ԱՐՏԱԳԱՂԹԻ ՄԱՍԻՆ ԿՈՐԱԾ ԶԵԿՈՒՅՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին երկու ամիսների տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արտագաղթի տեմպերը ոչ միայն չեն նվազել մեր երկրում, այլեւ ընդհակառակը՝ շարունակելու են աճել: Ինչպես հայտնի է՝ մինչեւ 2012 թվականը Սերժ Սարգսյանը եւ ընդհանրապես ՀՀ իշխանությունները հերքում էին, թե Հայաստանից արտագաղթ կա, եւ պնդում էին, որ մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ գարնանը մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ աշնանը նորից վերադառնում:

Հետագայում, երբ բանը բանից անցավ, եւ այլեւս անհնար էր հերքել արտագաղթի փաստը, սկսեցին հայտարարել, թե, հա՛, կա, բայց այդքան էլ սարսափելի չէ, որքան որ մամուլն ու ընդդիմադիր գործիչներն են այն ներկայացնում: ՀՀ իշխանությունները նույնիսկ հաջողացրին մեկ միլիոն դրամաշնորհ «կպցնել»՝ արտագաղթը կանխելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու համար: Ի դեպ, նշված գումարը հատկացրել էր եվրոմիությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:
Հետագայում այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ գումարը ինչ նպատակներով ծախսվեց, եւ արդյո՞ք դրա շնորհիվ գոնե մեկ պոտենցիալ արտագաղթող հրաժարվեց իր մտադրությունից: «Ժողովուրդ»-ը այս խնդրին բազմիցս անդրադարձել է, բայց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունն այդպես էլ հսկակ չի պարզաբանել, թե մեկ միլիոն եվրոն ինչ են արել: Իսկ 2013-ի ամռանը ՀՀ Կառավարությունը 14 միլիոն դրամ հատկացրեց, որպեսզի ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը մասնագիտական հետազոտություն անցկացնի` արտագաղթի պատճառները պարզելու համար: Այդ հետազոտությունը դեռեւս անցած` 2014 թվականի սկզբից պատրաստ է, սակայն այն այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց: Ակնհայտ է, որ հետազոտության արդյունքները, մեղմ ասած, ոչ մի լավ բան չէին խոստանում, եւ ՀՀ իշխանությունները որոշել էին «ծածկադմփոց» անել, որպեսզի թեման լայն տարածում չստանար:
Սակայն պարզվում է՝ այդ «գաղտնի» փաստաթուղթը դեռեւս 2014-ին անաղմուկ հրապարակվել է հետազոտությանը մասնակցած միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից: Ըստ այդմ տեղեկանում ենք, որ ուսումնասիրության ընթացքում հարցման նպատակով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցներն այցելել են Հայաստանի 14 հազար 882 տնտեսություններ, որոնցից համաձայնել են ամբողջությամբ հարցմանը մասնակցել 7 հազար 890 տնային տնտեսությունների ներկայացուցիչներ: Սակայն ամենասահմռկեցուցիչը փակ դռների ցուցանիշներն են, ընտանիքի անդամների՝ Հայաստանում չգտնվելու պատճառով փակ դռների թիվը եղել է 1.584: Իսկ 3 հազար 166-ը եղել են այն տնային տնտեսությունները, որոնց դռները փակ են եղել, բայց նշված է, որ ընտանիքը Հայաստանում է: Հայաստանից հեռացած, փակ դռների ամենամեծ ցուցանիշը արձանագրվել է Գեղարքունիքի մարզում` 298 տնային տնտեսություն, Լոռու մարզում այդ ցուցանիշը եղել է 231, Կոտայքի մարզում՝ 207, իսկ Երեւանում՝ 163: Հարկ է արձանագրել մեկ փաստ եւս` 8 հազար տնային տնտեսության հարցման ենթարկելու համար ԱՎԾ-ի աշխատակիցները փաստորեն ստիպված են եղել 15 հազար տնային տնտեսություն այցելել:
Հարցման ենթարկված ընտանիքների բնակչության ընդհանուր թիվը կազմել է 31 հազար 118 մարդ, որոնցից աշխատանք ունեցող կամ ինքնազբաղվածները եղել են 38 տոկոսը, աշակերտները կամ ուսանողները կազմել են 15,5, թոշակառուները` 14,9, գործազուրկները` 13, 9, տնային տնտեսուհիները` 8,6, խնամքի տակ գտնվողները` 8,5 տոկոս: Այս հարցման արդյունքները կարելի է տարածել ընդհանուր հանրապետության վրա, եւ ըստ այդմ ստացվում է, որ Հայաստանում աշխատում է, ասել է թե՝ արդյունք է ստեղծում բնակչության 38 տոկոսը: Ստացվում է՝ բնակչության մոտ մեկ երրորդը «պահում» է մնացած երկու երրորդին: Սակայն, եթե հաշվի առնենք այն փաստը, որ աշխատանք ունեցողների 26 տոկոսը պետական հատվածում աշխատողներն են, ապա պատկերն ավելի մռայլ է դառնում: Եթե ասում են զբաղվածների 26 տոկոսը, դա նույն է թե՝ վերը նշված 38-ի 10 տոկոսը: Այսինքն՝ իրականում ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունում արդյունք է ստեղծում բնակչության 28 տոկոսը, իսկ մնացածը սպառում են վերջիններիս ստեղծածը:
Առաջիկայում առանձին հրապարակմամբ կանդրադառնանք նաեւ այս հետազոտության այն հատվածին, որը վերաբերում է արտագաղթի միտումներին եւ պատճառներին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեկտեմբերին արձակուրդ մեկնելու դիմում է ներկայացրել, բայց հաջորդ օրն իսկ «վերադարձել» է արձակուրդից: Փաստաթղթերով այնպես է ներկայացվել, որ Թովմասյանի արձակուրդ մեկնելուց մեկ օր հետո շտապ իրադարձություններ են տեղի ունեցել խորհրդարանում, եւ նա ստիպված է եղել վերադառնալ աշխատանքի: Արդյունքում՝ Հրայր Թովմասյանը նախ՝ արձակուրդային է ստացել, իսկ աշխատանքի վերադառնալով՝ նաեւ աշխատավարձ: Ասել է թե՝ կրկնակի է վարձատրվել: Երեկ, ի վերջո, ԱԺ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ Հ. Թովմասյանն իրոք դեկտեմբերի վերջին արձակուրդ է մեկնել, այնուհետեւ ստիպված է եղել վերադառնալ` ստեղծված աշխատանքային վիճակի պատճառով: Այս իրավիճակը ուշագրավ է այն առումով, որ Հրայր Թովմասյանը վերջին շրջանում ամեն կերպ փորձում է կրճատել ԱԺ աշխատակազմի շարքային աշխատակիցներին վճարվող գումարները` այդ ամենը պատճառաբանելով ԱԺ-ի ֆինանսական սուղ պայմաններով եւ խնայողության անհրաժեշտությամբ: Ստացվում է՝ շարքային աշխատակիցների համար ԱԺ-ն գումար չունի, իսկ աշխատակազմի ղեկավարին կրկնակի վարձատրելու համար ունի:

 

ԵՐԵՔ ՀՈԳԻ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնի համար քննարկվում են երեք թեկնածուների անուններ` Միքայել Մելքումյան, Վահան Բաբայան, Վահե Էնֆիաջյան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռ հստակ որոշում չկա, եւ որոշվել է հարցը քննարկել ԲՀԿ խմբակցությունում` երեք թեկնածուների առաջադրումից հետո անցկացնելով բաց քվեարկություն: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես ներողություն եմ խնդրում իմ լրագրող գործընկերներից, բայց այսուհետ որոշ ժամանակ ես լրատվամիջոցների հարցերին չեմ պատասխանելու, քանի որ ներկուսակցական լրջագույն կազմակերպչական խնդիրներ կան, ու ես բացառապես զբաղված եմ լինելու ներկուսակցական խնդիրներով»:

 

ՄԵՐ ԱՍԱԾՆ ԷԼ ՀԵՆՑ ԴԱ Է
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արժութային միություն ստեղծելու հարցով մինչ օրս ոչ մի քննարկում տեղի չի ունեցել: Նա նաեւ հայտարարել է, որ նման բան նախատեսված չէ նաեւ մինչ օրս ստորագրված փաստաթղթերով: Խնդիրն էլ հենց դա է, որ նման բան չի քննարկվել եւ ոչ էլ ստորագրված փաստաղթերով է նման բան նախատեսված, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր կառավարությանը եւ ՌԴ կենտրոնական բանկին հանձնարարել է մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը այդ հարցը լուծել: Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանը, կարող են մեկ գիշերում որոշում փոխել` երկրին փաստի առաջ կանգնեցնելով, ուստի բացառված չէ, որ առաջիկայում նա կհայտարարի, որ մանկությունից հենց արժութային միության մասին է երազել:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԻՆՔԸ ՊԻՏԻ ՈՐՈՇԻ՞
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ԲՀԿ-ից չդադարող «առնետավազքին», ասել է. «Շատ բնական եմ համարում, եւ սա «առնետավազք» չէ, պարզապես կուսակցությունը ձեւավորել է Գագիկ Ծառուկյանը, եւ այդ առումով ինքը բավականին լուրջ դերակատար էր, մեծամասամբ քաղաքական հավատամքի խնդիր կար, մարդիկ համախմբվել էին, այսօր Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ չէ, եւ յուրաքանչյուրը պարտավորությունից ազատվում է»: Իսկ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված էլ ԱԺ նախագահը նշել է, որ միանձնյա որոշման խնդիր ունի, եւ վերջնական եզրակացությունն օրեր անց կհրապարակվի:

 

«ՀԱՆՈՒՆ» ԵՐԿՐԻ
Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վերստին կառաջադրվի նախագահի պաշտոնում: «Մեր հաջողությունների բազայի վրա, որոնց մասին դուք գիտեք, մենք պետք է առաջ շարժվենք մեր պետականության ամրապնդման համար: Դրա համար ես եկել եմ այստեղ եւ ելույթ ունենալով ձեր առջեւ՝ երեւի կհամաձայնեմ ձեզ հետ իմ թեկնածության առաջադրման հարցում»,-նշել է Նազարբաեւը իր կուսակցության համագումարի ժամանակ: Նշենք, որ Ղազախստանի ԿԸՀ-ն երկրի նախագահի թեկնածուի եւս երկու հավակնորդի է գրանցել:

 

ՈՂՋՈՒՆԵԼ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Բաքվում Եվրոպական առաջին խաղերին հայ մարզիկների մասնակցությունը: «Լավ լուր է, որ հայ մարզիկները մրցելու են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում: Հուսով եմ՝ Ադրբեջանը կողջունի որոշումը»,-գրել է համանախագահը թվիթերյան իր էջում:

 

ՉԻ ՀԱԿԱԴԱՐՁԵԼՈՒ
Երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը հայտարարել էր, թե կուսակցությունից իր հեռանալու պատճառը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի ինտրիգային բնավորությունն է եւ վերջինիս հետ անձնական խնդիրները: Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է անձնական հարթությունում որեւէ կերպ պատասխանել Աղաբաբյանի հայտարարություններին: «Ո՛չ ես, ո՛չ «Բարգավաճ Հայաստան»-ի իմ գործընկերներից որեւէ մեկը չենք ներքաշվելու անձնական տիրույթում գտնվող ոչ վայել երկխոսության մեջ: Ես չեմ արձագանքելու Արայիկ Աղաբաբյանին: Հասկանում եմ, որ լրատվամիջոցների համար սա լավ թեմա է՝ հերթական սկանդալային նյութը գրելու համար, բայց ես իմ գործընկերներին եւս խնդրել եմ, որ Արայիկ Աղաբաբյանի հայտարարություններին չարձագանքեն: Ես հարգում եմ նրա որոշումը, դա իր անձնական որոշումն էր»:

 

ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԸ
Լեհաստանը հույս ունի, որ մայիսին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արեեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովին պաշտոնական Երեւանը կհստակեցնի իր դիրքորոշումը՝ ներկայացնելով Եվրամիության հետ համագործակցության հնարավոր սահմանները: Այդ մասին երեկ ասել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին` չբացառելով, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ առանց խորը եւ համապարփակ առեւտրի բաղադրիչի:

 

ԴՐԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ: Նախարարը կարեւորել է այն, որ անձամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից տրվել են հայ մարզիկների անվտանգությունն ապահովող երաշխիքներ:




Լրահոս