Միջազգային եւ հատկապես ռուսական լրատվամիջոցներն արդեն երկու օր է՝ քննարկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «երկարատեւ բացակայության» հարցը: Բանն այն է, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 5-ից հետո ՌԴ նախագահը լրագրողների մասնակցությամբ որեւէ միջոցառման կամ պաշտոնական արարողության չի մասնակցել: Մարտի 11-ին Կրեմլում նախատեսված է եղել Վլադիմիր Պուտինի եւ Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովի հանդիպումը, որի ընթացքում պետք է երկկողմ պայմանագիր ստորագրվեր, սակայն ՌԴ նախագահի աշխատակազմը վերջին պահին այն չեղյալ է հայտարարել: Անսպասելի չեղյալ է հայտարարվել նաեւ ՌԴ նախագահի այցը Աստանա, որը նախատեսված էր այսօր` Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների մասնակցությամբ: Ռուսական լրատվամիջոցներն արձանագրել են, որ Պուտինի պաշտոնավարման մեկուկես տասնամյակի ընթացքում նման` արարողությունը կամ հանդիպումը վերջին պահին չեղյալ հայտարարելու դեպք երբեւէ չի եղել: Հենց այս ֆոնին Հայաստանի եւ ՌԴ նախագահականները երեկ տարածեցին հաղորդագրություն` Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին: Այս հաղորդագրությունում կոնկրետ ոչինչ չէր ասվում, ուստի ռուսական լրատվամիջոցները դրա կայանալու հանգամանքը եւս կասկածի տակ առան, եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ստիպված եղավ, ի վերջո, հայտարարել, որ ՌԴ նախագահը խոստացել է ապրիլի 24-ին ժամանել Հայաստան: Սակայն ուշագրավն այն է, որ «Էխո Մոսկվա» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում Պեսկովը չէր կարողացել հստակ պատասխանել, թե Պուտինն առաջիկայում երբ կմասնակցի լրագրողների ներկայությամբ որեւէ միջոցառման: Այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, իսկ թե ինչ բնույթի են դրանք, պարզ կդառնա առաջիկայում:
Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք առաջիկայում սկսում են քննարկումների շարք տարբեր քաղաքական ուժերի եւ հանրության այլ շերտերի ներկայացուցիչների հետ` պարզելու համար, թե ինչպիսին պետք է լինեն սահմանադրական փոփոխությունները: Այս հայտարարությունն ինքնին տարօրինակ է, քանի որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, կարծես թե, հենց նման քննարկումների արդյունքում էր կազմվել, եւ մնում էր, որ Սերժ Սարգսյանը հաստատի այն, որպեսզի մասնագետներն ըստ այդմ սկսեին մշակել բուն փոփոխությունների նախագիծը: Նաղդալյանի երեկվա հայտարարությունը վկայում է, որ սահմանադրական փոփոխությունների հարցում Սերժ Սարգսյանի եւ իշխանությունների՝ նախկինում ունեցած մտադրությունները փոխվել են, եւ այժմ փորձում են նախկին գործընթացը կրկնելով՝ հանրությանը մատուցել այդ փոփոխությունը:
Երեկ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը փորձել է կապվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ` մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ ընդդիմադիր բեւեռ կազմելու շուրջ զրուցելու նպատակով: Սակայն Բալասանյանը հրաժարվել է Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության շուրջ զրուցել: Այս մասին տեղեկությունները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանի ասածները, ըստ որի՝ Սամվել Բաբայանը մտադրություն չունի Արցախի ընդդիմությանն առաջնորդելու: Ստացվում է՝ ըստ ԼՂՀ իշխանական թեւի՝ Սամվել Բաբայանը չի ցանկանում ընդդիմությանն առաջնորդել, իսկ ընդդիմությունը պնդում է, որ ցանկանում է, բայց համաձայնվող, կամ նույն է թե՝ առաջնորդվող չկա:
Դեռեւս 2013-2014 թվականներին ՀՀ պետական եւ միջազգային կառույցների կողմից իրականացված «Հայաստանում միգրացիայի վերաբերյալ տնային տնտեսությունների հետազոտության մասին զեկույց» անվանումով փաստաթղթից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի բնակչության 28,3 տոկոսը, կամ նույն է թե՝ 870 հազար մարդ, ապրում է երկրի սահմաններից դուրս: Տվյալ դեպքում, խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր Հայաստանից հեռացել եւ հրաժարվել են քաղաքացիությունից: Խոսքն այն բնակիչների մասին է, որոնք մարդահամարի արդյունքներով ներկայացվող «ՀՀ բնակչություն» հասկացության կամ նույնն է՝ հանրահայտ 3 միլիոնի մաս են կազմում: Նկատենք, որ այդ փաստաթղթի մեջ ուշագրավ տվյալները շատ են, մասնավորապես, աղյուսակներից մեկում բերված թվի համաձայն՝ ստացվում է, որ 2013-ին ՀՀ-ի բնակչության հաշվարկային թիվը կազմել է 2 միլիոն 690 հազար, եւ երբ դրանից հանում ենք 2013-ի եւ 2014-ի արտագաղթի թիվը, ապա ստացվում է, որ այժմ ՀՀ բնակչության հաշվարկային թիվն այլեւս 2 միլիոն 600 հազար է:
ՆԱԵՎ ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը, ինչպես նաեւ քաղաքական ղեկավարությունը չեն այցելելու Հայաստան` մասնակցելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Փոխարենը թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը` ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ Ուելսի արքայազն Չարլզը ապրիլի 24-ին ներկա են լինելու Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Այս կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը նամակով դիմել է արքայազն Չարլզին` հորդորելով վերանայել Թուրքիա մեկնելու իր որոշումը:
«Այն, ինչ զանգվածաբար իրականացվել է հայերի Ցեղասպանության ժամանակ՝ կտրելով մարդկանց կոկորդներն ու ողջ-ողջ այրելով մարդկանց, այսօր իրականացնում է «Իսլամական պետությունը»»,- գրել է արքեպիսկոպոսը՝ արքայազնին առաջարկելով պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե 100 տարի անց Մեծ Բրիտանիայի վարչապետը ներկա գտնվեր այսօրվա «Իսլամական պետության» իրավահաջորդի կազմակերպած միջոցառմանը: Արքեպիսկոպոսը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան կգործի իր արժեքներին համապատասխան։
Անշուշտ, այս հարցում Իրաքի թեմի հարգարժան առաջնորդի հույսերը կարդարանան. Մեծ Բրիտանիան կգործի իր արժեքներին համապատասխան եւ, բնականաբար, կնախընտրի Թուրքիա այցելելը: Սակայն Սրբազան հոր այս նամակը չափազանց կարեւոր է` հենց թեկուզ որպես արձանագրություն այն իրողության, որ ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր Մեծ Բրիտանիան շարունակում է առաջնորդվել բացառապես տնտեսական շահերով` ստորադասելով համամարդկային արժեքները: Եվ անկախ այս նամակի արդյունքից կամ արձագանքից՝ կարծում ենք, որ գերաշնորհ Սրբազան հոր այս օրինակին պետք է հետեւեն ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու` տարբեր թեմերի ներկայացուցիչները, այլեւ հայոց մտավորականության երեւելի դեմքերը` հատկապես արտերկրի հեղինակավոր ԶԼՄ-ների էջերից բաց նամակներով բարոյական ապտակներ հասցնելով բոլոր այն տերությունների ղեկավարներին, ովքեր պատրաստվում են մասնակցել Էրդողանի կազմակերպած ապրիլքսանչորսյան խեղկատակությանը:
Հ. Գ. Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ է լռում արքայազն Չարլզի մտերիմ ընկերը` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, ինչո՞ւ նա իր «բիզնես-պարտնյորին» չի համոզում այցելել Երեւան: Թե՞ դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները մի նոր հանք նվիրեն Արմեն Սարգսյանին եւ արքայազն Չարլզին: