«ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ ԶԳՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ ԾԱՆՐԱՑԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության հարցում իր ժխտողական քաղաքականությունը, ավելին` մշակում է նոր հայեցակարգեր, այսպես ասած` նեոժխտողական կոնցեպտ` «ընդհանուր ցավ» ձեւակերպմամբ, այդուամենայնիվ, թուրք հասարակության ներսում փոփոխությունները գնալով ավելի ու ավելի նկատելի են դառնում: Հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցադրումներն ավելի ու ավելի բարձր են հնչում: «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է թուրք մտավորականության ներկայացուցիչ, Անկարայում «Ոչ ռասիզմին ու ազգայնականությանը» ՀԿ-ի ղեկավար, ինչպես նաեւ բազմաթիվ գրքերի թարգմանիչ Աթիլա Դիրիմը, որը ներկայացնում է թուրք մտավորականության հենց այն շերտը, որը գիտակցում է պատմության հետ առերեսվելու անհրաժեշտությունը հենց Թուրքիայի ապագայի համար:

-Որպես թուրք մտավորականության ներկայացուցիչ՝ ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անեն Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
-Կարծում եմ, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի՝ ի ցույց դնելով, որ ընդունում է այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: 1915 թվականից այդ հողերում շատ ցավ ու ողբերգություն է եղել: Այդ արնահոսող վերքը Թուրքիայում մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման համար պատնեշ է հանդիսանում: Մի կողմից մարդկանց համընդհանուր գիտակցության մեջ մեղքի առկայությունն ու մյուս կողմից այն փաստը, որ Թուրքիայի Հանրապետությունը կառուցվել է Հայոց ցեղասպանության արյան վրա, խոչընդոտ են հանդիսանում բռնաճնշումների դեմ պայքարում, քանի որ այս իրականությունն ուժեղացնում է ռասիզմն ու ազգայնամոլությունը: Այդ պատճառով էլ այս բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար Թուրքիա պետությունը նախ եւ առաջ պետք է մասնակցի 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանում կայանալիք հիշատակի արարողություններին: Երկար ժամանակ է՝ մենք պահանջում ենք Թուրքիայի իշխանություններից ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրան հաջորդող բոլոր հետեւանքներով:
-Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է Թուրքիան որոշել տոնել Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը հենց ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ Գալիպոլիի ճակատամարտը սկսվել է 1915թ. մարտի 18-ին ու շարունակվել է մինչ 1916թ. հունվարի վերջը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան: Կարծիք կա, որ այդ կերպ Թուրքիան փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյակից:
-Դուք միանգամայն ճիշտ եք: Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի համար գորդյան հանգույց է: Կամ կարող ենք ասել, որ այն Թուրքիայի Հանրապետության հիմնաքարն է: Եթե այդ քարերից մեկը դուրս գա, մնացած ողջ քարերը եւս վայր կգլորվեն: Այնպես որ, Թուրքիան ամեն ինչ անում է՝ թաքցնելու համար Հայոց ցեղասպանության իրականությունը: Ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումների անցկացումը ոչ այլ ինչ է, քան այդ քողարկող քաղաքականության վառ ապացույցը: Եթե մենք այլ տեսանկյունից նայենք, հեշտությամբ կարող ենք ասել, որ դիմելով այս քայլին՝ Թուրքիան փաստացիորեն ընդունում է իր մեղքը: ինչպես Դուք նշեցիք՝ այս ամսաթիվը ոչ մի կապ չունի Գալիպոլիի ճակատամարտի հետ, այդ պատճառով էլ այն երբեք նախկինում չի նշվել ապրիլի 24-ին: Այնպես որ, անգամ նա, ով ոչինչ չգիտի Հայոց ցեղասպանության մասին, կասկածներ կունենա նման շեղող համընկնման վերաբերյալ, որը, ինչպես արդեն փորձեցի բացատրել՝ այնքան էլ համընկնում չէ:
-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-ամյակից հետո:
-Դա կախված կլինի ինչպես Թուրքիա պետության, այնպես էլ այստեղ ապրող այն մարդկանց մոտեցումից, ովքեր ընդունում են Ցեղասպանությունը: Եթե Թուրքիան դրական դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում, սա կնպաստի ինչպես մեր աշխատանքին, այնպես էլ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը: Իհարկե, մենք կգերադասեինք կարգավորել այդ հարաբերությունները հնարավորինս շուտ: Սակայն, հավանաբար, սա երկար ժամանակ կպահանջի, քանի որ մենք դեռ այդ գործընթացի ամենասկզբում ենք գտնվում:
-Որպես թուրք մտավորական՝ ի՞նչ կցանկանայիք ասել Ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին:
-Մենք շատ ենք զգում մեր ուսերին ծանրացած Ցեղասպանության բեռը: Այդ բեռից ազատվելու համար մենք ամեն ինչ անում ենք: Անկասկած նման զանգվածային ոճրագործության հետքերը վերացնելու համար մեզանից որոշ ժամանակ կպահանջվի: Այնուամենայնիվ, ողջ աշխարհի հայերը պետք է իմանան, որ նրանք Թուրքիայում բարեկամներ ունեն ու պետք է վստահեն նրանց: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆԸ

 

 

 

 

 
«ՔԱՐՖՈՒՐ»-Ի ՀԱՅՏՆՈՒԹՅԱՄԲ ԿՓԱԿՎԵ՞Ն ՄՅՈՒՍ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԸ

Երեկ «Երեւան Մոլում» տեղի ունեցավ ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետի պաշտոնական բացումը: «Խանութի» բացմանը մասնակցել են Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ «Քարֆուր»-ի՝ Հայաստան մուտք գործելու մասին խոսվում էր դեռեւս 2012-ի սկզբներից, իսկ արդեն նոյեմբերին հստակ նշվում էր առաջին հիպերմարկետի վայրը` «Դալմա Գարդեն Մոլ»-ը: Հետո խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, որ «Քարֆուր»-ը գործելու է «Երեւան Մոլ»-ում: Թե որն էր պատճառը, որ «Քարֆուր»-ի մուտքը հայաստանյան շուկա ձգձգվում էր, հստակ հայտնի չէր, դեռ այն ժամանակ ընկերության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, թե դեռ ուսումնասիրում են հայաստանյան շուկան: Մյուս կողմից, սակայն, լուրեր էին պտտվում, որ հայ օլիգարխներն էին խոչընդոտում «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան: Երեկ, ի վերջո, երկար ձգձգումից հետո «Երեւան Մոլ»-ում բացվեց ֆրանսիական «Քարֆուր»-ը:
Նշենք, որ «Քարֆուր»-ի հայկական շուկա մուտքի վերաբերյալ տեղական արտադրողները եւ մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեին, որ «Քարֆուր»-ը, ՀՀ-ում բացվելով, շուկան կլանելու է, քանի որ բոլոր տեսակի ապրանքները ներմուծելու է: Ինչի արդյունքում այստեղ արտադրված կամ ներկրված ապրանքները չեն վաճառվի:
Սակայն «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ապրանքներն իրենց մոտ մատչելի գին կունենան, եւ նրանք նաեւ առաջնությունը կտան հայկական արտադրանքին: Քրիստիան դը Նալը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանավորվածություն կա հայկական մթերքն արտահանելու վերաբերյալ: Քրիստիան դը Նալը հայտարարեց նաեւ, որ «Քարֆուր»-ը ապրանքների ընդամենը 5 տոկոսն է ներմուծում:
Նա նաեւ ընդգծեց, որ ցանկացած ապրանք՝ տեղական թե ներկրված, պետք է ավելի էժան գնով վաճառվի, քան մրցակից սուպերմարկետներում: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ որոշ ապրանքատեսակներ «Երեւան սիթի»-ում ավելի էժան գնով է վաճառվում, քան «Քարֆուր»-ում: Օրինակ՝ 1 կգ կարտոֆիլը «Երեւան սիթի»-ում երեկ վաճառվել է 180 դրամով, իսկ «Քարֆուր»-ում այն արժեր 220 դրամ, «Սլոբոդա» տեսակի ձեթը «Երեւան սիթի»-ում արժեր 739 դրամ, իսկ «Քարֆուր»-ում՝ 760 դրամ էր: Տեղական վարունգը «Քարֆուր»-ում վաճառվում էր 960 դրամ, իսկ «Երեւան սիթի»-ում՝ 940 դրամ: Իսկ, ահա, «Արտֆուդ» տեսակի խավիարը «Քարֆուր»-ում վաճառվում էր 350 դրամ, իսկ «Կրպակ» սուպերմարկետում՝ 490 դրամով: Այնուամենայնիվ, նկատենք, որ մանկական, տղամարդու եւ կանացի հագուստի տեսականին ավելի մատչելի էր, քան մյուս հագուստի խանութներում: Ի դեպ, «Քարֆուր»-ի տնօրինությունը պնդում է, որ ամեն օր սպառողը սուպերմարկետ մտնելիս մշտապես ակցիաների կհանդիպի:
Մեզ մնում է հուսալ, այս հիպերմարկետի գործունեության արդյունքում մայրաքաղաքում գործող մյուս մեծ սուպերմարկետները չեն փակվի: Էլ չենք խոսում մանր խանութների փակվելու մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԻՆՉ ՄՆԱՑ ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ խմբակցությունից դուրս եկողների շարքը շարունակում է համալրվել: ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու հայտարարությունից հետո մեկը մյուսի ետեւից ԲՀԿ-ից դուրս եկան քաղաքապետեր, գյուղապետեր, պատգամավորներ: Մինչեւ վերջերս ԲՀԿ խմբակցությունում ընդգրկված էր 36 պատգամավոր: Այս պահին նրանց թիվը զգալիորեն նվազել է:
Փորձենք հասկանալ, թե ովքեր են ԱԺ-ում շարունակում մնալ ԲՀԿ-ական եւ ովքեր կդառնան Նաիրա Զոհրաբյանի հայտարարած ընդդիմադիրները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած պատգամավորներն են` Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Բազմասեր Առաքելյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արայիկ Աղաբաբյանը: Այս պատգամավորները խորհրդարան էին մտել համամասնական ընտրակարգով եւ եթե նաեւ խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացնեին, ապա կզրկվեին պատգամավորական մանդատից (բացի Վարդան Օսկանյանից):
Ի սկզբանե ԲՀԿ անդամ չէին Գուրգեն Արսենյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Ստեփան Մարգարյանը: Գուրգեն Արսենյանը հանդիսանում է ՄԱԿ նախագահ, Ստեփան Մարգարյանը` «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, իսկ Վահե Հովհաննիսյանը երբեք էլ ԲՀԿ անդամ չի եղել: Բացի այդ՝ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էին ներկայացրել մեծամասնական ընտրակարգով ընտրված հետեւյալ պատգամավորները` Գրիգորի Մարգարյանը, Մելիք Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանը: Այսպիսով՝ այս պահի դրությամբ ԲՀԿ խմբակցությունում կուսակցական են մնացել հետեւյալ պատգամավորները` Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ավետիսյանը, Արա Արամյանը, Լյովա Խաչատրյանը, Արշակ Մխիթարյանը, Տիգրան Ստեփանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մերուժան Սիմոնյանը, Վահագն Մախսուդյանը, Հրանտ Դավթայանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուբեն Գեւորգյանը, Վահան Կարապետյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը եւ Հայկ Խաչատրյանը:
Սակայն այս ցուցակն էլ վերջնական չէ, քանի որ կասկածից դուրս է` խմբակցությունից դուրս եկողներ դեռ կլինեն: ԲՀԿ-ից դուրս գալու հիմնավորումները տարբերվում են միմյանցից եւ երբեմն զարմանք են առաջացնում: Օրինակ` Արայիկ Աղաբաբյանը, ով օրեր առաջ մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց կուսակցությունից դուրս գալու հնարավորությունը, նախօրեին կուսակցությունից դուրս եկավ` իր քայլը պատճառաբանելով ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած անհամաձայնություններով: Երեկ էլ մամուլում լուրեր տարածվեցին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն հատուկ միջոցներով սպառնում է Մերուժան Սիմոնյանին եւ Հրանտ Դավթյանին, որպեսզի վերջիններս կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնեն: Այսպիսով՝ հավանական է, որ խմբակցությունում կուսակցականների թիվը է՛լ ավելի կնվազի, եւ մինչ հաջորդ քառօրյան, երբ Նաիրա Զոհրաբյանը կհայտարարի ընդդիմադիր դառնալու մասին, խմբակցության երբեմնի կազմից քչերը մնացած կլինեն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս