Ռոք երաժշտությունը մաքսիմալ մոտենում է փոփին. Գիսանե Պալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում «Empyray»-ի երկրպագուներն անհանգստացած են ռոք խմբի պասիվ գործունեությունից: Նրանք վաղուց արդեն նորություն են ակնկալում խմբից, սակայն այն, կարծես թե, ուշանում է: «Ժողովուրդ»-ը դրա պատճառների մասին զրուցել է երաժիշտ, երաժշտագետ, «Empyray» ռոք խմբի ստեղնահար Գիսանե Պալյանի հետ: Վերջինս անդրադարձել է նաեւ ռոքի զարգացման համաշխարհային միտումներին եւ հայաստանյան ռոքի վրա դրանց թողած ազդեցությանը:

-Գիսանե՛, կարծիք կա, որ այն բանից հետո, երբ «Empyray»-ի նախկին մենակատար Սարգիս Մանուկյանը լքեց խումբը, այն սկսեց պասիվորեն գործել, ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Այո՛, խումբը բավական պասիվացավ. գործունեության դանդաղ ընթացքը կապված էր նախ` մենակատար գտնելու եւ ստեղծագործական որոնումների մեջ ընկնելու հետ: Մենք մեր առջեւ նպատակ դրեցինք «Empyray»-ի ստեղծագործական գիծը պահելով` նորովի ներկայանալ հանդիսատեսին, փոխելով խմբի մենակատարին` նոր խոսք մատուցել երկրպագուներին: Իսկ այդ փնտրտուքները ժամանակ խլող են:

-Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործում են մի շարք ռոք խմբեր, որոնց անդամները բավական տաղանդավոր են, սակայն ոչ հայտնի: Ըստ որոշ կարծիքների` այդ խմբերը հանրահայտ չեն դառնում, քանի որ մատուցում են ծանր ռոք, որը դյուրամարս չէ: Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:

-Եթե հաշվի առնենք, թե ինչ երաժշտություն ենք այսօր լսում հեռուստաեթերում, կարող ենք եզրակացնել, որ խնդիրը այդ ռոքի ծանրությունը չէ: Իհարկե, որքան ծանր է երաժշտությունը, այնքան նեղ է դրա շուկան: Մենք ունենք շատ լավ ռոք երաժիշտներ, որոնք դժվարությամբ են գոյատեւում: Եթե դիտարկենք, որ խնդիրը ֆինանսների հետ է կապված, կարելի է կարծել, որ եթե նրանք մի որակյալ տեսահոլովակ նկարահանեն, հեռուստաընկերությունները պետք է գրկաբաց ընդունեն այդ պրոդուկտը: Բայց դա այդպես չէ, եւ խնդիրն այս դեպքում կապված է նաեւ հանդիսատեսի մենթալիտետից բխած պահանջների հետ:

-Եթե մի ժամանակ ռոք երգելը մոդայիկ էր, այսօր, կարծես, ոչ այնքան: Հիմա ինքներդ` որպես ռոք երաժիշտ, հաճա՞խ եք պատվերներ ստանում:

-Այս հարցը պետք է դիտարկել տարբեր ժամանակների կոնտեքստում: Մինչ այն ժամանակը, երբ հայաստանյան ռոքը դուրս բերվեց ընդհատակից, նաեւ` ի դեմս մեր խմբի, ռոքի ու ռոք լսողների մասին գոյություն ունեին կարծրատիպեր, որոնք աստիճանաբար կոտրվեցին: Հետո ժամանակն ավելի առաջ գնաց, եւ հետեւելով համաշխարհային միտումներին` կարելի է նկատել, որ ալտերնատիվ ռոք երաժշտությունը մաքսիմալ մոտենում է փոփին: Այդ ազդեցությունը, թերեւս, հայաստանյան ռոքի վրա էլ կա: Իսկ այս պարագայում երաժիշտները կանգնում են խնդրի առջեւ. նրանք չեն ուզում դավաճանել ռոքի «ծանրությանը» եւ գուցե այդ պատճառով մնում են ստվերում: Այս առումով ամեն ռոք խումբ ինքն է որոշում` մնալ ընդհատակում եւ նվագել ծանր երաժշտություն, թե դուրս գալ եւ հանդիսատեսին ավելի մատչելի երաժշտություն մատուցել:

-Թող կոպիտ չհնչի, բայց երաժիշտերը, կարծես, ցածրաճաշակ հանդիսատեսին հաճոյանալու խնդրի առջեւ են կանգնել:

-Այդ սկզբունքով են առաջնորդվում, օրինակ, թուրքապարսկական երաժշտություն մատուցողներ: Թող մատուցվի մաքուր փոփ, մաքուր ժողովրդական երգ, բայց ոչ թուրքական մեղեդի` հայերեն բառերով: Այդ խաբեությունը ցանկացած բիզնեսում կա: Լավ երաժշտությունն այն է, որը աղավաղելու միտում չունի:

-Իսկ մենք ռոք ժանրի երաժիշտ-ուսուցիչներ ունե՞նք:

-Դեռեւս տարիներ առաջ ռոք ժանրի երաժիշտներով հանդիպում ունեցանք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ մշակույթի նախարարի հետ, որի ընթացքում բարձրացվեց այդ հարցը: Խոսվեց այն մասին, որ աշխարհում ամենապոպուլյար գործիքներից էլեկտրական կիթառ նվագել սովորելու համար Հայաստաում չկա համապատասխան ուսումնական կենտրոն, չկա մի տեղ, որտեղ կսովորեցնեն նաեւ ռոք վոկալ: Էլեկտրական կիթառ նվագել ցանկացողները գնում են անհատական պարապմունքների, իսկ ռոք վոկալով զբաղվում են, օրինակ, դասական վոկալ, կամ ինչն ավելի ծիծաղելի է, էստրադային-ջազ վոկալ ուսանածները: Այն ժամանակ մեզ ասացին, որ բացը լրացնելու ուղղությամբ տարվելու են աշխատանքներ, հիմա չգիտեմ, թե դրանք ինչ փուլում են:

-Եվ վերջում` «Empyray»-ից առաջիկայում երկրպագուներն ի՞նչ նորություններ ակնկալեն:

-Այս տարի կներկայանանք նոր տեսահոլովակով եւ երգերով: Շատ ծրագրեր ունենք, որոնք ուզում ենք անպայման իրականացնել: Տեսնենք` ինչպես կստացվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս