Ես շատ եմ տարակուսում, որ Նահապետ Գևորգյանի նման պատգամավորը շարունակում է մի քանի անգամ պատգամավորական մանդատ ստանալ և կատարում է իշխանության ամենավերին օղակների կամքի արտահայտումը: Այս մասին slaq.am-ի հետ զրույցում ասաց “Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:
Նշենք, որ Նովո մականունով պատգամավորը արդեն որերորդ անգամն է` լրագրողների հանդեպ կոպիտ և արհամարհական վերաբերմունք է դրսևորում: Վերջին դեպքն էլ գրացվել է երեկ, երբ վերջինս ԱԺ միջանցքում լրագրողի հարցին ի պատասխան ասել է`”դավայ-դավայ”:
“Առաջին անգամը չէ, որ Նահապետ Գևորգյանը լրագրողների հետ իրեն պահում է փողոցային, ավազակների պես: Արդեն իսկ պարզ է, որ նրա համար “Դավայ, դավայ” արտահայտությունը բավականին հոգեհարազատ ձևակերպում է, բայց ես կարծում եմ, որ գոնե այս դեպքում ԱԺ-ի նախագահը պետք է արձագանքի սրան: Բացի այդ, Էթիկայի հանձնաժողովը պետք է քննության առնի Նահապետ Գևորգյանի պահվածքը և համապատասխան եզրակացություն տա, հակառակ դեպքում պատգամավորների կողմից լրագրողի նկատմամբ նման լկտի վերաբերմունը կշարունակվի դրանից բխող բոլոր հետևանքներով”,-կարծիք հայտնեց թերթի գլխավոր խմբագիրը:
Նրա խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ լրագրողները մոտենում են ցանկացած պատգամավորի, և պատգամավորներն էլ իրենց թույլ են տալիս արտահայտվելու ցանկացած բառով, իսկ երբ լրագրողները քննադատական հոդվածներ են գրում, պատգամավորներն ասում են, թե իբր լրագրողները կատարում են սրա կամ նրա պատվերը, որ լրագրողները ոչ օբյեկտիվ են և վատ են աշխատում, իշխանությանը թիրախավորել են:
“Իսկ ի՞նչ պետք է անի լրագրողը Նահապետ Գևորգյանի նման տխրահռչակ պատգամավորի դեպքում: Նա, փոխանակ ամաչի, որ իր որդին խայտառակ հանցագործության համար այս պահին կալանավորված է, դեռ մի բան էլ լրագրողների վրա է մուննաթ գալիս”,- նշեց մեր զրուցակիցը:
Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ վաղը “Ժողովուրդ” թերթում էլ լույս է տեսնելու մի հոդված, որտեղ ԱԺ պատգամավորը նույնպիսի լկտի պահվածք է ցուցաբերել նաև իրենց լրագրողի հետ զրույցի ժամանակ:
Ըստ նրա` այս խնդիրը լրատվական դաշտը միայնակ լուծելու ունակ չէ, և նրա խնդիրը չէ, քանի որ լրատվական դաշտը նման դեպքերում միշտ միասնականություն է դրսևորում:
“Այլ հարց է, այն, որ մեր երկրում չկա իրավապահ համակարգ ասվածը, չկա գլխավոր դատախազություն, որին կից գործում է հատուկ քննչական ծառայություն և որն էլ պարտավոր է ցանկացած նման վերաբերմունք ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին: Եթե պատգամավորը կարող է լրագրողին հայհոյել և անպատիժ մնալ, ապա “Դավայ-դավայը”, մեղմ ասած, կարելի է օրհնանք որակել: Ես կարծում եմ, որ այստեղ որքան ոչ թե լրագրողների և լրատվամիջոցների մեղքն է, այլ այն իրականության, որ Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ”,- նկատեց “Ժողովուրդի” խմբագիրը:
Հարցին, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե լրատվամիջոցները դադարեին լուսաբանել նման վարքագիծ դրսևորող պաշտոնյաններին և նրանք հասարակության կողմից մոռացության մատնվեին, Թագուհի Թովմասյանը պատասխանեց.
“Ես կարծում եմ, որ եթե մենք դադարենք նրանց անդրադառնալ և որևէ բան չգրենք իրենց մասին, արհամարենք, ապա դա կլինի նրանց երազանքը, քանի որ նրանք այդ պահվածքով հենց դա են ցանկանում, ասում են` Դուք մեզ մոռացեք, մեզ մի մոտեցեք, մեր թեմաներով որևէ բան մի գրեք: Ես կարծում եմ` նրանց չանդրադառնալն էլ սխալ կլինի, պարզապես պետք է ամեն անգամ հիշեցնել, որ իրենք տգետ են, փողոցային ավազակներից որևէ բանով չեն տարբերվում և իրենց պետք է ամեն անգամ ցույց տալ իրենց տեղը` գրելով` գնացեք, ձեր քրեական ռազբորկանները փողոցներում արեք, դուք օրենսդիրի ներկայացուցիչ չպիտի լինեք”: