70-ից ավելի ոչ պետական բուհերից գործում են ընդամենը 34-ը. ԿԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ԱՊՀ-ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ” երկօրյա միջազգային խորհրդաժողովի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՊՀ անդամ երկրների, մասնավորապես, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից ժամանած բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների հետ: 
Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել “ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ” միջազգային կոնսորցիումին` Հայաստանին վերջինիս աշխատանքներում ներգրավելու համար` նշելով, որ այն լայն հնարավորություն է ընձեռում մեր երկրին` ծանոթանալու ԱՊՀ կրթական տարածքի առանձնահատկություններին և հնարավորություններին: 
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԱՊՀ անդամ երկրներում, այդ թվում Հայաստանում, վերջին տարիներին ընթանում են կրթական լայնածավալ բարեփոխումներ, որոնց լիարժեք իրականացմանը, ըստ նախարարի, խանգարել է Համաշխարհային տնտեսական ճգնաժամը. արձանագրվել են պետական ֆինանսավորման ծավալների նվազում և համապատասխան ներդրումների սահմանափակում: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը, մասնավորապես, անդրադարձել է բուհերի ֆինանսավորման մեխանիզմների և ինքնավարության խնդիրներին` նշելով, որ Հայաստանում այս տարի առաջին անգամ անցկացվում է փորձնական ծրագիր, այն է`ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի պետական ագրարային համալսարանին տրվել է հիմնադրամի կարգավիճակ, որն էլ իր հերթին կմեծացնի բուհի ինքնավարության և ֆինանսական ազատությունները: 
Նախարարն անդրադարձել է նաև Բոլոնիայի գործընթացի` առաջիկա երեք տարիներին Հայաստանի նախագահության խնդիրներին` նշելով, որ Հայաստանն առաջին երկիրն է ԱՊՀ տարածքում, որը ստանձնել է այդ պատասխանատու առաքելությունը` ընդգծելով, որ այն մեծ խթան կհանդիասնա մեր երկրում կրթական բարեփոխումների, ակադեմիական մտքի և կրթության որակի տեսանկյունից: 
ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև, որ վերջին երեք տարիներին Հայաստանում անզիջում պայքար է ընթանում կրթության որակի հսկողության համար. ըստ այդմ` գործող 70-ից ավելի ոչ պետական բուհերից այսօր գործում են ընդամենը 34-ը, և գործընթացը, ըստ Արմեն Աշոտյանի, շարունակվելու է` բուհերի խոշորացման և մրցունակության տեսանկյունից; Այս համատեքստում նախարարը ընդգծել է, որ նշված գործընթացում չի տուժել և ոչ մի ուսանող. վերջիններս հնարավորություն են ստացել իրենց կրթությունը շարունակել այլ բուհերում: 
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ուսանողների իրավունքներին` նշելով, որ վերջիններս ներգրավված են բուհերի կառավարման. գիտական խորդհուրդների, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմում:
Հանդիպման ավարտին մասնակիցները հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են բուհերի ինքնավարության, ֆինանսավորման մեխանիզմների և աղբյուրների, ինչպես նաև բուհական ընդունելության քննություններին:




Լրահոս