ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
«Սույն թվականի ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանությունը ցնցեց հանրապետությունը եւ ողջ սփյուռքը»,-Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում գրել են Կարենի ծնողները: Տուժողը՝ 26-ամյա Կարեն Եսայանն էր, որը լինելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող քաղաքացի, սույն թվականի մարտի 23-ին եկել էր հայրենիք՝ նշանադրվելու: Կարենը պատրաստվում էր նշանվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ: Նշանադրության օրը՝ ապրիլի 12-ին ոճրագործի ձեռքը խափանեց սպասված երջանկությունը: Սպանության գործով ձերբակալվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Ս. Սարգսյանի որդին՝ Հարություն Սարգսյանը: Սպանության գործը հանձնվել Է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Հարուցվել է քրեական գործ: Արդեն հինգ ամիս է անցել, բայց գործը չի բացահայտվել: Մինչ օրս հայտնի չէ սպանության պատճառը, չեն բացահայտվել սպանությանը մասնակից մյուս հանցագործները:
ԿԱՍԿԱԾ ՉՈՒՆԻ
«Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական եւ իրավական առումներով նողկալի է»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: «Երկու կարծիք լինել չի կարող նաեւ այն հարցում, որ թերացել են, վրիպել են Հայաստանի ԱԳՆ-ն եւ անվտանգության ծառայությունները: Արդեն փաստ է, որ այս ամենի մասին գիտեին բոլորը՝ էքստրադիցիայից երկու շաբաթ առաջ: Բայց այս ամենը կարծես մատնվել է անտարբերության:
ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է
«Արմավիա, ավիաընկերությունը այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է իրականացվող չվերթները դեպի Հալեպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նրա խոսքով` նման որոշում է կայացվել` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները եւ սիրիական կողմի հետ օդային կապը: Ն.Ավետիսովայի փոխանցմամբ` այս կերպ առաջին հերթին ապահովվում է ուղեւորների անվտանգությունը:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդի Արման Բադալյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Օգոստոսի 31-ին Ա. Բադալյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել եւ լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի առաջին մասով»,- նշեց նա: Մամուլի քարտուղարի խոսքով` նրա բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է կանաչավուն զանգված եւ ապացուցվել, որ դա մարիխունա տեսակի թմրամիջոց է` ուստի այս մասով եւս նրան մեղադրանք է առաջադրվել:
ԶՈՀՎԵԼ Է
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետեւանքով մի հայուհի է զոհվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` վկայակոչելով Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տվյալները: Զոհվածի ինքնությունը պարզվել է, նա Լուսաբեր Յակուբյանն է: Եւս երեք հայեր վիրավորվել են։ Նշենք, որ Սիրիայում մեկուկես տարուց ավելի ձգվող մարտական գործողությունների ընթացքում արդեն 15-ից ավելի հայեր են մահացել:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Սեպտեմբերի 5-ին ժամը 12:00-ին ՀՀ ԱԺ-ն գումարում է արտահերթ նստաշրջան՝ քննարկելու Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների քայլերը, որոնք հակասում են միջազգային կոնվենցիաներին: Հայրենի խորհրդարանը կընդունի դատապարտող հայտարարություն: