Երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ:
«Միավորված աշխատանքային կուսակցության» (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ եւս հանդիպել է Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ մինչ այդ էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հանդիպում էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ այս անգամ քննարկելու, թե ԲՀԿ-ի «փլուզումից» հետո ինչպիսին պետք է լինեն իր քայլերը, ինչպես նաեւ՝ պարզելու, թե ինչպիսին է Ս. Սարգսյանի վերաբերմունքն իր անձի ու կուսակցության հանդեպ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Գ. Արսենյանից պարզել, թե ներկայումս նա ինչ «փնտրտուքների» մեջ է ու արդյո՞ք քաղաքական ապաստանի խնդիր ունի:
-Պարո՛ն Արսենյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջին օրերին Դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հարցերի քննարկման համար են եղել այդ «թաքուն» հանդիպումները:
-Ընդհանրապես նախագահական նստավայր ես մուտք եմ գործում հիմնական մուտքից, ես թաքուն բաների կողմնակից չեմ: Առանձնազրույց եղել է նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքական նոր իրավիճակը եւ այն խնդիրները, որոնք որ շուտով վերաբերելու են հայեցակարգի քննարկմանը:
-Նշվում է, որ այս օրերին Դուք փորձում եք հասկանալ, թե որ «ճամբարում» շարունակեք «գործել» եւ որ հենց այս հարցն եք փորձել պարզել Սերժ Սարգսյանի հետ Ձեր առանձնազրույցի ժամանակ: Արդյո՞ք Դուք քաղաքական «ապաստան» եք փնտրում, որոշել եք հեռանա՞լ ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերից:
-Քաղաքական ապաստան փնտրելու թեորիայի հեղինակներին՝ իմ եւ ՄԱԿ-ի մասին «անհանգստացողներին», շնորհակալություն եմ հայտնում իրենց մտահոգության համար, առաջարկում եմ նաեւ մի քիչ ավելի շատ անհանգստանան իրենց հիվանդ երեւակայության համար եւ ավելի ուշադիր լինեն իրենց անձնական խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանի հետ այս հանդիպումից առաջ եղել է մի հանդիպում, ու այդ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ քննարկվել է այն հարցը, որի հետ կապված արդեն տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ մեր կուսակցության անդամների հանդիպումը: Ինչ վերաբերում է ներկուսակցական այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում ԲՀԿ-ում, լսել եք մի հայտարարություն իմ կողմից, որը վերաբերեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում տեղի ունեցող պրոցեսներին, հաստատ չեք լսել: Այսինքն՝ ես՝ որպես քաղաքական դաշնակից, պահում եմ էթիկան եւ կոռեկտությունը` սպասելով, թե այդ կուսակցության ներսում պրոցեսները երբ կավարտվեն եւ ինչ արդյունք կունենանք հետո: Համարում եմ, որ դա ամենաճիշտ կեցվածքն է: Խմբակցության հարց դեռեւս օրակարգում չկա, դեռ կուսակցության հարց կա, եթե Դուք ուշադրություն դարձնեք, ապա այդ իրադարձությունները վերաբերում են կուսակցությունից անդամների դուրս գալուն, դրանք ներկուսակցական հարցեր են, իսկ երբ հարցերը կլինեն խմբակցության վերաբերյալ, այդ հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը կասենք, որպես խմբակցության անդամ: Ամեն ինչ պետք է արվի իր հերթականությամբ:
-Մինչեւ վերջերս ԲՀԿ-ականները, ինչպես նաեւ Դուք, դեմ էիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Սերժ Սարգսյանի հետ այս հարցի քննարկումից հետո ինչպիսի՞ դիրքորոշում ունեք, արդյո՞ք Ձեր դիրքորոշումը փոխվել է:
-Սահմանադրական բարեփոխումների հետ կապված կա ընդամենը հայեցակարգ, մանրամասներ դեռեւս չկան, մանրամասները կլինեն, երբ հայեցակարգը կհանվի քննարկման: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել մասնակցելու հանրային քննարկմանը` որպես երկրի քաղաքական օրակարգում կարեւորագույն հարցերից մեկը, որից հետո կգա դիրքորոշում հայտնելու ժամանակը:
Հ. Գ. Դաշնակցականները եւս երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ: Սակայն այդ հանդիպման վերաբերյալ պաշտոնական լուսանկար չի հրապարակվել, միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում իրենց առաջակությունների մեծ մասն ընդունվել է: «Այս պահի դրությամբ գրեթե բոլոր կետերում կա փոխադարձ ընկալում, առաջարկություններն ամբողջական իրացման ենթակա են, հայեցակարգում կա լիակատար համաձայնություն քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների եւ այլ հարցերով»,-նշել է Ա. Մինասյանը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲԱԲԱՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հրաժարվել է ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ համագործակցել մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ ընդդիմադիր բեւեռ կազմելու շուրջ: Ըստ մեր տեղեկությունների՝ Սամվել Բաբայանը փորձել է հեռախոսազրույց ունենալ Վ. Բալասանյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է այդ հարցի վերաբերյալ Բաբայանի հետ խոսել: Արցախից ստացվող մեր տեղեկություններով` այս ընթացքում Բաբայանը փորձում է Արցախի ընդդիմադիրների հետ հեռախոսազրույցներ ունենալ:
Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ն այս առիթով փորձում է զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Ի վերջո, երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վիտալի Բալասանյանի եղբոր՝ Վաչիկ Բալասանյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները:
Մեր հարցին, թե արդյո՞ք Վիտալի Բալասանյանը նպատակ ունի Սամվել Բաբայանի հետ միավորվելով, որպես ընդդիմադիր ուժ՝ մասնակցել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես տեղյակ եմ բոլոր այն իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել, ու հիմա Ձեզ վստահեցնում եմ, որ ընդհանրապես նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Պարոն Բաբայանը կապ է հաստատել իր ընկերոջ հետ, իր ընկերն էլ իմ հետ, որ իբրեւ թե իրար հետ կապի դուրս գանք (Վիտալի Բալասանյանի հետ), մենք էլ այն մարդուն, ում միջոցով կապվել է, բացատրել ենք, որ մենք մեր ընտրությունն արդեն արել ենք՝ «Շարժում 88»-ի հետ ենք գնում Ազգային ժողովի ընտրություններին, ո՛չ մի ընդդիմություն, ո՛չ մի բան»:
Վիտալի Բալասանյանի եղբայրը հայտարարեց, որ իրենք ոչ թե ընդդիմություն են, այլ ոչ իշխանական թեւի ներկայացուցիչ: «Երբեւիցե մենք հայտարարություն չենք արել, որ մենք ընդդիմություն ենք: Ոչ թե դեմ ենք, որ Սամվել Բաբայանը լինի ընդդիմության ղեկավարը, այլ, ընդհանրապես, ընդդիմություն հասկացության վերաբերյալ մենք հայտարարություն չենք արել: Մի կուսակցություն էլ Սամվել Բաբայանը Հայաստանում էր բացել, ի՞նչ եղավ վերջը»,-հռետորական հարց ուղղեց Վաչիկ Բալասանյանը: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Ս. Բաբայանը ընտրություններին մասնակցելու նպատակ չունի, մեր զրուցակցի համար անհասկանալի է մնում, թե այդ դեպքում Բաբայանն ինչու է ցանկացել զրուցել Վիտալի Բալասանյանի հետ ընդդիմադիր ուժ ստեղծելու վերաբերյալ:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
Երեկ Սերժ Սարգսյանը հերթով հանդիպել է հայաստանյան մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ` սահմանադրական փոխությունների հետ կապված նրանց տեսակետները ճշտելու նպատակով: Սակայն ոչ բոլոր կուսակցություններն են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավեր ստացել: «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հրավեր չեն ստացել նախագահականից: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, վերակազմյալ ՍԴԿՀ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը չի բացառում, որ նման հրավեր իրենց կուսակցությունը չի ստանա. «Ես դա մեծ դժբախտություն չեմ համարի, վերակազմյալ ՍԴՀԿ-ն բազմիցս ներկայացրել է իր կարծիքը, որ խոչընդոտը Սահմանադրությունը չէ, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ տեղի ունենան: Հետեւաբար այսօր Սահմանադրությունն իշխանության ձեռքին ընդամենը թուղթ է, իսկ փոխված Սահմանադրությունն էլ մեկ այլ թուղթ է լինելու, որի դրույթներին ընտրողաբար են մոտենալու»:
ՀԱՍԱՆ ԱՐՑԱԽ
Երեկ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել են Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմները: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե կոնկրետ որ փուլում են գտնվում կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու աշխատանքները, ու արդյոք Արցախի բնակիչները ցանկանում են, որ այդ փոփոխությունը տեղի ունենա: «Հիմա քննարկում ենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից մենք էլ արդեն նույն համակարգը կիրառենք: Քննարկելու կամ այլ որոշում կայացնելու իրավունք չունենք: Բազմաթիվ անգամ նշել ենք, որ ՀՀ-ում վարվող ցանկացած նման քաղաքականություն պարտադիր է Արցախի համար, որովհետեւ չի կարող Արցախի թոշակառուն այլ տիրույթում կամ այլ սկզբունքով առաջնորդվի, մերը Հայաստանի հետ պետք է լինի նույնը»,- պարզաբանեց ԼՂՀ վարչապետը:
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ
Եվրախորհրդարանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ԵՄ բոլոր անդամ պետություններին կոչ է արել ընդունել հայոց Ցեղասպանությունը եւ խրախուսել ԵՄ ինստիտուտներին, որպեսզի նպաստեն Ցեղասպանության ճանաչմանը: Նման ձեւակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ» 2013 թվականի տարեկան զեկույցում:
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս կիրակի հանրապետության գրեթե բոլոր մարզերի մոտ երեք տասնյակ համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Մասնավորապես, 26 գյուղում տեղի կունենա գյուղապետի ընտրություն: Այս անգամ եւս միակ թեկնածու մնացել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը, եւ նրանք միայնակ են պայքարելու: