ՊԵՏՔ Է ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր ժամանակներում էլ Հայաստանում արտագաղթ եղել է:
-Պարոն Հակոբյան, ժամանակին Դուք ԱԺշ օրակարգ էիք ուզում մտցնել «Բազմակնության մասին» օրենք, որն ըստ Ձեզ, պետք է Հայաստանում ծնելիության աճը խթաներ: Հիմա, երբ Հայաստանում կրկին ծնելիությունը նվազել է, հնարավո՞ր է կրկին այդ նախագծով հանդես գաք:
-Իսկ Ձեզ ո՞վ է ասել, որ նման նախագիծ է եղել, նման բան չկա:
-Նման նախագիծ դեռեւս 2005-ին էիք ներկայացրել. բազմաթիվ հարցազրույցներ եք տվել այդ թեմայով, որոնք մամուլի արխիվում առկա են:
-Դա թյուրիմացություն է, նման բան չկա, նման նախագիծ չի եղել:
-Լավ, իսկ որպես սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ի՞նչ դեղամիջոց կառաջարկեք ծնելիության թիվն ավելացնելու համար:
-Պետք է հայ կանայք շատ երեխա բերեն:
-Չե՞ք կարծում, որ ծնելիության անկման պատճառը սոցիալական ծայրահեղ ծանր վիճակն է, ինչի պատճառով էլ մարդիկ խուսափում են  մի քանի երեխա ունենալուց:
-Մինչեւ 60-ական թվականները ծնելիությունը եղել է մեկ կնոջից միջինը 5-6 երեխա՝ գյուղերում, 4-5 երեխա՝ քաղաքում: Մինչեւ 80-ական թվականները իջել է մակարդակը. մեկ կնոջից գյուղերում 4-6 երեխա, քաղաքում՝ 3-4 երեխա: Հիմա՝ մեկ կնոջից 1,5 երեխայի շրջանակներում է: Եթե Դուք նայեք կենսամակարդակը՝ մինչեւ 60 թվականը մեր ժողովուրդը ուտելու հաց չուներ, բայց բերում էր 6 երեխա, հետեւաբար կենսամակարդակը ծնելիության հետ ուղղիղ կապ չունի: Եւ, ընդհանրապես, աշխարհում փաստագրված կարգ կա, որ ընդհակառակը, սոցիալապես ապահով ընտանիքներն ավելի քիչ երեխա են ունենում, քան անապահով ընտանիքները:
-Այդ դեպքում ովքե՞ր են մեղավորները, որ օր-օրի աճում է արտագաղթողների թիվը, նվազում ծնելիությունը, իսկ մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի է վատանում:
-Ուրեմն մեղքը պետք է բաժանել երկու մասի, ովքե՞ր են մեղավոր:
-Դուք չգիտե՞ք, թե ովքեր են մեղավորները, այն մարդիկ ովքեր երկիրն են ղեկավարում:
-Ես էլ կասեմ, որ՝ ոչ, այդպես չի, որովհետեւ արտագաղթի պատճառը հստակ չկա: Ոչ մի պետական մարմնի կողմից ուսումնասիրություն արված չէ… իսկ արտագաղթը ՀՀ-ում միշտ եղել է:
-ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի չդատարկվի երկիրը:
-Արտագնա աշխատանքն ու արտագաղթը՝ որպես երեւույթ, ՀՀ-ում միշտ եղել են: Եթե այսօր Մոսկվայում պաշտոնապես բնակվում են 1.4 միլիոն հայ քաղաքացիներ, ապա իրենք չէին կարող գնալ վերջին տասնամյակում կամ վերջին քսանամյակում: Այսինքն, ՀՀ-ում նույնիսկ ամենալավ ժամանակները՝ օրինակ խորհրդային տարիներին, բոլորը երազում էին լինել մոսկվաբնակ եւ այդ երազանքը բերում էր ուղղակի արտագաղթի: Եթե նախկինում մարդիկ գնում էին առանց ընտանիքի եւ վերադառնում էին, հիմա մարդիկ գնում են ընտանիքներով ու չեն վերադառնում: Միանշանակ ասել, որ արտագաղթի պատճառը իշխանությունների վերաբերմունքն է, սխալ է:
Այսօր կա կուսակցության ծրագիր, կա գործող կառավարության ծրագիր, որտեղ նախատեսվում է ստեղծել 100 հազար աշխատատեղ:
-Չե՞ք կարծում, որ ՀՀ կառավարության այս ծրագիրն էլ՝ նախորդի նման, կմնա թղթի վրա, քանի որ անիրագործելի են այնտեղ նախանշված ցուցանիշները: Անգամ 7 տոկոս տնտեսական աճ են խոստացել:
-2012 թվականի ծրագրով 4.2 տոկոս աճ պետք է լինի: Ասեմ, որ մինչեւ հիմա վիճվարչության տվյալներով մի բան էլ ավել է աճը. կգա տարվա վերջը՝ կնայենք: Տնտեսական աճի հարցում մենք գոնե հիմա պրոբլեմ չունենք, եթե խոսքը թվային լեզվի մասին է:
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այսուհետ աշխատելու են օրենքով: Իսկ մինչ այդ օրենքով չէի՞ք աշխատում:
-Ուրեմն՝ օրենքը դա նորմ է, որը պարտադիր է հասարակության բոլոր անդամների համար: Ցավոք հայի կերպարը ցանկանում է շեղվել օրենքի գործողությունից, մենք միշտ էլ աշխատել ենք  ու կաշխատենք օրենքներով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս