Armlur.am-ի տեղեկություններով, երեկ ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ստուգվել է հերթապահ մասի աշխատասենյակը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այնտեղ հայտնաբերվել է սպիրտով լի տարա: Նշենք, որ օրվա հերթապահ մասի պատասխանատուն եղել է Սմբատ Հակոբյանը, նրա օգնականը` Աշոտ Մալարյանը:
Մեր ունեցած տեղեկությունը հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, ում փոխանցմամբ` երեկ` ժամը 15:30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները` Քրեակատարողական վարչության աշխատակիցները ստուգման են ենթարկել հերթապահ մասի աշխատասենյակը: Այնտեղ հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամանոց պլաստմասե տարա, որում եղել է սպիրտի հոտով հեղուկ: Հիմնարկի պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Առգրավվածն ուղարկվել է փորձաննության:
Արդյոք ՔԿՀ աշխատակցի սենյակում հայտնաբերված սպիրտը անձնական օգտագործման համար էր, թե դատապարտյալներին «մատակարարելու», կպարզի քննությունը: Սակայն ավելորդ չենք համարում հիշեցնել, որ օրվա հերթապահ-պատասխանատու, արդարադատության մայոր Սմբատ Հակոբյանը համարվում է Սեդրակ Զատիկյանի սպանության համար ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի մերձավորներից:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդին է, իսկ նրա սպանության մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր՝ «Մալաթիայի շուկայի» տնօրեն Սիմոն Հակոբյանի որդին է:
Նախորդ տարի «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատությունից հետո դատապարտյալ Ստեփան Հակոբյանը բուժում էր ստանում: Սմբատ Հակոբյանը որոշել էր «լավություն անել»: ՔԿՀ աշխատակիցն իր օգնական Աշոտ Մալարյանի հետ միասին թույլատրել էր ապօրինի տեսակցություններ բժշկական կենտրոն և այնտեղ աղջիկներ էր մատակարարել դատապարտյալին: Արդարադատության նախարարության վերահսկիչ ծառայության բաժնի կողմից ստուգումներ իրականացնելու արդյունքում կատարվածը բացահայտվել էր, և Սմբատ Հակոբյանը կարգապահական տույժի էր ենթարկվել: Մնում է սպասել և տեսնել, թե բազմիցս կարգապահական տույժերի ենթարկված ՔԿՀ աշխատակցին այսքանից հետո ինչ ճակատագիր է սպասվում: