«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել: Պատճառը դեռեւս 2014թ ՀԱԿ-ի եւ փաստաբանի միջեւ առաջացած 3 մլն ՀՀ դրամի խնդիրն է:
Հիշեցնենք, որ դեռեւս 2014թ. ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը բողոք էր ներկայացրել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ընդդեմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի:
Ի՞նչն էր ակտիվիստին դրդել գնալ այդ քայլին: Բանն այն, որ 2011թ. օգոստոսին Արտակ Կարապետյանը Կարապի լճի մոտ բախում էր ունեցել ոստիկանների հետ, իսկ, ահա, ավելի ուշ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ մյուսների հետ քրեական հետապնդման ենթարկվեց: Նրան մեղադրեցին խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ կալանավորեցին: Հետագայում վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց գրավով՝ 3 մլն դրամի չափով: Արդեն 2013թ. հոկտեմբերին Արտակը համաներմամբ ազատ արձակվեց:
Տեղեկացնենք, որ մինչ օրս Արտակ Կարապետյանին չի հաջողվել հետ ստանալ գրավի գումարը, որը նա պարտքով վերցրել էր հարազատներից եւ դատական գործընթացից հետո պետք է վերադարձներ: Արտակ Կարապետյանը հայտարարել էր, որ գումարը դուրս է գրել իր շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, որը նաեւ ՀՀՇ վարչության անդամ է. «Փետրվարի կեսերին, երբ վճիռն արդեն օրինական ուժի մեջ էր մտել, դիմեցի նրան՝ փողը ստանալու համար: Բայց նա մոտ մեկ ամիս ձգձգեց գումարը բանկից ստանալու գործը: Ինձ ասում էր, որ ինչ-որ փաստաթղթեր է պատրաստում, ինչ-որ պրոցես է սկսել, որ ես ստանամ իմ փողը: Հետո այլ ճանապարհով ճշտեցի, որ գումարը դուրս է գրված բանկից, եւ Վարդուհի Էլբակյանն ավելի քան մեկ ամիս առաջ ստացել է այն»: Իհարկե, Արտակ Կարապետյանը փորձել է պարզաբանումներ ստանալ Վարդուհի Էլբակյանից, բայց ի պատասխան՝ անհասկանալի պատճառաբանություն էր ստացել, թե ՀԱԿ-ն իրեն գումար էր պարտք, եւ այդ փողը նա վերցրել է պարտքի դիմաց եւ այլն:
Ավելին՝ Վարդուհի Էլբակյանն ասել է՝ ոչ թե ՀԱԿ-ն է 3 մլն դրամը որպես գրավ վճարել, այլ ինքը, իր անձնական գումարներից. «Դա ես վճարել եմ որպես Արտակ Կարապետյանի պաշտպան, վճարել եմ բանկում, իմ անձնագրով, անդորրագիրն էլ ինձ մոտ է: Ես էլ դատարանից ստացել եմ գումարը»:
ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ հայտարարել էր. «ՀԱԿ-ն այդ գումարը վճարել է Արտակ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու համար, հետո Արտակն այն վերադարձրել է մեզ: Վարդուհի Էլբակյանը ստում է, ինչը վայել չէ փաստաբանին»:
Ինչեւէ, այլ ելք չունենալով՝ ակտիվիստը դիմել էր փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել Վարդուհի Էլբակյանի դեմ: Սակայն փաստաբանների պալատը մերժել էր նրա բողոքը:
Եվ, ահա, 2014թ. ընթացքում հասունացած վեճը վերջին օրերին նոր ընթացք է ստացել: Իրավիճակից դուրս գալու համար ՀԱԿ-ն, ըստ էության, դիմել է իրավապահներին: Արդյունքում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել: Իսկ թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց, թե տեղյակ չէ՝ ինչ մեղադրանքի մասին է խոսքը: Երբ հիշեցրինք ՀԱԿ ակտիվիստի համար վճարված, ապա բանկից հանված 3 միլիոն դրամ գրավի մասին պատմությունը, փաստաբանը պատասխանեց. «Մեր միջեւ այդ հարցն արդեն հարթվելու եզրին է, մենք քննարկեցինք, ես իրենցից պահանջ չունեմ, իրենք էլ ինձնից արդեն պահանջ չունեն: Քննությունը ընթանում է, եւ կարծում եմ, որ այս հարցերը շուտով կկարգավորվեն: Այն ժամանակ ՀԱԿ-ի հետ տարաձայնություն կար, բայց այս պահի դրությամբ այդ տարաձայնությունները չկան»:
Փորձեցինք ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանի հետ, սակայն ապարդյուն: Իսկ, ահա, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե այս գործից տեղյակ չէ, ՀԱԿ կուսակցության քննարկումներից եւս, ուստի չի կարող որեւէ կոնկրետ բան ասել:
Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում փաստաբան Վարդուհի Էլբակյանին, դեռ վաղ է կանխատեսել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԸ ՀՈՒՅՍԸ ԿՏՐԵԼ Է
Փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցից անհայտ անձինք առեւանգել էին «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին: Նրա մտերիմներից մեկն ավելի վաղ հայտնել էր, թե ակտիվիստին առեւանգողները եղել են երեք հոգի` դիմակավորված, ավտոմատներով:
Իմանալու համար՝ ինչ հասցրեց պարզել վարույթն իրականացնող մարմինն այս մեկ ամսվա ընթացքում, Armlur.am-ը զրուցեց ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի հետ:
-Արտա՛կ, դեպքից 2 օր անց ԲՀԿ-ական մի քանի պատգամավոր եւ Ձեր կուսակիցներից մի քանի այլ անձինք բողոքի բուռն ակցիաներ արեցին եւ պահանջներով հանդես եկան: Պատգամավորներն, անգամ, ԱԺ նիստերը բոյկոտելու սպառնալիք հնչեցրին: Սակայն տեւական ժամանակ է` որեւէ պահանջով հանդես չեն գալիս ո՛չ պատգամավորները, ո՛չ ակտիվիստները: Ո՞րն է պատճառը, ի՞նչն է նրանց հե՞տ կանգնեցրել:
-Որեւէ բան նրանց հետ չի կանգնեցրել: Պահանջներն ուժի մեջ են, եւ դրանք նույն այն պահանջներն են, որոնք եղել են սկզբում: Պարզապես սկզբում իրավիճակն այլ էր: Այն ժամանակ թարմ հետքերով բացահայտելն ավելի հեշտ կլիներ, իսկ հիմա իրավապահ մարմինները քննություն են անցկացնում: Ինչ-որ բան կպարզվի, թե ոչ, արդեն չգիտենք:
-Այսինքն՝ այլեւս հույս չունե՞ք, որ կբացահայտվի Ձեր դեմ կատարված հանցագործությունը: Եվ այս պահի դրությամբ, վերջապես, ինչ-որ բան պարզվե՞լ է, արդյոք:
-Ոչինչ չի պարզվել: Հույսս մեծ հաշվով կտրել եմ: Արդեն լիարժեքորեն չեմ կարծում, որ ինչ-որ բան կբացահայտվի:
-Ձեր կուսակիցները եւ՞ս հուսահատվել են:
-Բնականաբար:
-Շրջանառվող լուրերը, թե տեղի ունեցածը ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի պատվերով է եղել, ո՛չ հերքվեցին, ո՛չ հաստատվեցին: Կարծիքներ կան, որ պարոն Մանուկյանն այդ քայլին է դիմել, այսպես ասած, նախանձից դրդված, քանի որ կազմակերպչական ինչ-ինչ հարցեր ԲՀԿ-ում նրա փոխարեն արդեն Դուք էիք լուծում: Ձեր կարծիքով՝ հավանակա՞ն է, արդյոք, այդ տարբերակ:
-Ձեր ասածների մեծ մասն ավելի շատ հորինվածքներ են ընդհանուր ֆոնի մեջ:
-Բայց չէ՞ որ քննչական գործողությունների ընթացքում Դուք որպես դեպքի վայր մատնանշել էիք այն տարածքը, որը պատկանում է Աբրահամ Մանուկյանին:
-Ես քննչական մարմիններին ասել եմ, որ դա այդ տարածքը չէ: Դեպքն իրականում ուրիշ տեղ է կատարվել:
-Այդ դեպքում ինչո՞ւ են քննչական գործողություններ իրականացվել «Տեցի կռուգ»-ում գտնվող նախկին «Հայկոոպի» բազայի տարածքում, որտեղ այժմ գործում է Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն: Գուցե վարույթն իրականացնող մարմինը եւ՞ս կասկածներ ունի, որ կատարվածը Ձեր կուսակցի «ձեռքի գործն է»:
-Հնարավոր է` իրավապահ մարմինները նման վարկածներ ունենան: Ես չեմ կարող ասել: Այդ հարցը, կարծում եմ, նրանց պետք է տալ: Կրկնում եմ` ես ասել եմ, որ դեպքը նշված տարածքում տեղի չի ունեցել:
-Իսկ Դուք զրուցե՞լ եք պարոն Մանուկյանի հետ այս թեմայի շուրջ:
-Չեմ խոսել: Այսինքն` խոսել եմ այնքանով, որքանով մյուսների հետ:
-Արտա՛կ, անդրադառնանք կուսակցությունում տիրող խմորումներին: Ձեր կուսակիցները մեկը մյուսի հետեւից լքում են ԲՀԿ-ն: Ձեր տված ասուլիսի ժամանակ հայտարարել էիք, որ միշտ մնալու եք Գագիկ Ծառուկյան անձի հետ: Ստեղծված իրավիճակում ո՞ր թեւին եք միանալու` մնացողների՞ թե՞ գնացողների:
-Եթե պայմանականորեն մնացողներ եւ գնացողներ տարանջատում անենք, ապա մնացողների: Ամեն դեպքում ես մնացողների կողքին եմ լինելու: Շարունակելու եմ մնալ կուսակցության շարքերում:
-Չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս առաջնորդ չէ՞:
-Չնայած այդ հանգամանքին:
Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
Գորիսի քրեակատարողական հիմնարկում պահվող հայր եւ որդի Արթուր եւ Մուշեղ Մանուչարյանները հացադուլ են հայտարարել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ վերադարձած Արմենակ Մանուչարյանը: Նրա խնդրանքը մեկն էր, որ իր հորը ստորագրությամբ գոնե ազատ արձակեն, քանի որ առողջական խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի:
Իսկ հիմա հանգամանքների մասին: Մեզ հետ զրույցում Արմենակ Մանուչարյանը պատմեց, որ կալանավորված Արթուրն իր հայրն է, իսկ Մուշեղը՝ եղբայրը: Նրա խոսքով՝ 2014թ. դեկտեմբերին իր հայրը` Արթուրը, իրենց բարեկամներից Հրահատ Մանուչարյանի եւ մեկ այլ տղայի հետ գնացել էր Գորիսի քրեակատարողական հիմնարկ՝ եղբորն այցելության. «Տեսակցությունից հետո հորս ոստիկանություն են հրավիրել եւ հայտնել, որ եղբորս` Մուշեղի մոտ թմրանյութ են հայտնաբերել: Ավելի ուշ հորս ասել են, թե որդուդ դու ես թմրանյութը տվել: Հայրս ոստիկանությունում ասել է, որ այն, ինչ փոխանցել է որդուն, հանձմունքի պատուհանից է փոխանցել, որտեղ ուտելիք է եղել, եւ ուրիշ ոչինչ: Սակայն ՔԿՀ-ի մի աշխատակից՝ Ռաիսիկը, ցուցմունք է տվել այն մասին, որ տեսակցության ժամանակ հայրս ձեռքը մեկնել է եղբորս ու երեւի այդ պահին էլ տվել է թմրանյութը»:
Ինչպես պարզեցինք մեր զրուցակցից՝ այս իրավիճակի արդյունքում իր հորը կալանավորել են. «Հորս ու եղբորս հետազոտության են ենթարկել, եւ ըստ արդյունքների՝ եղբորս մոտ ամեն ինչ մաքուր է եղել: Իսկ, ահա, հորս մոտ ցույց է տվել, թե նա թմրանյութ է օգտագործում: Մենք կրկին անգամ հետազոտություն ենք պահանջել, քանի որ չենք վստահում արդյունքներին: Հայրս նախկինում դատված է եղել, միգուցե դա հիմք են ընդունում ու ուզում են այս պատմության մեջ ներքաշեն: Բայց այս պատմության մեջ ամենազարմանալի այն է, որ հորս հետ եղբորս այցելության գնացած մեր հարազատներից Հրահատը խոստովանել է, որ ինքն է թմրանյութը գցել եղբորս գրպանը: Բայց անգամ Հրահատի խոստովանությունից հետո հորս ազատ չեն արձակում, գոնե ստորագրությամբ: Նա առողջական խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի: Ի վերջո, այս մարդը չի արել նման բան»:
Հարցին, թե ինչու էր Հրահատը թմրանյութ փոխանցել իր եղբորը, միգուցե եղբա՞յրն էր խնդրել, Արմենակը պատասխանեց. «Եղբայրս առողջական խնդիր ունի, եւ Հրահատը որոշել է, որ միգուցե թմրանյութը կարող էր օգնել եղբորս, որ ցավերը մեղմացնի: Ճիշտ հասկացեք՝ խնդիրը հայրս է, անմեղ մարդ է, 56 տարեկան, ինչո՞ւ են այսպես վարվում»:
Արմենակ Մանուչարյանը պատմեց, որ փետրվարի 3-ին իր հոր ապօրինի կալանավորման հարցով նամակ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն. «Ինձ դատախազությունից պարզաբանում էին ուղարկել, թե որոշ հարցերի պատասխանները ստանալուց հետո նոր կկարողանանք պատասխանել Ձեր նամակին»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ