Լատվիայի Ազգային գրադարանում մարտի 13-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որի նմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտևը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Իվան Կլեմենտևը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը, հայկական, հրեական, ռուսական և բելառուսական համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը աջակցել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի Բալթյան երկրների հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:
Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը: Բանախոսները մասնավորապես նշել են, որ Ռիգայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացումը կարևոր քայլ է մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նրանք ընդգծել են, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է:
Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը նշել է, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել, չի կարելի բացառել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը: