Մարտի 7-ին Գյումրի քաղաքի սպանված բնակիչներ Սամվել Հակոբյանի` Մոստիկի եւ Քրիստ Վարդանյանի գործերը կքննվեն մեկ վարույթում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տղաները սպանվելուց ժամեր առաջ միասին են եղել եւ սպանվել են նույն ժամանակահատվածում, տարբեր տեղերում:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կմ-ի հատվածում՝ Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում՝ ձորում, հայտնաբերվել էր Քրիստ Վարդանյանի դիակը: Նախնական տվյալներով՝ նրան նախ սպանել էին, ապա՝ դրել իր մեքենայի մեջ ու գլորել ձորը: Նշել էինք, որ Քրիստը նախկինում 5 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտված եղել սպանության փորձ կատարալու համար եւ կալանավայրից դուրս էր եկել 2013 թվականին:
Այս առեղծվածային սպանության հաջորդ օրը՝ մարտի 8-ի ուշ երեկոյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ձորակում հայտնաբերվել էր Սամվել Հակոբյանի դին, որը Գյումրիի քրեական շրջանում առավել հայտնի է Մոստիկ մականվամբ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Մոստիկն ու Քրիստ Վարդանյանը մտերիմ ընկերներ են եղել:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին երկու ընկերների առեղծվածային սպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ Սամվել Հակոբյանն ու Քրիստ Վարդանյանը մարտի 7-ին եղել են միասին: Սամվել Հակոբյանը` Մոստիկը, դեպքի օրը գնացել է Քրիստ Վարդանյանի տուն, վերջիններս նստել, երկար զրուցել են եւ ունեցել են լավ տրամադրություն: Երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մոստիկը հաջողություն է ասել ընկերոջը եւ գնացել է նրանց տանից: Ավելի ուշ՝ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Քրիստ Վարդանյանն է տանից դուրս եկել: Վերջինիս ընտանիքի անդամները՝ տեսնելով, որ Քրիստն ուշանում է, ժամը 22:00-ի սահմաններում զանգահարել են նրան: Վերջինս, պատասխանելով հեռախոսազանգին, ասել է, թե շուտով կգա, սակայն այդպես էլ չի եկել: Ընտանիքի անդամները երկրորդ անգամ են զանգահարել Քրիստ Վարդանյանի բջջային հեռախոսին, բայց այս անգամ նա հեռախոսազանգին չի պատասխանել: Անհանգստացած հարազատները զանգահարել են Սամվել Հակոբյանին` Մոստիկին, որպեսզի հասկանան, թե արդյո՞ք նա տեղյակ է, որտեղ կարող է լինել Քրիստը: Սակայն Մոստիկի հեռախոսն էլ է անջատված եղել: Ավելի ուշ տղաներին տարբեր վայրերում գտել են սպանված վիճակում: Ի դեպ, Սամվել Հակոբյանին սպանել են բութ գործիքով, իսկ Քրիստ Վարդանյանին՝ հրազենով:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով Քրիստ Վարդանյանին եւ Սամվել Հակոբյանին սպանել են նույն ժամանակահատվածում: Ի դեպ, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Քրիստ Վարդանյանի մայրիկին անգամ չեն էլ հայտնել, որ իր որդուն սպանել են: Ասել են, թե վերջինս մահացել է ավտովթարից:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ սպանված Քրիստ Վարդանյանը եւ Սամվել Հակոբյանը ճանաչել են միմյանց եւ նրանց սպանություններից նախորդած ժամանակահատվածում գտնվել են նույն վայրում: Ուստի եւ որոշում է կայացվել նրանցից յուրաքանչյուրի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, եւ քննությունը կշարունակվի նույն գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ այս առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ի հատկանիշներով` սպանություն:
Տեղեկացնենք նաեւ, որ երեկ Գյումրիի Շիրակի փողոցը խցանված էր, քանի որ Սամվել Հակոբյանի հուղարկավորությունն էր: Ըստ ականատեսների՝ Գյումրիի քրեական շրջանում առավել հայտնի Մոստիկի թաղմանը ներկա է գտնվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոքր դստեր ամուսինը: «Ժողովուրդ»-ը փորձեց Վարդան Ղուկասյանից պարզել, թե ինչ կապ ունեն իր խնամիները սպանվածի հետ, վերջինս պատասխանեց. «Այս ինչ հարց եք տալիս, Երեւանը Գյումրին չէ, այստեղ՝ Գյումրիում, մեկը մյուսին բարեկամներ են ու լավ ճանաչում են, էլ ասելու բան չունեմ»:
Հ.Գ. Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ցուցումով ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետը մեկնել է Գյումրի՝ առեղծվածային սպանությունների գործով հատուկ հանձնարարականներ տալու նպատակով, վերջինս արդեն երեք օր է, ինչ գտնվում է Գյումրիում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՀԻՇԵԼ ԵՆ
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը՝ Քոթոն, երկարատեւ ընդմիջումից հետո կրկին աղմկալի պատմությունների կիզակետում է հայտնվել: Այս անգամ նրա անունը շոշափվում է պոռնկությանը նպաստելու գործի մեջ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նա 2005-2007թթ-ին, երբ եղել է Ստեփանավանի քաղաքապետ, իրեն պատկանող «Դրախտ» հյուրանոցային համալիրում կազմակերպել ու նպաստել է մարմնավաճառների գործունեությանը: Նրա վերաբերյալ մի անձ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, ինչի արդյունքում հետաքննություն է սկսվել: Նշենք, որ Ստեփանավանի ներկայիս քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը՝ նախկին քաղաքապետի եղբայրը, լրատվամիջոցների հետ զրույցում «անլուրջ» է համարել եղբոր մասին ոստիկանություն ներկայացված այդ հաղորդումը:
Ինչով է հայտնի Ստեփանավանի նախկին քաղաքապետը: Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ 2010թ. քաղաքի մերձակայքում` Ամրակից գյուղում գտնվող Ս. Ղարաքեշիշյանի «Դրախտ» ռեստորանային համալիրում, հաճախորդներից մեկը հանդգնել էր «անհամ կատակ անել»: Ծագած վիճաբանության արդյունքում քաղաքապետը կրակել էր «կատակասերի» ոտքին: Տուժող Վարուժան Մովսիսյանն այդպես էլ չէր բողոքել: Իսկ այդ գործով դատապարտվել էր միանգամայն այլ քաղաքացի, որն իր վրա էր վերցրել կրակելու փաստը: Ս. Ղարաքեշիշյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նաեւ դրանից երեք ամիս առաջ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Սակայն նա այս պատմությունից էլ է չոր դուրս եկել:
Ի դեպ, այն քաղաքացիները, որոնք ընտրությունների ժամանակ չէին աջակցել Ղարաքեշիշյանին, պատժվել էին՝ հեռացվելով աշխատանքից: «Ով իմ հետ չի, իմ դուշմանն է, սաղին գլխից խփելու եմ»,-այսպես էր արտահայտվել Քոթոն: Բայց սա միակ դեպքը չէ: Պարզվում է՝ Քոթոն իր աշխատասենյակի սեղանի դարակում մահակ ուներ, եւ ով որ իր նյարդերի վրա ազդում էր, անմիջապես դաժանաբար ծեծում էր նրան: Թվում է՝ այս ամենից տեղյակ իշխանությունները պիտի անմիջապես պարտադրեին հետաքննություն սկսել: Սակայն մինչ օրս նա երբեւէ իրավապահների հետ լուրջ խնդիր չի ունեցել: Ու հիմա շատ հետաքրքիր է, թե ում կոշտուկն է տրորել Ղարաքեշիշյանը, որ «հարյուր տարվա մահացածներին» կենդանություն են տվել եւ փորփրում են նրա քրեածին անցյալը:
Հիշեցնենք, որ Ղարաքեշիշյանին ժամանակին հովանավորում էր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՂՏՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ
Այն պահից, երբ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործի քննությունը հանձնվեց ԱԱԾ-ին, քննության ընթացքի մասին հանրությանը պաշտոնական որեւէ տեղեկություն չի մատուցվում: Անգամ Armlur.am-ի հարցին՝ ճի՞շտ են տարածված լուրերը, թե երեք հոգու սպանության գործով կան ձերբակալվածներ, ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել: Հիշեցնենք՝ մարտի 4-ին Երրորդմասցի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Ղազարյանի եւ նրա 2 մտերիմների՝ Դերո մականունով հայտնի Դրաստամատ Թադեւոսյանի ու Մոսո մականունով հայտնի Մեսրոպ Նազարյանցի սպանության գործի նախաքննությունը մարտի 5-ին փոխանցվել է ԱԱԾ քննչական վարչության վարույթ:
ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանի եղբայրը` Նոր Նորքի ոստիկանության նախկին պետ Մուշեղ Օհանյանը, օրեր առաջ եղել է հայաստանյան դատարաններից մեկում: «Ժողովուրդ»-ը փորձեց Օհանյանից հետաքրքրվել, թե ինչու է հայտնվել դատարանում: Մուշեղ Օհանյանն ասաց, թե որեւէ խնդիր չունի: Իսկ երբ փորձեցինք մանրամասներ պարզել, թե այդ դեպքում ինչո՞ւ էր դատարան գնացել, վերջինս չցանկացավ պատասխանել` անջատելով հեռախոսը: Մեզ հասած տեղեկություններով՝ Մուշեղ Օհանյանը դատարան էր գնացել իր հարազատներից մեկի մահվան գործով դատական նիստին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 11-ին՝ ժամը 23:40-ին սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար էին բախվել 1973թ. ծնված Արմեն Աբրահամյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» եւ 1981թ. ծնված Հարություն Բ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարից հետո վարորդները եւ ուղեւորները կանգնել էին ճամփեզրին` վթարված ավտոմեքենաները զննելու: Այդ պահին Սեւանից Երեւան երթեւեկող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, որը վարել էր 1987 թ. ծնված Արայիկ Կ.-ն, վրաերթի էր ենթարկել «Ֆոլքսվագեն Գոլֆ-3»-ի վարորդ Արմեն Աբրահամյանին եւ նույն ավտոմեքենայի ուղեւոր, 1964 թ. ծնված Հրաչյա Վարդանյանին, որոնք ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էին: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Արայիկ Կ.-ն ձերբակալվել էր: Նշենք, որ մահացած Արմեն Աբրահամյանն աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակում՝ որպես ավագ տեսուչ: Վերջինս Մարգար Եւ Մուշեղ Օհանյանների ազգականներից էր: Ըստ ամենայնի, Մուշեղ Օհանյանը դատարան էր գնացել՝ իր ազգականի դատական նիստին մասնակցելու համար:
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԾԵԾ ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ջրվեժում գտնվող «Դիվա» գիշերային ակումբում արտառոց դեպք է տեղի ունեցել: Մարտի 4-ի կեսգիշերին ակումբի աշխատակից Լիլիթը վիճաբանել է մեկ այլ աշխատակցի՝ Արմինեի հետ: Աղջիկների միջեւ սկսվել է տհաճ խոսակցություն, որից հետո Լիլիթը բռունցքով հարվածել է Արմինեի դեմքին: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ակումբի տնօրենի՝ Վարոյի հետ, ով հայտնեց, որ աղջիկները վիճել են կոշիկի համար. «Նրանցից մեկն ասել է՝ կոշիկս բարձրացրա վերեւ, մյուսն էլ չի արել: Այսպես՝ ոչ մի արտառոց բան չի եղել, ուղղակի քաշքշել են իրար: Ես այդ քաշքշուկի ժամանակ ակումբում չեմ եղել, բայց հետո իմացել եմ, որ Արմինեն Լիլթին ասել է, թե փող տուր, եթե չես ուզում, որ գնամ ոստիկանություն եւ բողոքեմ: Արմինեն էլ ասել է, թե ուր ուզում ես, գնա, բողոքի: Արմինեին տարել են ոստիկանություն, հարցեր են տվել, մի քիչ պահել են, հետո ազատ են արձակել»:
ՄԱՀԱՑԵԼ Է
Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Գյումրիում հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Կնյազ Ղազարյանը գիշերը՝ 03:00-ի սահմաններում, մահացել է: Ըստ բժիշկների նախնական վարկածի՝ Կնյազ Ղազարյանը երկար չէր կարող ապրել. նրան մի քանի օր միացված է եղել արհեստական շնչառության ապարատ, քանի որ նա դեպքի օրը ծանր վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Ինչ վերաբերում է մյուս հիվանդներին, ապա նրանց վիճակը կայուն բավարար է: Կնյազ Ղազարյանի հակառակորդ կողմի անդամ, գանգուղեղային վնասվածք ստացած Գագիկ Ղուկասյանը հնարավոր է՝ վաղը տեղափոխվի հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Գյումրիի Արցախ թաղամասում կրակոցներ էին հնչել: Այդ օրը 6 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու ԲԿ: