Որն է հայր և որդի կալանավորների հացադուլի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քրեակատարողական հիմնարկում պահվող հայր եւ որդի Արթուր եւ Մուշեղ Մանուչարյանները հացադուլ են հայտարարել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ վերադարձած Արմենակ Մանուչարյանը: Նրա խնդրանքը մեկն էր, որ իր հորը ստորագրությամբ գոնե ազատ արձակեն, քանի որ առողջական խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի:

Իսկ հիմա հանգամանքների մասին: Մեզ հետ զրույցում Արմենակ Մանուչարյանը պատմեց, որ կալանավորված Արթուրն իր հայրն է, իսկ Մուշեղը՝ եղբայրը: Նրա խոսքով՝ 2014թ. դեկտեմբերին իր հայրը` Արթուրը, իրենց բարեկամներից Հրահատ Մանուչարյանի եւ մեկ այլ տղայի հետ գնացել էր Գորիսի քրեակատարողական հիմնարկ՝ եղբորն այցելության. «Տեսակցությունից հետո հորս ոստիկանություն են հրավիրել և  հայտնել, որ եղբորս` Մուշեղի մոտ թմրանյութ են հայտնաբերել: Ավելի ուշ հորս ասել են, թե որդուդ դու ես թմրանյութը տվել: Հայրս ոստիկանությունում ասել է, որ այն, ինչ փոխանցել է որդուն, հանձմունքի պատուհանից է փոխանցել, որտեղ ուտելիք է եղել, եւ ուրիշ ոչինչ: Սակայն ՔԿՀ-ի մի աշխատակից՝ Ռաիսիկը, ցուցմունք է տվել այն մասին, որ տեսակցության ժամանակ հայրս ձեռքը մեկնել է եղբորս ու երեւի այդ պահին էլ տվել է թմրանյութը»:

Ինչպես պարզեցինք մեր զրուցակցից՝ այս իրավիճակի արդյունքում իր հորը կալանավորել են. ,Հորս ու եղբորս հետազոտության են ենթարկել, եւ ըստ արդյունքների՝ եղբորս մոտ ամեն ինչ մաքուր է եղել: Իսկ, ահա, հորս մոտ ցույց է տվել, թե նա թմրանյութ է օգտագործում: Մենք կրկին անգամ հետազոտություն ենք պահանջել, քանի որ չենք վստահում արդյունքներին: Հայրս նախկինում դատված է եղել, միգուցե դա հիմք են ընդունում ու ուզում են այս պատմության մեջ ներքաշեն: Բայց այս պատմության մեջ ամենազարմանալի այն է, որ հորս հետ եղբորս այցելության գնացած մեր հարազատներից` Հրահատը, խոստովանել է, որ ինքն է թմրանյութը գցել եղբորս գրպանը: Բայց անգամ Հրահատի խոստովանությունից հետո հորս ազատ չեն արձակում, գոնե ստորագրությամբ: Նա առողջական խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի: Ի վերջո, այս մարդը չի արել նման բան»:

Հարցին, թե ինչու էր Հրահատը թմրանյութ փոխանցել իր եղբորը, միգուցե եղբա՞յրն էր խնդրել, Արմենակը պատասխանեց. «Եղբայրս առողջական խնդիր ունի, եւ Հրահատը որոշել է, որ միգուցե թմրանյութը կարող էր օնել եղբորս, որ ցավերը մեղմացնի: Ճիշտ հասկացեք՝ խնդիրը հայրս է, անմեղ մարդ է, 56 տարեկան, ինչո՞ւ են այսպես վարվում»:

Արմենակ Մանուչարյանը պատմեց, որ փետրվարի 3-ին իր հոր ապօրինի կալանավորման հարցով նամակ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն. «Ինձ դատախազությունից պարզաբանում էին ուղարկել, թե որոշ հարցերի պատասխանները ստանալուց հետո նոր կկարողանանք պատասխանել Ձեր նամակին»:

Քնար Մանուկյան




Լրահոս