ՀԱԿ ակտիվիստի և փաստաբանի միջև վեճը նոր ընթացք է ստանում. ինչ եղավ 3 մլն-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել: Պատճառը դեռեւս 2014թ ՀԱԿ-ի եւ փաստաբանի միջեւ առաջացած 3 մլն ՀՀ դրամի խնդիրն է:

Հիշեցնենք, որ դեռեւս 2014թ. ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը բողոք էր ներկայացրել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ընդդեմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի:

Ի՞նչն էր ակտիվիստին դրդել գնալ այդ քայլին: Բանն այն է, որ 2011թ. օգոստոսին Արտակ Կարապետյանը Կարապի լճի մոտ բախում էր ունեցել ոստիկանների հետ, իսկ, ահա, ավելի ուշ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ մյուսների հետ քրեական հետապնդման ենթարկվեց: Նրան մեղադրեցին խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ կալանավորեցին: Հետագայում վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց գրավով՝ 3 մլն դրամի չափով: Արդեն 2013թ. հոկտեմբերին Արտակը համաներմամբ ազատ արձակվեց:

Տեղեկացնենք, որ մինչ օրս Արտակ Կարապետյանին չի հաջողվել հետ ստանալ գրավի գումարը, որը նա պարտքով վերցրել էր հարազատներից եւ դատական գործընթացից հետո պետք է վերադարձներ: Արտակ Կարապետյանը հայտարարել էր, որ գումարը դուրս է գրել իր շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, որը նաեւ ՀՀՇ վարչության անդամ է. «Փետրվարի կեսերին, երբ վճիռն արդեն օրինական ուժի մեջ էր մտել, դիմեցի նրան՝ փողը ստանալու համար: Բայց նա մոտ մեկ ամիս ձգձգեց գումարը բանկից ստանալու գործը: Ինձ ասում էր, որ ինչ-որ փաստաթղթեր է պատրաստում, ինչ-որ պրոցես է սկսել, որ ես ստանամ իմ փողը: Հետո այլ ճանապարհով ճշտեցի, որ գումարը դուրս է գրված բանկից, եւ Վարդուհի Էլբակյանն ավելի քան մեկ ամիս առաջ ստացել է այն»: Իհարկե, Արտակ Կարապետյանը փորձել է պարզաբանումներ ստանալ Վարդուհի Էլբակյանից, բայց ի պատասխան՝ անհասկանալի պատճառաբանություն էր ստացել, թե ՀԱԿ-ն իրեն գումար էր պարտք, եւ այդ փողը նա վերցրել է պարտքի դիմաց եւ այլն:

Ավելին՝ Վարդուհի Էլբակյանն ասել է՝ ոչ թե ՀԱԿ-ն է 3 մլն դրամը որպես գրավ վճարել, այլ ինքը, իր անձնական գումարներից. «Դա ես վճարել եմ որպես Արտակ Կարապետյանի պաշտպան, վճարել եմ բանկում, իմ անձնագրով, անդորրագիրն էլ ինձ մոտ է: Ես էլ դատարանից ստացել եմ գումարը»:

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ հայտարարել էր. «ՀԱԿ-ն այդ գումարը վճարել է Արտակ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու համար, հետո Արտակն այն վերադարձրել է մեզ: Վարդուհի Էլբակյանը ստում է, ինչը վայել չէ փաստաբանին»:

Ինչեւէ, այլ ելք չունենալով՝ ակտիվիստը դիմել էր փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել Վարդուհի Էլբակյանի դեմ: Սակայն փաստաբանների պալատը մերժել էր նրա բողոքը:
Եվ, ահա, 2014թ. ընթացքում հասունացած վեճը վերջին օրերին նոր ընթացք է ստացել: Իրավիճակից դուրս գալու համար ՀԱԿ-ն, ըստ էության, դիմել է իրավապահներին: Արդյունքում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել: Իսկ թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց, թե տեղյակ չէ՝ ինչ մեղադրանքի մասին է խոսքը: Երբ հիշեցրինք ՀԱԿ ակտիվիստի համար վճարված, ապա բանկից հանված 3 միլիոն դրամ գրավի մասին պատմությունը, փաստաբանը պատասխանեց. «Մեր միջեւ այդ հարցն արդեն հարթվելու եզրին է, մենք քննարկեցինք, ես իրենցից պահանջ չունեմ, իրենք էլ ինձնից արդեն պահանջ չունեն: Քննությունը ընթանում է, եւ կարծում եմ, որ այս հարցերը շուտով կկարգավորվեն: Այն ժամանակ ՀԱԿ-ի հետ տարաձայնություն կար, բայց այս պահի դրությամբ այդ տարաձայնությունները չկան»:

Փորձեցինք ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանի հետ, սակայն ապարդյուն: Իսկ, ահա, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե այս գործից տեղյակ չէ, ՀԱԿ կուսակցության քննարկումներից եւս, ուստի չի կարող որեւէ կոնկրետ բան ասել:
Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում փաստաբան Վարդուհի Էլբակյանին, դեռ վաղ է կանխատեսել:

Քնար Մանուկյան




Լրահոս