Եվրանեսթը մեկնարկեց. ադրբեջանական պատվիրակությունը ներկա չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի և քաղաքացիական հասարակության համատեղ նիստը: Բացման խոսքով հանդես եկավ Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, ով ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց կազմակերպչական աշխատանքների համար:

Նիստը համակարգում  է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Արևելյան գործընկերության ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին հանդես եկավ ելույթով և  արժևորեց հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Նա ցավով արձանագրեց, որ ադրբեջանական պատվիրակությունն այստեղ չէ:

«Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ», – նշեց նա և հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ այս երկրներում քաղբանտարկյալներ չեն լինի, ու քաղաքացիական ակտիվիստների վիճակն էլ Հայաստանում կբարելավվի:

Ելույթով հանդես եկավ նաև Ուկրաինայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իրինա Սուշկոն, ով նշեց, որ քաղաքացիական հասարակությունը շատ դեպքերում առաջ է անցնում քաղաքականությունից: Իր ելույթում Ուկրաինայի ներկայացուցիչը շեշտեց, որ բոլոր հետխորհրդային արհմիությունները վերածվել են օլիգարխիկ միավորումների, և այս պայմաններում դժբախտաբար ստեղծվում է մի վիճակ, որը կարող է վնաս հասցնել ԵՄ իմիջին:

Նշենք, որ մարտի 16-18-ը Երևանում ընթանալու են Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի աշխատանքները:




Լրահոս