ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ԳԱՂՏՆԻ ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը մինչեւ 2012 թվականը կտրականապես հերքում էր, թե Հայաստանի բնակչության շրջանում արտագաղթ չկա, դրանք արտագնա աշխատանքի մեկնողներ են, գարունը գնում են, աշնանը վերադառնում: Հետո ստիպված ընդունեցին, որ արտագաղթ կա: 2013-ին ՀՀ իշխանությունները նույնիսկ մեկ միլիոն եվրո դրամաշնորհ «կպցրեցին», իբր արտագաղթը կանխարգելելու համար, բայց արտագաղթը այդպես էլ չկանխեցին, իսկ թե նշված դրամաշնորհը ինչ նպատակներով ծախսվեց, մնաց անհայտ: Բացի այդ՝ 2013-ին պետբյուջեից գումար հատկացրին, որպեսզի արտագաղթի պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրություն կատարեն: Սակայն այդ հետազոտության տվյալներն այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեցին: Այդ փաստաթուղթը քիչ էր մնում հույժ գաղտնի հայտարարեին: Իսկ պատճառը շատ պարզ է՝ նշված հետազոտության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ հետազոտություն անցկացնելու դրությամբ՝ 2013-ի հուլիս-օգոստոս ամիսներին, 213 հազար մարդ արդեն որոշած է եղել Հայաստանից հեռանալ: Դժվար է ասել՝ նշված 213 հազարից անցած ժամանակաշրջանում որ մասն է հեռացել: Բայց փաստ է, որ այդ ցուցանիշն անցած 1,5 տարում հաստատ աճել է, քանի որ այս ընթացքում Հայաստանում տեղի չի ունեցել ոչ մի իրադարձություն, որը մարդկանց ետ կպահեր իրենց հայրենիքից հեռանալու մտքից: Ավելին՝ իշխանությունները շարունակում են ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացին հայրենիքում իրեն անապահով եւ անպաշտպան զգա ու այլեւս ոչնչով կաշկանդված չլինելով՝ հեռանա Հայաստանից:

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաեւ ասել է, որ ինքը օրերս զրուցել է Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Բաբայանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տված իմ վերջին հարցազրույցից հետո Սամվել Բաբայանը ցանկացավ պարզաբանում տալ: Նա ասաց, թե ինքը նման հայտարարությամբ երբեք հանդես չի եկել, թե մտադիր է առաջնորդել ընդդիմությունը: Իր անունից են նման հայտարարություններ արել: Ու ինքը նշեց, որ չի ցանկանում առաջնորդել ընդդիմությանը»,- հայտնեց Արթուր Թովմասյանը:

 

 

 

 
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դեռեւս այս տարվա փետրվարի սկզբին սկսված ստուգումներն ի վերջո ավարտվել են: Սակայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դեռ չի շտապում հրապարակել աուդիտների արդյունքները, եւ հայտնի էլ չէ՝ կհրապարակեն, թե ոչ: Թերեւս պատճառը մեկն է՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռ չի որոշել, կամ ավելի ճիշտ՝ նրան դեռ չեն ասել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մնալու է իր պաշտոնում, թե պետք է հեռանա: Ուստի, երբ վերջնական որոշումը կայացվի Թոքմաջյանին «պոլիտեխնիկի» ռեկտորի պաշտոնից ազատելու մասին, այդ ժամանակ էլ աուդիտի արդյունքները կհրապարակվեն, որպեսզի հիմնավորեն նրան չվերանշանակելը: Իսկ եթե որոշվի, որ ներկա ռեկտորը շարունակելու է պաշտոնավարել, ապա ստուգումների արդյունքները կդրվեն «կոմպրոմատների» տրցակի մեջ՝ ապագայի համար:

 

 

 
Առաջիկայում Հայաստանում վիճակախաղերի հերթական նոր խմբաքանակը կողողի շուկան: Համենայն դեպս դա է վկայում ՀՀ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների եւ ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի՝ փետրվարի 27-ին տեղի ունեցած նիստի եզրակացությունը: Ըստ այդմ, որոշվել է «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին թույլատրել կազմակերպել «Տուր ձեռքդ», «Լողափ», «Սառցե ոսկի», «Դրամատուփ», «Գրքեր», «Հաղթանակ», «Լուսին 2013», «Մրգամոլուցք», «Ոսկի», «Ուրախ բաղնիք», «Պրոֆեսոր» եւ «Ջրաշխարհ» վիճակախաղերը: Հեռուստաեթերի գովազդները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Հայաստանում զարգացող միակ ոլորտը դարձել են վիճակախաղերը: Այս երեւույթն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ փորձը ցույց է տվել, որ որքան հասարակությունն աղքատ է եւ գումար վաստակելու հնարավորությունից զրկված, այնքան նրա ներկայացուցիչներն ավելի շատ են սկսում վիճակախաղերին տրվել` երբեմն վճարելով իրենց վերջին փողերը:

 

 

 
ՁԳՁԳՈՂԱԿԱՆ

Արդեն մարտի երկրորդ տասնօրյակն է, եւ անցած նոյեմբերին արած հայտարության համաձայն՝ Սերժ Սարգսյանը պետք է որ արդեն հայտներ իր դիրքորոշումը` կապված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ: Այս ընթացքում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը կարողացավ բլից կարգով վերացնել սահմանադրական բարեփոխումների անցկացման հարցում հիմնական խաչընդոտը` ի դեմս ԲՀԿ-ի եւ մասամբ նաեւ՝ ՀԱԿ-ի: Ուստի հիմա պետք է որ այլեւս ոչինչ չխանգարեր Ս. Սարգսյանին` խոստացված ժամկետում իր դրական եզրակացությունը հայտնելու հարցում: Սակայն ինչպես երեկ հայտարարել է Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը. «Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մեր երկրի քաղաքական ուժերի հետ, եւ վաղվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Քննարկումների վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»:
Թե որն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը լրացուցիչ քննարկումների անցկացման կարիք է զգում, դժվար է միանշանակ ասել: Գուցե ներքաղաքական շոկոթերապիայի վերջին սեանսից հետո նա ցանկանում է հարցը մի որոշ ժամանակ էլ ձգձգել, որպեսզի այդ ընթացքում նաեւ ԲՀԿ-ն կարողանա վերջնականապես վերաձեւել եւ վերանայել իր դիրքորոշումը: Ի վերջո, ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էր, որ 2012 թ-ին հայտարարեց այլ ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Շուրջ երկու շաբաթ ինտենսիվորեն ընթացած այդ կոնսուլտացիաների հիմնահարցերից մեկն էլ հենց սահմանադրական փոփոխությունների հարցն էր:
Սահմանադրական փոփոխությունների հետ կապված քաղաքական ուժերի հետ քննարկումներ սկսելու պատճառներից մեկը կարող է լինել բռնաճնշումների սպառնալիքներով կուսակցություն քանդողի իմիջից ձերբազատվելու եւ քաղաքական ուժերին կոնսոլիդացնողի իմիջով հանդես գալու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունը: Ի վերջո, իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա մշտապես ցանկացել է հանդես գալ համազգային առաջնորդի դերում, եւ նրա պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ չէ, որ շրջանառվել է ազգային համաձայնության կառավարության ստեղծման գաղափարը:
Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ լրացուցիչ քննարկումների, ավելի ճիշտ` հարցի լրացուցիչ ձգձգման այս գործընթացը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով: Պարզ է, որ Ս. Սարգսյանն առանց քաղաքական կենտրոնների համաձայնության չի կարող Հայաստանում կառավարման մոդելի փոփոխություն իրագործել: Եվ հնարավոր է, որ այս հարցում դեռեւս վերջնական համաձայնեցման եւ ճշգրտումների խնդիր կա:
Ամեն դեպքում, ՀՀԿ-ականներին արդեն իսկ տրված է համապատասխան հրահանգը` տեղերում սկսել սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման գործընթացը: Իսկ թե երբ, եւ արդյոք այն կիրագործվի, հստակ կդառնա արդեն կարճ առաջիկայում:




Լրահոս