին, երգիչը, ըստ նրանց, պետք է հանդես գա միայն տարազով: Ձեզ ինչ-որ չափով հաջողվե՞լ է կոտրել այս կարծրատիպը:

-Նոր տեսահոլովակի առիթով ստացած արձագանքներից կարելի է եզրակացնել, որ այո՛, ստացվել է: Ի վերջո, մարդու աչքը հոգնում է միանման մատուցումներից, այն անընդհատ ինչ-որ նոր բան է փնտրում: Եթե ես, օրինակ, տարազ հագնեի, կկրկնեի շատերին, արդեն հետաքրքիր չէի լինի: Միեւնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ նոր մատուցումը պարտադիր պետք է աչք շոյող լինի:

-Ժամանակին, երբ երգչուհու Ձեր ոչ ստանդարտ կերպարը ենթարկվեց քննադատությունների, «Իմն ես» երգի շրջանակում հանդիսատեսին ներկայանալով բոլորովին նոր ոճում` Դուք միանգամից ընդունվեցիք նրա կողմից: Էլի նման կտրուկ փոփոխություն կարո՞ղ ենք ակնկալել:

-Իմ, Դավոյի եւ Դեր Հովայի համագործակցությունը, իսկապես, պետք է համարել հաջողված: Ի դեպ, ամեն տարի պայմանավորվում ենք կրկին միասին մի նոր հիթով հանդես գալ, սակայն նախաձեռնությունը ձգձգվում է: Ամեն դեպքում, չի բացառվում, որ էլի միասին աշխատենք:

arpi

-Գիտենք, որ պատրաստվում եք թողարկել Ձեր առաջին CD-ն, որը ժողովրդական երգերի հավաքածու է` նոր ու թարմ մշակումներով: Հետաքրքիր է` դրանում եթերներում «արգելված» տեսահոլովակով «Մարտիկի երգը», քննադատությունների արժանացած այլ գործեր կընդգրկվե՞ն:

-Անպայման: Եթե «Մարտիկի երգի» տեսահոլովակը միանշանակ չընդունվեց, ապա երգի մասին դրական կարծիքները շատ էին: Նշեմ, որ փոքր նվագախումբ էինք ձայնագրել այս երգի համար: Ես, առհասարակ, կողմ եմ կենդանի ձայնագրություններին: Տեսահոլովակում ընդգրկել ենք նաեւ Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգի մեկնաբանության մեր տարբերակը:

-Եթե հաշվի առնենք, որ «Hayway» խումբն այսօրվա ամենաեկամտաբեր ժանրից` ռաբիս երաժշտությունից հեռու է, հետաքրքիր է` բենդի կազմում հանդես գալով` կարողանո՞ւմ եք բավականաչափ վաստակել, այնքան, որ տեսահոլովակների թողարկումը հաճախակի բնույթ կրի:

-Պատկերացրեք` այո: Մեր ծրագրի մեջ ունենք ջազ, սոուլ, բլյուզ, փոփ, դիսկո, լատինական եւ նույնիսկ թեթեւ ռոքային ստեղծագործություններ: Մենք խմբով հաճախ ժանրային փոփոխությունների ենք դիմում, հանդես գալիս ջազայինից մինչեւ ժողովրդական կատարումներով: Գիտեք՝ մարդիկ հոգնել են նույնական երաժշտությունից եւ բենդային նոր կատարումներ են ուզում լսել:

arpi2

 

arpiiiiiii

Աննա Բաբաջանյան




Լրահոս