Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը հաստատել է մարտի 20-ին Աստանայում կայանալիք Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների՝ Նուրսուլթան Նազարբաևի, Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման մասին լուրերը:
«Հանդիպումը կկայանա Աստանայում մարտի 20-ին: Այսօրվա դրությամբ ռուսական ու բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»,- լրագրողներին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Դաուրեն Աբաևը: Նրա խոսքերով՝ հանդիպման տեղափոխման պատճառը «երեք երկրների ղեկավարների խիտ գրաֆիկն է»:
Կրեմլի մամլո ծառայությունից «Ինտերֆաքսին» հաստատել են սույն տեղեկությունը:
Ի սկզբանե երեք երկրների նախագահների հանդիպումը նախատեսված է եղել մարտի 13-ին, սակայն չեղյալ է հայտարարվել, ինչը պատրվակ է դարձել Վլադիմիր Պուտինի վատ ինքնազգացողության մասին լուրերի տարածմանը: ՌԴ նախագահի մամլո քարտուղարը հերքել է սույն ենթադրությունները: