Հայաստանից արտագաղթի պատճառների մասին շատ է խոսվել, սակայն մասնագիտական կարծիք, որը հիմքում կունենա այդ նպատակով անցկացված հետազոտության տվյալներ, որպես կանոն, չի ներկայացվում: Մասնավորապես, ամենավերջին նման հետազոտությունն անցկացվել է 2013 թվականին, իսկ դրա արդյունքներն ամփոփվել են 2014-ին: Սակայն այդ փաստաթուղթը մինչ օրս այդպես էլ պաշտոնապես չի հրապարակվել:
Բայց հետազոտությանը մասնակցել են նաեւ միջազգային կազմակերպություններ, որոնք իրենց կայքերում, պարզվում է, հրապարակել են այդ փաստաթուղթը, որի ուսումնասիրությունից բավական ուշագրավ տվյալներ են հայտի դառնում: Մասնավորապես, «ՀՀ բնակչության միգրացիոն պոտենցիալը» բաժնից տեղեկանում ենք, որ հարցված մոտ ութ հազար տնային տնտեսությունից այդ պահին արտագաղթելու որոշում կայացրածները կազմել են 7,4 տոկոս, իսկ 84,5 տոկոսը կա՛մ մտադիր չեն արտագաղթելու, կա՛մ էլ առնվազն նման որոշում դեռ չունեն: Հարցվածների 8,1 տոկոսը պատասխանել է, որ արտերկրում արդեն իսկ ունի ընտանիքի անդամ: Մեկ այլ աղյուսակում ներկայացված է ՀՀ բնակչության միգրացիոն պոտենցիալը` արդեն բնակչության կոնկրետ թվերով, այսինքն՝ տոկոսներով պայմանավորված ներկայացրել են ողջ հանրապետության կշռված պատկերը: Արդյունքում ստացվել է, որ հարցման պահին 213 հազար 468 մարդ արդեն իսկ որոշած է եղել արտագաղթել եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարել, իսկ 296 հազար 632-ը արտերկրում ունեն ընտանիքի անդամներ: Այս աղյուսակում, սակայն, ուշագրավը վերջին տողն է, որը արտացոլում է Հայաստանի ողջ բնակչության թիվը, ըստ այդմ, այն կազմել է 2 միլիոն 690 հազար 917 մարդ: Ի դեպ, որեւէ տեղ նշված չէ, թե այդ թիվը որտեղից է ստացվել, բայց այն պաշտոնական է, եւ կարող ենք ասել, որ բավական արժանահավատ է 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսների համար:
Մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013 եւ 2014 թվականներին Հայաստանից արտագաղթել է (Հայաստանից մեկնել, չի վերադարձել) ընդհանուր 89 հազար 75 ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ ստացվում է՝ Հայաստանի բնակչության թիվը ներկայումս կազմում է 2 միլիոն 600 հազար մարդ:
Ի դեպ, արտագաղթի հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, արտագաղթել պատրաստվող հարցվածների 76 տոկոսը նշել է, որ հենց այդ երկիր է պատրաստվում մեկնել, 7,5-ը նշել է եվրոպական միության անդամ երկրները, իսկ 7,2 տոկոսը` ԱՄՆ-ը: Ըստ հետազոտության՝ երկրի ընտրության հարցում որոշիչը այն հանգամանքն է, որ ՌԴ կարելի է մեկնել առանց վիզայի, իսկ ԵՄ անդամ երկրներ եւ ԱՄՆ մեկնելու համար ապագա միգրանտները պետք է կարողանան վիզա ձեռք բերել:
Այս փաստաթղթի համաձայն՝ 1988 թվականից մինչեւ 2001 թվականը Հայաստանից արտագաղթել է մոտ մեկ միլիոն 100 հազար մարդ, 2001 թվականից մինչեւ 2007 թվականը` մոտ 150 հազար մարդ, 2007-ից մինչեւ 2013 թվականը` շուրջ 210 հազար մարդ, կամ տարեկան միջինը՝ 35 հազար հոգի: Ի դեպ, 2007-ից հետո արտագաղթի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է Երեւանում` 41 հազար մարդ, հաջորդը Շիրակի մարզն է՝ 39 հազար ցուցանիշով, իսկ երրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 26 հազար ցուցանիշով:
Փաստաթղթի համաձայն՝ միգրացիայի, կամ նույն է թե՝ արտագաղթի հիմնական պատճառը «տնտեսական գործոններն» են: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ եթե Հայաստանում տնտեսության վիճակը չկարգավորվի, ապա արտագաղթը ոչ միայն չի դադարի, այլ նաեւ ավելի կուժեղանա:
Ի դեպ, այն փաստը, որ նման ուսումնասիրություններ անցկացվում են, սակայն ՀՀ իշխանություններն ամեն կերպ խուսափում են դրանք պաշտոնապես հրապարակելուց, պայմանավորված է այն պարզ պատճառով, որ ընթերցողի մոտ կարող է առաջանալ հասարակ մի հարց՝ իսկ ինչու իշխանություններն անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում, որպեսզի մարդիկ այստեղ կարողանան ինքնադրսեւորվել եւ չարտագաղթեն: Այս հարցն, ի վերջո, կհանգեցնի այն մտքին, որ ներկա իշխանությունները ի վիճակի չեն իրավիճակը փոխելու, քանի որ նրանք «սնվում» են բոլոր այն երեւույթներից, որոնք էլ ընկած են արտագաղթի հիմքում: Ուստի իշխանությունները, ի վերջո, որոշում են, որ իմաստ չունի նման փաստաթղթերը պաշտոնապես հրապարակել, որպեսզի նաեւ ստիպված չլինեն դրա հետ կապված պարզաբանումներ տալ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճել է «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի հայցն ընդդեմ «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցության: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ. հոկտեմբերի 10-ին նշված ՊՈԱԿ-ը դիմել էր՝ դատարան ՀԺԱՄ կուսակցությունից պահանջելով 240 հազար դրամ: Պարզվում է՝ ՊՈԱԿ հոկտեմբերին դիմել է դատարան, սակայն անհասկանալի պատճառներով մեկ ամիս անց` դեկտեմբերի 23-ին, հրաժարվել է հայցից: Ավելին՝ ՊՈԱԿ-ը խնդրել է, որ դատարանը պետական տուրքը գանձի ՊՈԱԿ-ից: Հիշեցնենք, որ ՀԺԱՄ-ի նախագահը նախկին ԱԺՄ-ական Սեյրան Ավազյանն է, որն այժմ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է:
ԹՈՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հորեղբոր որդին` Արտակ Թորոսյանը, հայտնեց, որ իր պատճառով իր եղբայրն ու ընկերը հայտնվել են անհարմար վիճակում: Հիշեցենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորի հորեղբոր որդին՝ Արտակ Թորոսյանը, «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ից 3 հազար դոլար վարկ է վերցրել, սակայն հետագայում չի կարողացել մարել գումարը: «Շիրակ Թորոսյանը իմ վարկի հետ կապ չունի, նա ուղղակի իմ երաշխավորն է եղել, եւ այսօր իմ պատճառով հարազատ մարդկանց գույքը արգելանքի տակ է դրված: 3 հազար դոլարը մարել էի, մնացել էր ընդամենը 800 դոլար, եւ մինչ դատավճռի հրապարակումը ես վարկային կազմակերպությունում վճարեցի 260 հազար դրամ, բայց ինչպես նկատում եք՝ դատարանը էլի տոկոսները գումարած ինձանից պահանջում է 994.51 դոլար: Որքանո՞վ է դա արդարացի: Գնում եմ վարկային կազմակերպություն, ինձ ասում են, թե 1800 է դարձել Ձեր վարկը: Այսինքն՝ հիմնական մայր գումարին տոկոսներ են գումարել: Միթե չեն հասկանում, որ եթե մարդը չի կարողանում 800 դոլարը վճարել, ապա ոնց պիտի վճարի 1800 դոլարը»,- բացատրեց Արտակ Թորոսյանը:
ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ
«Երեւանի կենդանաբանական այգի» ՊՈԱԿ-ը փետրվարի 25-ին պայմանագիր է կնքել «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ, ըստ որի՝ կենդանաբանական այգին ձեռք կբերի արտաճանապարհային տրանսպորտային 2 միջոց՝ մեկ բեռնաուղեւորատար ավտոմեքենա` «ՈՒԱԶ» մակնիշի, եւ մեկ ավտոբուս: Մրցույթին մասնակցել է միայն «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ը եւ ինքն իրեն հաղթել: Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությունն այս պայմանագրով կվճարի 4 մլն դրամ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ծանոթ են Հայոց ցեղասպանության հարցում Ջեմ Օզդեմիրի հայացքներին եւ բարձր են գնահատում այդ ոճրագործությունը դատապարտելու եւ ճանաչելու՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված նրա կոչերը:
ՃՂՃԻՄ ՎԱՐՔԱԳԻԾ
Նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը համացանցի իր էջում կատարած գրառման մեջ տեղեկացրել է, որ ՀՀ իշխանությունները խոչընդոտել են Հացող ցեղասպանության հարյուրամյակի առիթով արտերկրում կազմակերպված մի լայնամասշտաբ միջոցառման ընթացքում իր ունենալիք ելույթին: Ըստ Օսկանյանի՝ այդ երկրում ՀՀ դեսպանատունը միջոցառման կազմակերպիչներին հայտնել է, որ իրենք դեմ են, որ Օսկանյանը ելույթ ունենա: «Համայնքի ներկայացուցիչները, փորձելով հակառակը համոզել դեսպանությանը, ի վերջո, չեն ցանկացել հակադրվել ու լարվածություն ստեղծել եւ ընդառաջել են նրանց պահանջին: Այստեղ հարցը բոլորովին իմ անձը չէ: Հարցը այս մտածողության եւ գործելաոճի սնանկությունն է: Ցեղասպանությունը, հատկապես՝ 100-րդ տարելիցի միջոցառումները, համազգային խնդիր է, եւ որեւէ իշխանության, անձի կամ անձանց խմբի սեփականությունը չէ: Ասեմ, որ սա բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի է: Ցավում եմ այս ճղճիմ վարքագծի համար: Հանդուրժողականության ինչպիսի՜ դրսեւորում»,- հեգնել է նախկին ԱԳ նախարարը:
ԿՀԱՄԱՏԵՂԻ
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան (նստավայրը` Բրյուսել):
ՏԵՂԱԿԱԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվողՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Քուվեյթի առեւտրի եւ արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը:Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է Քուվեյթի համար դառնալ ԵՏՄ շուկա դուրս գալու լավ հարթակ, եւ ընդգծել, որ ՀՀ Կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի՝ ծրագրերը լավագույնս իրականացնելու համար:
ԲԱ ՈՐ ՎՐԱՍՏԱՆԸ ՓԱԿԻ՞
Լարսի ռուս-վրացական անցակետում Հայաստանից ուղեւորվող բեռների համար կբացվի հատուկ «կանաչ ուղի», որպեսզի արագացված ընթացակարգով բեռնատարները ապրանքները արտահանեն Հայաստանից Ռուսաստան։ Մեկ ամսվա ընթացքում հայկական եւ ռուսական կողմերից մոնիտորինգներ կիրականացվեն, թե հայկական բեռներն ինչ արագությամբ են անցնում այդ մաքսակետը: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:
ՕԵԿ ՉԵՆ ԳՆԱ
Երեկ հրավիրած ասուլիսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, թե իր տեղեկություններով՝ մի քանի նախկին ԲՀԿ-ականներ դիմել են ՕԵԿ` նրանց միանալու համար: Armlur.am-ն այս կապակցությամբ զրուցել է նախկին ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանի եւ Արայիկ Աղաբաբյանի հետ: Նրանք երկուսն էլ հավաստիացրել են, որ ՕԵԿ-ականների հետ չեն հանդիպել, ինչպես նաեւ բացառել են ապագայում ՕԵԿ-ին անդամագրվելու հնարավորությունը: