ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ armlur.am-ի
Տեւական ժամանակ է, ինչ նաիրիտցիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ Կառավարությունից պահանջելով վճարել իրենց արդար քրտինքով վաստակած գումարները: Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ ակնկալելով հանդիպում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Նախարարը փոխնախարարի միջոցով հավաքվածներին տեղեկացրել էր, որ այսօր 5-6 հուգուց բաղկացած խմբի կընդունի: Նաիրիտցիները կրկին որոշել են նախարարի «առաջարկն» ընդունել ու հանդիպել նրա հետ՝ հուսալով, որ ինչ-որ լուծում կտրվի հարցին:
ՀԱՐՑ. Իմ հողատարածքում ունեմ ինքնակամ կառույց: Կխնդրեի պարզաբանել՝ ի՞նչ կարգով կարող եմ օրինականացնել ինքնակամ կառույցը:
Հայկ Արամյան (46 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս մարզպետների կողմից, Կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ Կառավարության 2006 թվականի հուլիսի 29-ի N 912-Ն որոշում, ՀՀ Կառավարության 2008 թվականի հուլիսի 1-ի N 731-Ն որոշում):
ՀՀ կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից այս տարվա սկզբից փորձ է արվում ուժեղացնել վերահսկողությունը, սակայն փաստը մնում է փաստ, որ ինքնակամ կառույցների թիվն այնքան շատ է, որ համապատասխան կառույցները չեն էլ հասցնում արձանագրել: Օրինակ` փետրվարի 20-ից մինչեւ 24-ը գրանցվել է ապօրինի շինության 6 դեպք, իսկ նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել:
ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ՝ ինչպիսի՞ պահանջ կարող է ներկայացվել Վրաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն որպես 3-րդ երկիր բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
Արամ Հարությունյան (39 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բեռնափոխադրման համար կպահանջվի ՌԴ-ի 3-րդ երկրի թույլտվություն, քանի որ Վրաստանը մաքսային միության անդամ երկիր չէ:
ՀՀ փոխադրողին կտրամադրվի ՌԴ-ի 3-րդ երկրի թույլտվություն, իսկ մաքսային միության անդամ երկրների միջեւ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց թույլտվության:
«ԱՔԻԼԼԵՍ» վարորդների իրավունքների պաշտպանության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը հայտնվեց ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական փակուղում, ինչի արդյունքում տուժում են հասարակ քաղաքացիները: Իշխանությունները, ինչպես միշտ, միայն իրենց աթոռը պահելու մասին են մտածում, իսկ թե ինչ կլինի Հայաստանի տնտեսության եւ երկրի ապագայի հետ, նրանց այնքան էլ չի մտահոգում: