Այսօր` մարտի 16-ին, Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեցին Ոստիկանության հասարակայնութան հետ կապի և լրատվության վարչությունից:
Խորհրդակցության թեմաները եղել են Ճանապարհային ոստիկանության աշխատանքի որակի բարձրացումը, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման և մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումների կատարելագործումը և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող կազմակերպչական հարցերը: Մեր տեղեկություններով` Ոստիկանապետը խիստ գնահատականների է արժանացրել կառույցի աշխատանքը: Հարկ է նկատել, որ Ոստիկանությունում անցկացվող բոլոր խորհրդակցություններից, հանդիպումներից հետո լրատվական վարչությունը հրապարակում է տեսանյութ, բայց այս անգամ տեսանյութը բացակայում է: Դա վկայում է այն մասին, խորհրդակցությունը ոստիկանության աշխատակիցների համար անցել է ոչ ցանկալի մթնոլորտում:
Վլադիմիր Գասպարյանի կողմից ստորագրվել են նաև մի շարք հրամաններ: Մասնավորապես` Վ. Գասպարյանի հրամանով Պողոս Մարգարյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Պ. Մարգարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման քննական բաժնի պետ:
Մեկ այլ հրամանով Արամ Գալստյանն ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և նշանակվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Սարգսյանը ազատվել է ՃՈ Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ՃՈ Արմավիրի քննական բաժանմունքի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Միքայել Աֆյանը նշանակվել է ՃՈ Աբովյանի քննական հաշվառման բաժանմունքի պետ: