Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գյուղի այգիների հրդեհման գործով պատրաստվում է գրավոր դիմել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:
Գյուղապետն ասաց, որ հրդեհի վնասների հետ կապված քրեական գործի քննությունը անհարկի կերպով ձգձգվում է: Նա տեղեկացրեց, որ քրեական գործի քննությունը կատարում է Բերդի քննչական բաժնի քննիչը: «Վերջերս մեկից նոր ցուցմունք են վերցրել, հիմա էլ այդ պատճառաբանությամբ են գործը ձգձգում»,- նշեց Կ. Չոբանյանը: Նա նկատեց, որ խնդիրը տարբեր լրատվամիջոցներ լուսաբանել են, վերջերս էլ Հանրային հեռուստատեսությունն է այդ մասին ռեպորտաժ պատրաստել, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: Գյուղապետի վկայությամբ՝ սահմանամերձ գյուղի բնակիչներն իրենց իրավունքները պաշտպանելու համար պատրաստ են տարբեր, ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցների դիմել:
Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսի 7-ին սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ, անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ էր բեռնկվել, որը մեծ վնաս է պատճառել պտղատու եւ խաղողի այգիներին: Սկզբում խոսք էր գնում 48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների, հետո՝ 37 ընտանիքի պատկանող 6.8 հա այգու մասին:
Հավելենք, որ «Եղվարդշինը» հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության, եւ միայն հրդեհից հետո է Վ. Կարմիրաղբյուրի համայնքապետարանից ստացել շինթույլտվություն:
Կ. Չոբանյանի համոզմամբ` գործն այնպես է տարվում, որ հրդեհի միակ մեղավոր համարվի եռակցման աշխատանքներ կատարած բանվորը, ում սեփականության իրավունքով պատկանում է ընդամենը 1 հա հող: Նման ունեցվածքով եռակցողը, բնականաբար, չի կարող փոխհատուցել գյուղացիների հրդեհված այգիների կորուստը: Կ. Չոբանյանը կարծում է, որ «Եղվարդշինի» տնօրենը հովանավորներ ունի, այդ պատճառով էլ գործի քննությունը չի ավարտվում, եւ գյուղացիների խնդիրը չի լուծվում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ